Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԼԱՑԴԱՐՄՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔԸ ԵՎ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սյունիքով միջանցքը ադրբեջանցիների համար այնքան էլ էական չէ, այս պահին նրանց առաջնային խնդիրը Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելն է։ Նրանք հիմքեր են դնում, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում, Վայքում: Այս պահին պլացդարմներ են ստեղծում Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար, այսինքն՝ ստեղծում են տեղեր, որտեղ կարող են ամրանալ և հաջորդ քայլն անել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի՝ այժմ ադրբեջանցիները ֆիզիկական հնարավորություն ունեն Սյունիքը մի քանի տեղից կտրելու համար՝ ոչ միայն Սիսիանի հատվածից, այլ նաև Գորիսի վերևից, որտեղ հայտնվել են։

«Թշնամին այդ հատվածից օպերատիվ գործելու և Գորիսով անցնող ճանապարհը կտրելու հնարավորություն է ստացել: Վերջին իրադարձությունների ընթացքում նրանք դեպի Հայաստանի ամենանեղ հատված՝ Սիսիանի խաչմերուկ մտնելու համար պլացդարմ ստեղծեցին։ Նույնիսկ պարտադիր չէ մինչև Նախիջևան հասնել եթե այդ խաչմերուկը կտրեն, արդեն բավական է, որ Սյունիքը և Արցախը մնան օդում, կտրվեն Հայաստանից: Բայց սրանք միակ տեղերը չեն, նրանք կարող են Տիգրանաշենի հատվածում էլ ինչ-որ ձևով կտրել: Մեծ հաշվով՝ նրանց համար այս պահին կարևոր է դատարկել Սյունիքը, Արցախը՝ կտրելով Հայաստանից: Հաշվի առնենք, որ միայն անցակետ դնելով՝ 6 գյուղ կտրեցին Սյունիքի ներսում, մարդիկ արդեն խիստ մտահոգ են։ Որքան էլ իշխանական թեկնածուները գնան, հեքիաթներ պատմեն, բայց մարդիկ հասկանում են իրենց իրավիճակը», - ասել է նա:

Փորձագետը նաև ահազանգել է՝ եթե Ջերմուկի կամ Տիգրանաշենի հատվածից էլ հակառակորդը մխրճվի, ապա Վայոց ձորը ևս վտանգվում է.

«Ի՞նչն է նրանց հետ պահելու այդ մտքից, եթե շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում բանակն ուժեղացնելու համար, ընդհակառակը՝ իրենց կադրային խաղերով թուլացրել են բանակը, քաոս են առաջացրել: Այստեղ բարոյահոգեբանական պահ էլ կա՝ կապիտուլյացիա ստորագրած, թշնամու առաջ խոնարհված մարդը չի կարող զորքին հրաման տալ։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դա չհասկանալու է տալիս և շարունակում է կառչել աթոռից: Օրինակ՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն բավականին ուժեղացվել են վերջին շրջանում, իսկ բանակի հետ կապված միայն բացասական միտումներ եմ տեսնում՝ կրճատում, թուլացում և ապամոնտաժում», - ասել է Կարեն Վրթանեսյանը:

Նրա կարծիքով՝ Սյունիքում ադրբեջանցիների ագրեսիան կանխատեսելի էր, քանի որ նրանք վստահ են եղել, որ դիմադրության չեն հանդիպելու: Հայաստանի իշխանություններից ազդակներ ստանալով, որ դիմադրություն չի լինելու, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է խեղդել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի կոմունիկացիաները։

Aysor.am