Հայտնի է Յունիբանկում պայթյունի նախնական պատճառը, հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:

««Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Newsarmenia.am