Ստեփանակերտ. Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի կողմից ծրագրված գործողությունների արդյունք են

Այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, բնականաբար, եւ՛ ներքաղաքական, եւ՛ մեծ հաշվով աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Իհարկե, չի կարելի ամբողջությամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, սոցիալական նշանակության տարբեր նախադրյալները։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը կատալիզատորն ու հիմնական նպատակն էին։ Առանձնահատուկ դեր խաղացին պանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնահատուկ նշանակություն ունի պանթուրքիստական ​​գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնհայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար հեշտ էր աշխատել այնտեղ, երկիրը շատ ավելի բաց է, քան տարածաշրջանի մյուս պետությունները, երկիրն իր կազմով բազմազգ է, կան բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելին, Ռուսաստանի հետ գործնականում չկա հսկվող սահման, այսինքն՝ կա Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարավորություն, ինչը նույնպես պանթուրքիստական ​​շրջանակների հիմնական նպատակներից է։

Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում հիստերիկ վերաբերմունքը։ Ճիշտ է, այնտեղ դրսեւորվեց «կամուֆլյաժային» մոտեցում իշխանությունները կարծես կողմնակից են չեզոքությանը, բայց իշխանության իրական կարծիքն արտահայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք ֆինանսավորվում են կառավարության կողմից, ունեն աշխարհքաղաքական հավակնություններ եւ նպատակներ, եւ դրա հետ մեկտեղ  մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղված ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հենց պանթուրքիզմի առումով։

News.am