ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂ

Ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջև

Չնայած ռուս-ուկրաինական հակամարտության թվացյալ նմանությանը այդօրինակ ռազմական այլ գործողություններին (օրինակ, 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությանը Հարավային Օսիայում), ներկայիս իրադարձություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ընդ որում՝ բավական արտասովոր: «ԳԱ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ։

-Կոնկրետ որո՞նք են դրանք, իսկ գլխավորը. ի՞նչ մարտահրավերներ են այսօր ծառացած Հայաստանի առջև՝ առկա գործընթացների հետ կապված:

-Սկսենք նրանից, որ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով (ոչ միայն փորձագիտական) հանկարծ սկսեցին խոսել անգլոսաքսերի մասին։ Միևնույն ժամանակ Թուրքիայում (սկզբում ընդդիմության մակարդակով, իսկ հիմա արդեն՝ իշխող ուժերի) սկսել են խոսել այն մասին, որ վտանգ կա, որ Կարսը, Էրզրումը և Արդահանը հայտարարվեն «Ռուսաստանի պակասող մասեր»։

Այդ ամենը մեզ ստիպում է դիտարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ թե որպես խճանկարի առանձին հատված, այլ փորձել տեսնել ընդհանուր պատկերը՝ հասկանալու համար, թե որտեղ է դրա տեղը աշխարհաքաղաքական դասավորության մեջ, ինչ մարտահրավերներ կան ընդհանրապես. դե, և Հայաստանի համար՝ մասնավորապես։ Բայց որպեսզի վերլուծենք առաջին հայացքից անսովոր բոլոր այն գործոնները, որոնց մասին ես արդեն ասացի, պետք է մտաբերել 300 տարվա վաղեմության իրադարձությունները, երբ, ըստ էության, սկսվեց աշխարհաքաղաքական մրցակցությունը Բրիտանական և Ռուսական կայսրությունների միջև՝ ասիական մայրցամաքի ընդարձակ տարածքների նկատմամբ տիրապետության համար, որը ստացավ «Քաղաքական մեծ խաղ» անվանումը, կամ՝ պատերազմ «կետաձկան» (Բրիտանական կայսրության) և «փղի» (Ռուսական կայսրության) միջև: Ու թեև կողմերի հարաբերությունները երբեմն այնպիսի սրության ու անհաշտության էին հասնում, որ նրանց միջև պատերազմը թվում էր գրեթե անխուսափելի, այդուհանդերձ ամեն անգամ հաջողվում էր խուսափել պետությունների զինված բախումից։ Ընդ որում Մեծ Բրիտանիան (իսկ հետագայում նաև ԱՄՆ-ը) կարողացել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել այլ պետությունների և ուժերի միջոցով։

Պետք է ասել, որ բոլոր այդ 300 տարիների ընթացքում, չնայած հենց նույն Ռուսաստանում հասարակարգի բազմակի փոփոխությանը, երկու կայսրությունների միջև քաղաքական դիմակայությունը պահպանվել է միշտ։ Ի դեպ, 1895 թվականի ապրիլին Սասունի ապստամբության ամենաթեժ պահին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռ.Սոլսբերիի հնչեցրած արտահայտությունը, երբ նա հայտարարեց, թե անհնար է պաշտպանել հայ բնակչությանը, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», ճշգրիտ տեղավորվում է հենց այդ դիմակայության մեջ։ Քանի որ Անգլիան այն ժամանակ հոգ էր տանում Օսմանյան կայսրության ամբողջականության մասին նախևառաջ ի հեճուկս Ռուսաստանի, որի կողմն էր ձգտում Հայաստանը։ Բայց միշտ չէ, որ Ռուսաստանը եղել է, ասենք այսպես, նահանջողի դերում։ Եթե մտաբերենք, խորհրդային տարիներին նրա ազդեցության գոտում հայտնվեցին Վիետնամը, Կորեան, Իրանը, նույնիսկ Հնդկաստանը, որն այդ ժամանակ համարվում էր «Բրիտանական կայսրության մարգարիտը», չենք խոսում արդեն աֆրիկյան մայրցամաքի և Լատինական Ամերիկայի երկրների մասին։

