Ո՞Վ Է ԱՅԴՏԵՂ ԲԱՐԲԱՋՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ» ՄԱՍԻՆ

Ոմանց՝ ամեն ինչ ու միանգամից, իսկ թոշակառուներին՝ «փուլ առ փուլ» 2-3 հազար դրամ

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի կառավարության նիստում առանց որևէ քննարկման հավանություն տրվեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից բավական հակիրճ ներկայացված գալիք տարվա պետբյուջեի նախագծին: ՔՊ-ական պատգամավորներին վերևից հրահանգ է տրված մի լավ ուսումնասիրել երկրի գլխավոր ֆինանսական օրենքը, որպեսզի պետբյուջե-2022-ի նախագծի վերաբերյալ առաջիկա խորհրդարանական լսումների ժամանակ հնարավորինս գունեղ ներկայացնեն, թե ինչպես է կառավարությունն այսչափ ծանր պայմաններում հոգ տանում բնակչության սոցիալական բարեկեցության մասին…

Բայց ողջ աբսուրդն այն է, որ բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում ընդհանրապես նախատեսված չէ. և դա երկրում մոլեգնող գնաճի պայմաններում։ Նույնիսկ ակնարկ չկա աշխատավարձերի ինդեքսավորման մասին, որպեսզի չեզոքացվի գների աճի աղետալի ազդեցությունը։

Պետբյուջեի նախագծում անհնար է գտնել նաև ավելի քան 460 հազար թոշակառուների ճակատագրի մասին հարցի պատասխանը։ Ճիշտ է, 26,5 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ ստացող մոտ 15 հազար մարդու համար կառավարությունը միջոցներ գտել է։ Եվ 2022-ի հունվարի 1-ից թոշակառուների այդ սակավաթիվ խումբը կուրախանա իշխանությունների անխոնջ հոգածության շնորհիվ իր դրամապանակում հայտնված լրացուցիչ... 2 հազար 100 դրամով, որոնք, ճիշտ է, արդեն վաղուց ու վաղօրոք խժռել է գնաճը։

Հանգստի անցած մարդկանց հսկայական բանակը, որոնց մեծամասնությունը ստանում է 40 հազար դրամից ոչ բարձր թոշակ, ստիպված կլինի հաջորդ տարի էլ բավարարվել նույն գումարով։ Նույնիսկ «հեղափոխական» իշխանությունների կողմից երբեմնի խոստացված կենսաթոշակների ինդեքսավորում (գնաճի նկատմամբ), ինչպես դա պարբերաբար արվում է, օրինակ, Ռուսաստանում, պետբյուջեի նախագծում նախատեսված չէ։ Փաշինյանի կառավարությունը իշխանության ղեկին անցկացրած ավելի քան 3 տարվա ընթացքում միայն մեկ անգամ է հիշել կենսաթոշակառուների մասին՝ բարձրացնելով թոշակները «ամբողջ» 3 հազար դրամով։

Մինչդեռ սննդի, հագուստի և վառելիքի մատչելիությունը երկրում նվազում է աղետալի, երկնիշ տեմպերով։ Այսօր կենսաթոշակների չափը չի հասնում նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին և, համապատասխանաբար, սրընթաց տեմպերով աճում է մեկ այլ բանակ. աղքատների ու ընչազուրկների։ Աճում է նաև անդունդը, տարբերությունը բնակչության ունևոր և կարիքավոր խավերի եկամուտների միջև, ինչը ոչ մի կերպ չի նպաստում հասարակության համախմբմանը և նրա տարբեր խավերի հաշտեցմանը։

Սեպտեմբերին տարեկան գնաճն արդեն հասել էր կրիտիկական 9%-ի։ Ընդ որում առաջին անհրաժեշտության գրեթե ողջ սննդամթերքը մեկ տարում թանկացել է միջինը 15,4%-ով. օրինակ, բանջարեղենի գինը անցած տարվա համեմատ աճել է ամբողջ 64,5%-ով: Կարագը, միսը, ձուկը, շաքարը, ձուն, պանիրը և նույնիսկ 9,8%-ով թանկացած սովորական հացն աստիճանաբար անհետանում են տարեցների սննդակարգից։ Եվ այդ ամենից հետո իշխանությունը ցինիկորեն ու լկտիաբար համարձակվում է խոսել պետբյուջեի սոցիալական ուղղվածության մասին։

Այն հարցին, թե ինչու են երկրում թոշակները, եթե անգամ բարձրացնում, ապա անում են դա այդչափ աննշան տեմպերով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, դեմքին խորամիտ արտահայտություն տալով, պատասխանում է ծրագրերի և ապագա ակնկալիքների վկայակոչումով. իբր՝ թոշակները կառավարության ծրագրի 5-ամյա կտրվածքով կբարձրացվեն փուլ առ փուլ։ Եվ ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ այդ փուլայնությունը ոչ մի անգամ չանդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերի ու այլ եկամուտների վրա, որոնք ավելացվում են միանգամից հարյուրական հազար դրամով։ Նրանք չե՞ն կարող համբերել, ինչ է։ Իսկ թոշակառուն, որի համար, նկատի առնելով տարիքը, ամեն տարին, այսպես ասած՝ հաշվի մեջ է, ստացվում է, կարող է և սպասե՞լ…