Ընթանում է «Սիլվայի գործով» դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 28-ին, ընթանում է «Սիլվայի գործով» դատական նիստը։

 


Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ այս փուլում դատարանն անցել է գործի նյութերի ուսումնասիրությանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, և նա հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ աջակցություն ցուցաբերել։ Համբարձումյանին՝ «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ընկերության գլխավոր և միակ մասնակցին տրամադրվել է ընդերքի հետազոտման լիցենզիա՝ օգտակար հանածոների արդյունահանման և օգտագործման նպատակով։ Դրանից հետո, 2008թ. մարտի 25-ի պայմանագրի համաձայն, ընկերության բաժնեթղթերի 100 տոկոսը 40 մլն դոլարով նա վաճառել է ԱՄԷ-ում գրանցված, ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը։ Գործարքի համաձայնություն ստանալու համար, իբր որպեսզի իրեն չխանգարեն, հունվարի վերջին Համբարձումյանը Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում Քոչարյանին, և պայմանավորվել կաշառք փոխանցել, որպեսզի իրեն չխանգարեն։ Մի քանի օր անց նորից Օսկանյանի միջոցով նրան փոխանցել են, որ նրա հետ կշփվի Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը։ 2008թ. մայիսից փետրվար Համբարձումյանի առաջարկն ընդունած բարձրաստիճան անձինք մաս-մաս ստացել են իրենց բաժինները։ Մասնավորապես, Քոչարյանը 3 մլն դոլար ստացել է Մայրապետյանի միջոցով։ Մայրապետյանը 1 մլն դոլար ստացել է փետրվարի 14-ին Ամիրյան փողոցի բնակարանում, ևս 1 միլիոն՝ Բայրոնի փողոցի գրասենյակում, ևս 1 միլիոն՝ «ՎՏԲ» բանկի միջոցով նույն թվականի մայիսին փոխանցվել է HSBC-ի հաշվին։ Այնուհետև Մայրապետյանը կնոջ որդու, ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Ալթունյանի միջոցով ընկերության հաշիվներից ստացել է նշված միլիոնը և հանձնել Քոչարյանին։ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կանխիկացրել և բանկի անձնական հաշիվներին է փոխանցել գումարը։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մայրապետյանից 1 մլն դոլարի չափով կաշառք ստանալու և անօրինական ճանապարհով փողերը լվանալու մեջ։ Փողերը լվացվել են Գևորգյանի կնոջ զարմիկի կողմից, Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով։

News.am