Այլ կերպ ասած, «կետաձկան» և «փղի» միջև ընթացող քաղաքական դիմակայությունը փոխում էր վայրը, բայց շարունակվում մշտապես։ Կա նույնիսկ ընդունված ձևակերպում, որ եթե այդ «Մեծ խաղում» ուժերից մեկը հաղթանակ տանի, ապա ընդհանուր առմամբ մոլորակի աշխարհաքաղաքական ողջ դասավորությունը լուրջ փոփոխությունների կենթարկվի, քանի որ իրապես հենց այդ դիմակայությունն է միշտ թելադրել աշխարհաքաղաքական զարգացումների հիմնական միտումները։

Ոչ միայն Ուկրաինան կարող է կոչվել Լենինի անունով

-Փաստորեն, եթե դիտարկում ենք ներկա իրադարձություններն այդ տեսանկյունից, ապա արդեն հասկանալի՞ է դառնում, թե ինչու են Մոսկվայում սկսել խոսել անգլոսաքսերի հետ դիմակայության մասին։

-Ճիշտ այդպես։ Ավելին, արդեն չենք զարմանում, որ թուրքերը հանկարծ խոսակցություն բացեցին Կարսի, Էրզրումի և Արդահանի մասին։ Բայց այստեղ կա նաև մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր գործոն, որի մասին նախկինում երբեք չի խոսվել։ Ահա ուրեմն, Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայում ռազմական գործողության հենց նախօրեին, հիշեցրեց պատմության որոշ փաստեր՝ հայտարարելով, որ խորհրդային Ուկրաինան առաջացել է բոլշևիկյան քաղաքականության արդյունքում, ուստի այն կարելի է կոչել «Լենինի անվան Ուկրաինա»։ Ռուսաստանի նախագահի խոսքերով, հենց Լենինն է նրա հեղինակն ու ճարտարապետը։ Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, քանի որ Հայաստանի հաշվին դրա տարածքների ընդլայնումը նույնպես լենին-բոլշևիկյան քաղաքականության արդյունքն էր։

Ըստ էության, նույն զուգահեռն անցկացնելով էլ Թուրքիայում հիշեցին Լենինին, խոսելով այն վտանգի մասին, որ Կարսը, Էրզրումը և Արդահանը կհայտարարվեն «Ռուսաստանի պակասող մասեր»։ Չէ՞ որ հենց Լենինի օրոք ստորագրվեց Կարսի պայմանագիրը Թուրքիայի քեմալական ղեկավարների հետ, որի համաձայն այդ տարածքներն անցան Թուրքիային։ Եվ եթե կատարվող ամենին նայում ենք այդ տեսանկյունից, ապա թվացյալ տարօրինակ բոլոր գործոնները դառնում են միանգամայն հասկանալի և տրամաբանական։

Բայց հիմա անգլոսաքսերն սկսել են ավելի լկտի ու անթաքույց պահվածք ցուցաբերել, ինչի վկայությունն են հետխորհրդային տարածքում իրականացված բոլոր գունավոր հեղափոխությունները (Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Ղրղզստան, Մոլդովա, փորձ Բելառուսում), որոնց նպատակն էր փոխել այդ հանրապետությունների կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Այդ իմաստով հասկանալի է դառնում ռուսական իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայում ռազմական գործողության անհրաժեշտության վերաբերյալ։ Քանի որ եթե վերջինս անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա դա արդեն գոյաբանական սպառնալիք կլինի Ռուսաստանի համար, իսկ գլխավորը՝ նման դասավորությունը կարող է դառնալ «Քաղաքական մեծ խաղի» եզրափակիչ մասը։

Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է ինչպես սլավոնական երկու ժողովուրդների, այնպես էլ Հայաստանի համար, քանզի երկու երկրներն էլ մեզ համար օտար չեն, բազմաթիվ հայեր են ապրում և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում: Կարծում եմ, այս հակամարտության լավագույն լուծումը բանակցային ճանապարհն է, և հուսադրող է, որ այդ բանակցություններն ընթանում են, դրանց շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար միջանցքներ կազմակերպելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ ռուսական իշխանությունները մատնանշում են, որ սկսված ռազմական գործողությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Քանի որ այդ հատուկ գործողության նպատակը, ինչպես նշում են Ռուսաստանում, «մարդկանց պաշտպանությունն է, որոնք հալածանքների և ցեղասպանության են ենթարկվել կիևյան ռեժիմի կողմից»։ Դրա համար, ռուսական կողմի տերմինաբանությամբ, այժմ իրականացվում է Ուկրաինայի ապառազմականացում և ապանացիստականացում։

