«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ

ՀՀ նախագահը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Հիշեք ձեր ընտանիքը, ծառայեք հայրենիքին և աջակցեք իրար. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ և նման կոչով դիմել զինվորներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը Սյունիքի մարզ է մեկնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, եղել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում, ծանոթացել սահմանային բնագծին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ձեր պարտականությունները լավագույնս եք կատարում: Իրար կողքի եղեք, իրար լավ նայեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար և հետևեք ձեր առողջությանը»,–ասել է նախագահը։

Նա նաև զրուցել է հրամանատարի հետ, վերջինս շատ բարձր կարծիք է հայտնել զինվորների մասին։ Սարգսյանն այդ գովեստի խոսքերն ընդունել է որպես գնահատական։

«Վստահ եղեք, որ մենք բոլորս մտածում ենք ձեր մասին, տղաներ։ Պինդ եղեք»,–ասել է նախագահը։

Սարգսյանը գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգևատրել է անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշել է, որ մի քանի անգամ եղել է այս հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։