Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է

Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 32 տարի:

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8-7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնաց անտուն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է 10 փաստ, որոնք կապված են այդ ողբերգության հետ.

• Ոչ մի երեխա երկրաշարժից հետո չի մնացել մանկատանը` յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբացած երեխաներին:

• Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի 40 տոկոսը:

• Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, 12-բալանոց սանդղակով գնահատվող ուժը կազմել է 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ:

• Երկրաշարժից առաջացած ալիքը պտտվել է ամբողջ երկրագնդով, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում: Ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ գրանցվել են ցնցումներ: Տեղական իշխանությունները դրան որևէ նշանակություն չեն տվել, քանի որ, հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, դա հազվադեպ երևույթ չէր:

• Հազարավոր հայեր, որոնց բարեկամներն ապրում էին ոչ միայն Սպիտակում, այլ նաև հարակից քաղաքներում, մեկնել են օգնության: Տեխնիկայի և գործիքների բացակայության պայմաններում մարդիկ փլատակները քանդում էին ձեռքով` աշխատելով օր ու գիշեր:

• 1988 թվականի ձմեռը Հայաստանում չափազանց սառն էր: Եվ նույնիսկ նրանք, ում հաջողվեց ողջ մնալ երկրաշարժից հետո, հայտնվեց կենաց և մահու շեմին` 35 աստիճան ցրտի հասնող սառնամանիքների պայմաններում:

• Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը` Հայաստանի համար» հիմնադրամ` պատմական հայրենիքի համար դրամահավաք կազմակերպելու նպատակով:

• Ամբողջ աշխարհը մի բռունցք դարձավ Հայաստանին օգնելու համար: Ողջ աշխարհից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր:

• Հայաստանում կործանվեցին փրկարարներով և մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել էին երկրաշարժի առաջին օրերին:

• Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի պատռվածքի գոտում արտազատվել է 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբին հավասար տասն ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա: