ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ

Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

Մեծ հաշվով, այդպիսի հանրահավաք պետք է կազմակերպեր իշխանությունը, այլ ոչ թե ընդդիմությունը։ Բայց դա՝ նորմալ տրամաբանության տեսանկյունից։ Մեր իրականության մեջ այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մեր իրականության մեջ ունենք իշխանություն, որը մտահոգված է միայն սեփական բարօրությամբ։ Իշխանություն, որը համարում է, թե խաղաղ ու հանգիստ ապրելու համար կա միայն մեկ ճանապարհ. զիջել թշնամիների բոլոր պահանջներին, այդժամ նրանք գուցե պոկ գան իրենից։ Դա ամենահեշտ ճանապարհն է, եթե հրաժարվում ես հասկանալ, որ այդ ճանապարհը պարզապես անվերջ է…

Մենք ունենք իշխանություն, որը համարում է, թե խաղաղ ու հանգիստ ապրելու համար պետք է ոչ թե հզորացնել պետությունն ու համախմբել ժողովրդին, այլ զիջել, զիջել ու զիջել։ Եվ հետևաբար՝ դրան նախապատրաստել հասարակական կարծիքը։ Հետևաբար՝ անել հայտարարություններ, որոնք նպաստում են ոչ թե հասարակության դիմադրողականության բարձրացմանը, այլ նրա բարոյալքմանը, անկումային տրամադրություններին ուժային կառույցներում, Արցախում։

Իշխանությունների մարտավարությունը տալիս է իր արդյունքները. մենք ականատես ենք տրամադրության անկման, հանրային անտարբերության, Փաշինյանի բազմաթիվ որոշումների մերժման, բայց միաժամանակ՝ ինչ-որ բան ձեռնարկելու դժկամության, իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու ուրիշների փորձերի նկատմամբ թերահավատության։ Դա ձեռնտու է իշխանություններին, ուստի, եթե ընդդիմությունը անի ամեն ինչ Հայաստանի և Արցախի դիրքերն ամրապնդելու համար, իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի վարկաբեկի ընդդիմությանն ու, մասնավորապես, վաղվա հանրահավաքը։

Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի այն հարվածներին, որոնք տեղալու են իր վրա։ Իշխանության կողմից, որն ընդդիմությանը կմեղադրի այն բանում, թե նա խանգարում է իրեն «աշխատել», բազմոցային «հայրենասերների» կողմից, իրականում իշխանությունը հավատարմորեն սպասարկող կեղծ «ընդդիմադիրների» կողմից, որոնք կմեղադրեն ընդդիմությանը անվճռականության, իշխանությունների հետ դավադրության, և էլի շատուշատ բաների մեջ։ Ցավոք, այսօրվա տեխնոլոգիաները տալիս են բոլոր հնարավորությունները՝ ցանկացած հերետիկոսություն բարբաջելու և այդպիսով կողմնակիցներ հավաքագրելու համար... Հավելենք, որ ընդդիմությունն, իհարկե, անսխալական չէ. նա բազմաթիվ իրական բացթողումներ ունի, մասնավորապես՝ կադրային քաղաքականության ոլորտում։

Ընդդիմությունը պետք է դիմակայի շուտով իր վրա տեղալիք հարվածներին նաև այն պատճառով, որ հասկանալի է. հանդես գալով ուժեղ Հայաստանի և Արցախի օգտին՝ ընդդիմությունն անխուսափելիորեն կպահանջի Փաշինյանի հրաժարականը, քանի որ վարչապետն ու իր թիմը անհամատեղելի են Հայաստանի ուժեղ պետականություն, Արցախի հզոր պետականություն հասկացությունների հետ։ Իր քաղաքական գենետիկ կոդով:

Այսպիսով, ընդդիմության պայքարը հանուն անկախ Արցախի՝ նախևառաջ պայքար է ներկայիս իշխող թիմի դեմ։ «Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին գալ հանրահավաքի և իրենց ներկայությամբ ցույց տալ քաղաքացիական դիրքորոշում ու «ոչ» ասել գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը, որը մեր երկիրը տանում է դեպի անդունդ»,- ասում է Իշխան Սաղաթելյանը:

Հայաստանն ու Արցախը որևէ մեկին զիջելու ռեսուրսներ այլևս չունեն։ Փաշինյանը պետք է հասկանա, որ իրավունք չունի որևէ բան ստորագրել առանց Արցախի համաձայնության։ Բոլորը պետք է հասկանան, որ Փաշինյանի ստորագրած ցանկացած փաստաթղթեր՝ Հայաստանի և Արցախի շահերի հերթական զիջումներով, անընդունելի են և չեղարկվելու են, հենց որ Հայաստանում փոխվի իշխանությունը։

Բրյուսելում ապրիլի 6-ին կայանալիք Փաշինյան-Ալիև բանակցությունների նախաշեմին ողջ աշխարհին, բայց նախևառաջ ինքներս մեզ պետք է հիշեցնենք 1992-ին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը, համաձայն որի՝ գործադիր իշխանությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզի Արայիկ Հարությունյանին համակերպվել նման հեռանկարի հետ։

Ռազմական, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։ Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ»։

Основная тема:
Теги: