«ԱԳՈՐԱՆ» ԳՈՌՈՒՄ Է, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՍՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻՆ
Ապրիլի 25-ին՝ իր բազմամարդությամբ և վճռականությամբ տպավորիչ ջահերով երթի հենց հաջորդ օրը, վաղ առավոտյան հայտնվեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել և համաձայնեցրել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կառուցվածքը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ահա այսպես, ասես չեն եղել ջահերով երթերը Երեվանում ու Ստեփանակերտում, որոնց ընթացքում ՀՀ և Արցախի տասնյակ հազարավոր քաղաքացիներ «ոչ» են ասել հայկական դե ֆակտո իշխանությունների քաղաքականությանը։ Ասես չեն եղել Փաշինյանի սկանդալային խոստովանությանը հաջորդած 12 օրերը, երբ Հայաստանի և Արցախի հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց կտրական անհամաձայնությունն են հայտնել Ալիև-Էրդողան-Փաշինյան հանցավոր եռյակի ծրագրերին։
2018թ. հոկտեմբերի 21-ին Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերաբերում է անմիջականորեն Արցախի ժողովրդին, և հանրապետության իշխանությունների կարծիքն այստեղ վճռորոշ է։ Նա բացառեց, թե որևէ փաստաթուղթ կստորագրվի առանց Հայաստանում ու Արցախում հանրային լայն քննարկման և ընդգծեց, որ հակամարտության լուծման իր կարծիքով ընդունելի ցանկացած տարբերակ անհապաղ կներկայացվի լայն հանրությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
«ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Ես առաջարկում եմ ընդհանրապես դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել, բացառել», - հայտարարեց այն ժամանակ դեռ «ժողովրդական վարչապետը», հավելելով, որ ցանկացած իշխանություն կկորցնի վստահությունը, եթե փորձի այդ հարցում գնալ սխալ ճանապարհով։
Այն մասին, որ Արցախի հարցի լուծման ցանկացած տարբերակ, որն անձամբ ինքը կհամարի ընդունելի, կդրվի հանրային քննարկման, Փաշինյանը բազմիցս է խոսել է նաև դրանից առաջ։ «Ագորայի» գաղափարը փաստացի գործարկվել է նրա իշխանության գալու առաջին իսկ օրերից՝ քննադատական բազմաթիվ նետերի արժանանալով ակնհայտ պոպուլիզմի և գռեհկության համար։
Օրերս՝ ապրիլի 22-ին, Նիկոլը կրկին հայտարարեց գործնականում նույնը։ «Արցախը առարկա չէ, իր չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է»,- ասաց նա, բացառելով, թե որևէ փաստաթուղթ կստորագրվի առանց Հայաստանում և Արցախում հանրային լայն քննարկման։ «Դա երկաթե երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող ժողովրդից գաղտնի լուծվել»,- հայտարարեց կապիտուլյանտը:
Առնվազն անցած տարեվերջից սկսած՝ Արցախի Հանրապետության իշխանությունները. ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր, ինչպես նաև հասարակական շրջանակները հստակ և վճռականորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Վերջին 4 ամիսների ընթացքում մի քանի անգամ հանրապետության խորհրդարանը միաձայն հայտարարություն է ընդունել այն առնչությամբ, որ իսպառ բացառվում է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, որ Արցախի ժողովուրդը չի շեղվի անկախության ուղուց և ոչ ոք իրավունք չունի որոշելու հանրապետության ճակատագիրը, բացի իր ժողովրդից։ Վերջին անգամ բոլոր խմբակցությունների և տասնյակ ՀԿ-ների աջակցությանն արժանացած այդպիսի հայտարարություն է ընդունվել ապրիլի 14-ին, Փաշինյանի հայտարարությունից հետո, որը ձգան դարձավ ազատագրական պայքարի նոր փուլի համար: Դրանում արցախցի պատգամավորները ՀՀ իշխանություններից հստակ պահանջել են հրաժարվել ազգի համար կործանարար ճանապարհից։
Ապրիլի 25-ից եռում է ողջ Հայաստանը. հարյուր հազարավոր քաղաքացիներ իշխանություններից պահանջում են դադարեցնել թուրքամետ քաղաքականությունը և չհամաձայնել Արցախի կրկին բռնի ընդգրկմանը ցեղասպան Ադրբեջանի կազմում։ Հայտարարություններով հանդես են գալիս հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, դերասաններ, գիտնականներ, տեղի են ունենում փորձագիտական քննարկումներ և լսումներ, Արցախի հանձնման և թուրքերի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման անթույլատրելիության մասին ապրիլի 24-ին արտահայտվել են երկու Կաթողիկոսները՝ Արամ Ա-ն և Գարեգին Բ-ն։
Հարց է ծագում. ուրիշ ի՞նչ է պետք Փաշինյանին՝ Արցախի իշխանությունների և ժողովրդի դիրքորոշումը հասկանալու և ողջ Հայաստանի համար աղետալի իր ծրագրերից հրաժարվելու համար։ Ուրիշ ի՞նչ «հանրային լայն քննարկումներ» են նրան պետք, եթե ահա արդեն հինգերորդ օրն է, ինչ հայ ժողովրդի հազարավոր ներկայացուցիչներ, սոցիալական տարբեր շերտերի, տարբեր սերունդների և տարբեր տարիքի մարդիկ առավելագույնս թափանցիկ, պարզ և հասանելի ներկայացնում են իրենց անսասան դիրքորոշումը՝ պահանջելով իշխանություններից դադարել շարժվել թուրքերի թելադրանքով, չկատարել Բաքվի ու Անկարայի բոլոր պահանջները։ Հստակ և միանշանակ հայտարարելով. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախը եղել է, կա և մնալու է միմիայն հայկական։
Բայց Փաշինյանը ձևացնում է, թե այդ ամենը «չի լսում»։ Անտեսելով տեղի ունեցող ամենը, գրեթե ամեն օր հաղորդագրություններ են հայտնվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախապատրաստման, պատվիրակությունների կազմի ձևավորման, հեռախոսային բանակցությունների մասին և այլն։ Ալիևն ու Էրդողանը շտապում են, հնարավորինս արագացնելով գործընթացները, քանզի հասկանում են, որ իրենց սպասավորը կարող է չհասցնել կատարել բոլոր պայմանավորվածությունները, որ նրա իշխանությունն արդեն մազից է կախված: Ալիևն ու Էրդողանը շտապում են, քանզի Հայաստանի ժողովուրդը վերջապես սթափվել է, դուրս եկել ընդարմությունից և այլևս մտադիր չէ ենթարկվել թուրքական օրակարգին։
Իրար հաջորդող «խաղաղասիրական հայտարարությունները» և Ալիևի նյարդային սպառնալիքները թելադրված են այն իրական մտավախությամբ, որ Նիկոլին կտապալեն՝ նախքան նա կհասցնի ստորագրել ևս մեկ կործանարար փաստաթուղթ, որը կարող է վերջակետ դնել հայոց պետականությանն ու հայ ժողովրդի պատմությանը։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները «Հայաստանում և Արցախում հանրային լայն քննարկման» մասին ոչ այլ ինչ են, քան ծխածածկույթ՝ անդրկուլիսյան արագացված գործընթացները սքողելու համար, և խորհրդարանում Նիկոլի խոստովանությունը այդ կուլիսային գործընթացների դրսևորումն էր։
Իրականում ոչ մի քննարկում չի պահանջվում, այնքան պարզ ու վճռական է ասված ամեն ինչ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողմից. թե՛ անցյալում, թե այս օրերին։ Ըստ էության, Փաշինյանը ապրիլի 13-ին, ինչպեսև քիչ ավելի քողարկված՝ ավելի վաղ, ներկայացրեց որոշման այն տարբերակը, որը համարում է ընդունելի. իջեցնել անկախ կարգավիճակի նշաձողը, ինչը նշանակում է Արցախի ներառում Ադրբեջանի կազմում։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և սահմանազատման գործընթացին շտապ ձեռնամուխ լինելու դավաճանների թիմի մտադրությունները, ինչպես նաև բացահայտ արտահայտած համաձայնությունը Բաքվի բոլոր պայմաններին՝ հակամարտության լուծման վերաբերյալ սեփական դիրքորոշման նույնքան բացահայտ արտահայտումն են։
Տարաձայնությունները, որոնց մասին ինչ-որ բան էր քրթմնջում Միրզոյանը, անկասկած վերաբերում են ինքնավար կարգավիճակին, որը ՀՀ դե ֆակտո իշխանությունները սակարկությամբ փորձում են ստանալ Բաքվից, մատուցելով դա իբրև «Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքներ և իրավունքների պահպանում»։ Եվ փաշինյանական ոհմակի բոլոր այն հայտարարությունները, թե իրենց, իբր, հետաքրքրում են առաջին հերթին Արցախում բնակվող քաղաքացիների իրավունքները, ոչ այլ ինչ են, քան կեղծավոր դատարկախոսություն։ Քանզի բոլորն ախտիր, այդ թվում նաև միջազգային միջնորդները, գերազանց հասկանում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Բաքվի պայմաններով՝ երկաթե երաշխիք է, որ Արցախը կկրկնի հայկական Նախիջևանի ճակատագիրը։
Պարզապես Նիկոլն ու իր թայֆան համաձայն են դրան։ Այդպիսին է նրանց դիրքորոշումը, դա է լուծման այն տարբերակը, որն իրենք ընդունելի են համարում։ Ամեն ինչ պարզ ու հստակ է. տարբերակը ներկայացված է, Արցախի իշխանություններն ու ժողովուրդը նրան ասում են «ո՛չ, ո՛չ և ո՛չ»։ «Ագորան» Հայաստանում ասում, գոռում է նույնը. Արցախը երբեք չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ժողովրդի թիկունքում հարցը լուծել ջանացող իշխանության նկատմամբ անվստահությունը, մեղմ ասած, ակնհայտ է։ Ճիշտ այնպես, ինչպեսև հստակ արտահայտված բազմաձայն պահանջը. հեռացի՛ր, գնա՛, կորչի՛ր։