Ռազմական գործողությունների վայրերից նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1039 աճյուն

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:

«ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: