Վրաստան-Ռուսաստան ճանապարհը բեռնատարների համար փակ է ձյան և մերկասառույցի պատճառով

«Վերին Լարսի» բազմակողմ ավտոմոբիլային անցակետը (դեպի Ռուսաստան-Վրաստան սահմանը տանող) վրացական կողմից փակ է կցորդով և կիսակցորդով բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան և մերկասառույցի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրված է։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, բայց միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով և պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։