Ռազմական բախումը խնդիրների դեռ վերջնական լուծումը չէ

-Ինչ եք կարծում, իսկ ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայում ռազմական գործողության այդ «տրամաբանական ավարտը»:

-Եթե խոսենք Ուկրաինայի ապագա կառուցվածքի հնարավոր սցենարների մասին, ապա ակնհայտ է, որ նրա կազմում այլևս չեն լինի ո՛չ Ղրիմը, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից անկախ հանրապետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի մարզերը: Խոսքը կարող է վերաբերել ներկայիս Ուկրաինայի տարածքի նաև այն հատվածին, որի միջով ապահովվում է կապը Ղրիմի թերակղզու հետ։ Քանի որ Ղրիմի հետ ցամաքային կապն ապահովող Կերչի կամուրջը չի կարող լուծել ենթակառուցվածքային բնույթի մի շարք հարցեր, այդ թվում՝ թերակղզու ջրապահովումը։ Եթե հիշում եք, Ուկրաինան Խերսոնի մարզի տարածքում Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի սկզբում արգելապատնեշ էր բարձրացրել, այդ կերպ փակելով թերակղզու ջրամատակարարումը։ Հասկանալի է, որ այդպես չէր կարող շարունակվել։ Ուստի Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, իր վերահսկողության տակ կառնի Ազովի ծովի հյուսիսային ափը՝ Ղրիմի ուղղությամբ։

Ինչ վերաբերում Է Ուկրաինայի մյուս շրջաններին, ապա այդտեղ, ինձ թվում է, կիրառվելու է նույն տրամաբանությունը, որը հիմք է ծառայել Ուկրաինայի մի շարք տարածքների անկախության հռչակման պարագայում, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Հնարավոր է, որ նրանց նույնպես տրվի ինքնորոշման իրավունք։ Իսկ այն շրջանները, որոնք կմնան Ուկրաինայի կազմում, ըստ երևույթին, կստանան լայն ինքնավարություն և իրավունք կունենան ազդելու տարբեր տեսակի որոշումների ընդունման վրա: Մանավանդ եթե այդ որոշումները վերաբերեն քաղաքական վեկտորի փոփոխությանը կամ որոշակի դաշինքներին միանալուն։ Կարծում եմ, որ հենց այս ձևաչափով Ուկրաինան կարող է Եվրոպայի համար դառնալ նվազագույնս պայթյունավտանգ և հնարավորինս ոչ բախումնային տարածաշրջան։

Սակայն Ուկրաինայի հետ ներկայիս հակամարտությունը այն խնդիրների վերջնական լուծումը չէ, որոնք մատնանշել է Ռուսաստանը անցած տարեվերջին՝ անվտանգության երաշխիքների մասին ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին փոխանցած փաստաթղթերում: Եթե հիշենք, ապա ՌԴ գլխավոր պահանջը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ծավալման կասեցումն ու դաշինքի վերադարձն էր 1997-ի դրությամբ իր դիրքերին։

Այս իմաստով, եթե Ուկրաինայի որոշ շրջաններ, որոնք միացվել են նրան 1939 թվականին, ցանկանան ինքնորոշման ճանապարհով վերամիավորվել Ռումինիայի, Հունգարիայի և Լեհաստանի հետ, ապա, կարծում եմ, դա միանգամայն հնարավոր կլինի իրականացնել։ Այն պայմանով, որ այդ երկրները դուրս գան ՆԱՏՕ-ից և հայտարարեն իրենց չեզոք կարգավիճակի մասին։ Չեմ բացառում, որ նման խոսակցություններ այսօր արդեն ներքին կարգով ընթանում են ինչպես Ռումինիայի և Հունգարիայի, այնպես էլ Լեհաստանի հետ։

Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան

 -Իսկ ինչպե՞ս կանդրադառնան բոլոր այս իրադարձությունները Հայաստանի վրա, ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կան հենց մեզ համար:

-Հնարավորություններն ու ռիսկերը, ըստ էության, ակնհայտ են։ Եթե Ուկրաինայում Ռուսաստանը հիմք է ընդունում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը և հղում կատարում հարյուրամյա վաղեմության պատմական փաստերին, ապա նույն տրամաբանությամբ կարելի է դիտարկել նաև երբեմնի Թուրքիային և Ադրբեջանին հանձնված հայկական տարածքները։ Հենց դա էլ այսօր ստիպում է թուրքերին նյարդայնանալ՝ խոսելով Կարսի, Էրզրումի, Արդահանի մասին։

Բայց այդ նյարդայնությունը կարող է հանգեցնել այն բանին, որ նրանք որոշեն հարձակողական գործողությունների անցնել թուլացած Հայաստանի դեմ։ Իսկ մեր խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում նախևառաջ չկրենք ոչ մի կորուստ։

Բայց մի՞թե Հայաստանի գործող իշխանությունները բավարար հնարավորություններ ունեն դրականորեն ազդելու առկա գործընթացների վրա։ Իհարկե՝ ոչ։ Քանզի նրանք, ովքեր այսօր Հայաստանում իշխանության ղեկին են, բազմիցս խաբել են թե՛ իրենց ժողովրդին, թե՛ դաշնակիցներին։ Հենց այս իշխանություններն են տարել պետությունը կապիտուլյացիայի։

Իրականում, ողջ աշխարհում ձևավորված են այս կարգի իշխանությունների հետ փոխգործակցության մեխանիզմներ, և հայտնի է, թե ինչպես կարող են ուժեղ պետությունները ենթարկել այսպիսի իշխանությանն ու ստիպել նրան ծառայել իրենց շահերին։ Այս տեսանկյունից առաջնային խնդիր է մեր ժողովրդի և պետության ազատագրումը գործող իշխանություններից։

Այսօր մենք աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների նախաշեմին ենք։ Բայց չենք կարողանա դիմակայել ներկա մարտահրավերներին, եթե իշխանության ղեկին շարունակի մնալ հեղինակազուրկ ուժը։ Քանի որ նա չի վայելում ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ էլ մեր ռազմավարական գործընկերոջ վստահությունը։

-Կնշանակի՞ արդյոք դա, որ ներկայումս մեր ռազմավարական դաշնակցին նույնպես ձեռնտու է իշխանափոխությունը Հայաստանում։

-Եթե այդ գործընթացն անցնի արագ և առանց ուժգին ցնցումների, ապա կարծում եմ՝ այո, ձեռնտու է։ Սակայն այդ գործընթացի իրականացումը կախված է միայն մեզանից։ Դա պետք է դառնա Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերի, հատկապես խորհրդարանական ընդդիմության առանցքային օրակարգը։

Ռուսաստանը, բնականաբար, կցանկանա Հայաստանում տեսնել հուսալի, հասկանալի և ընկալելի իշխող ուժ, որը ռազմավարական գործընկեր է իր համար։ Որովհետև ակնհայտ է. մեր տարածաշրջանում նույնպես ընթանալու են բարդ և պատասխանատու գործընթացներ, որոնց նկատմամբ երկու կողմերի դիրքորոշումները անպայման պետք է նույնը լինեն։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասում ուժեղ Հայաստանի առկայությունը բխում է իր շահերից։ Այսօր «ուժեղ Հայաստան» հասկացությունը մեզ ինչ-որ հեքիաթ կթվա։ Բայց ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանն այս տարածաշրջանում այն աստիճան ուժեղ դիրքեր ուներ, որ դա ընդունում էին ոչ միայն Ռուսաստանը, այլև մեր հակառակորդները։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ բանաձևի վերականգնումը անչափ ձեռնտու է թե՛ ՌԴ-ին, թե՛ Հայաստանին։ Եվ հիմա հենց մեզանից է կախված՝ կկարողանանք արդյոք իրագործել դա։