ՆԵՂԱՑԱԾ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՐԴԻԿ

Ահավասիկ որոշ քաղաքացիներ սաստիկ զայրացել են ընկեր Լուկաշենկոյի վրա, որը Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում մեկնաբանել է նաև հայկական թեման։ Լուկաշենկոն ասաց Սոլովյովին, որ Հայաստանը ոչ մի տեղ չի կորչի, չի փախչի, քանի որ «ոչ մեկին նրանք», այսինքն՝ մենք, «պետք չեն»։ Եվ որ «Նիկոլ Վովայիչը դա հասկացել է»,- հավելեց Լուկաշենկոն։

Եվ հպարտ քաղաքացիները, հատկապես հպարտ պատգամավորները, ահավոր վիրավորվել են։ «Իմ քայլը» խմբակցության հպարտ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը «դատապարտել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը»,- հաղորդում են լրատվական գործակալությունները: Հպարտ պատգամավորը նշել է, որ նման արտահայտությունները հարիր չեն միութենական պետության ղեկավարին: Իսկ նույն խմբակցության է՛լ ավելի հպարտ պատգամավոր, մարդ-լեգենդ Հովիկ Աղազարյանը հպարտ էքստազի մեջ ընդհանրապես խորհուրդ տվեց Լուկաշենկոյին նման հայտարարությունների փոխարեն զբաղվել Մինսկի օդանավակայանով, որը խոզանոցի է նման։

Իսկ ինչո՞ւ եք, ըստ էության, նեղանում Լուկաշենկոյից, հպարտ քաղաքացիներ։ Ինչի համար որ պայքարել եք, այն էլ ստացել եք ձեր անընդգրկելի հպարտության մեջ։ Ռուսական մի այդպիսի ասացվածք կա. «Պետք չէ մեղադրել հայելուն, եթե քիթմռութդ ծուռ է»։

Այլ հարց է, իհարկե, որ Լուկաշենկոն նման բան չէր ասի ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սարգսյանի օրոք։ Նրա մտքով անգամ չէր անցնի նման բան ասել։ Իսկ այ մեր հպարտ Նիկոլ Վովայիչի օրոք կարելի է: Նրա օրոք ամեն ինչ կարելի է։ Նրա օրոք բոլորին է կարելի։ Ամեն ձևով կարելի է։ Ալիևն ընդհանրապես խեղկատակ ու հարբեցող է անվանում նրան... Այնպես որ հայոց վարչապետին ոտնատակ տալով ինքնահաստատվելը կարծես դառնում է այլ երկրների ղեկավարների հոբբին։

Առհասարակ Լուկաշենկոյի խոսքերում առավել ուշագրավ է դրանց եզրափակիչ մասը։ Երբ ասվում է, որ Վովայիչը «դա հասկացել է»։ Այսինքն՝ ոչ թե «գիտեր», կամ «գիտի», այլ հենց «հասկացացել է»։ Ասել է թե՝ ժամանակի ընթացքում է հասկացել։ Սկզբում չէր հասկանում։ Կամ անհասկացող էր ձևանում։ Ով ման էր գալիս ինչպես մի այդպիսի շատ հպարտ աքլորիկը հավանոցում: Մինչև որ մյուս աքլորը կատարին զարկեց։

Եվ այդժամ, ինչպես հետևում է Լուկաշենկոյի խոսքերից, Վովայիչը վերջապես հասկացավ: Մեծ ուշացումով, բայց հասկացավ։ Երբ եղած-չեղած ամեն ինչ արդեն տանուլ էր տրված, բայց գլխավորը՝ այնուամենայնիվ հասկացավ։ Հասա՛վ ուղեղին։

Ու հիմա ման է գալիս այդպես՝ ոտքից գլուխ հասկացող ու հասկացած։ Հեզ ու համեստ։ Հլու-հնազանդ: Դե, իսկը ստրկուհի Իզաուրա։ Թեև ոչ, եթե հիշողությունս չի դավաճանում, Իզաուրան դիմադրում էր, ամեն ոք չէր կարող նրա գլուխը շոյել…

Այնպես որ, մեր առանձնակի հպարտ պատգամավորներ, չարժե վրդովվել Լուկաշենկոյի խոսքերից։ Դրանք զօրուգիշեր ձեր գործադրած ջանքերի պտուղն են։ Դո՛ւք եք այս հպարտ կյանքի համահեղինակները, և արդեն ժամանակն է, որ հասկանաք. քանի դեռ Հայաստանը ներկայացնում են ձեր և աշխարհում ամենահպարտ ձեր առաջնորդի նմանները, մեզ հետ բոլորն են այդպես խոսելու։ Լուկաշենկոն դեռ սկիզբն է:

Չէ՞ որ դուք, հպարտ պատգամավորներ, չեք վրդովվում, երբ Անկարան օրակարգ է թելադրում Երևանին։ Չէ՞ որ դուք արդեն մոռացել եք «Բայրաքթարների», թուրք հրահանգիչների, F-16 կործանիչների, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական շրջաններից բերված վարձկանների մասին։ Եվ որ Փաշինյանը վրացիների միջոցով խնդրում էր Էրդողանին հանդիպել իր հետ։ Որպեսզի թուրքական կապիտալին շուտափույթ հնարավորություն տրվի գնել Հայաստանը՝ մեծածախ ու մանրածախ... Դա արդեն բացարձակապես վիրավորական չէ ձեզ համար, այնպես չէ՞։