«Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ». Եռաբլուրում սպասում են Նիկոլ Փաշինյանին

Եռաբլուր զինվորական պանթեոնում այս պահին հավաքված են մեծ թվով հասարակական, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, քաղաքացիներ։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հիշատակի երթի մասնակիցներին` թույլ չտալու, որ նրանք մտնեն Եռաբլուր։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր։ Նրանք, ովքեր կմասնակցեն Փաշինյանի երթին, իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու նրա կառավարության բոլոր արածների ողջ պատասխանատվությունը»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, իշխանությւնը բոլոր վարչական ռեսուրսները կիրառել է երթին մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու համար։ Ըստ Շահնազարյանի` ոստիկանությունն անգամ պարտադրել է մասնակցել իրավապահ մարմիններում հաշվառված հանցագործ, թմրամոլ ու այլ տարրերին։

«Փաշինյանը վերջին ռեսուրսներն է նետում` փորձելով ցույց տալու համար, թե իբր աջակցություն ունի»,– ասաց Շահնազարյանը։

ՀՀ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար Պավլիկ Մանուկյանն էլ շեշտեց, որ քանի դեռ դավաճանությունը պետական մակարդակով է արվում, հանրությունը դրա դեմ անզոր է։

«Ապրիլյանի զոհերն ինչպես եղան, քննվե՞ց, բացահայտվե՞ց։ Դավաճանն եկավ տղերքի շիրիմների վրա ծաղիկ դրեց։ Դավաճանությունը պետական համակարգում ժառանգական է` Լևոնից մինչև այս փրչոտ լակոտը»,– ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ սգո արարողությունը տոնակատարություն չէ, ու Փաշինյանն իրավունք չունի Եռաբլուր գալու։

«Ամբողջ հայ ազգի համար սա արծիվների ոստան է, ու շնագայլերն այստեղ մտնելու իրավունք չունեն»,– ասաց նա։

Պատերազմում զոհված զինվորներից մեկի քույրը, որը ևս եկել է խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքն իր եղբոր շիրիմի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհերի արյունը նաև նրա ձեռքերին է։

«Ես Քարվաճառից եմ ու հիմա կորցրել եմ նաև իմ հայրենիքը։ Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ։ Ավելացրեց Եռաբլուրի տարածքը` փոքրացնելով մեր հայրենիքի տարածքները»,– ասաց նա։

Զոհվածի քույրը լրագրողներին հայտնեց, որ մտադիր են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով խնդրելու, որ չմտնի ներս, չպղծի իրենց զոհերի հիշատակը։

«Նա` որպես գերագույն գլխավոր հրամանատար, ունի իր մեղքի բաժինը, ու չպիտի լինի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, ու կապիտուլյացիա ստորագրած սուբյեկտը չպիտի մտնի այստեղ»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։