Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները

«Ավրորայի» հերոսներն ընտրել են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, հասանելի դարձնում բժշկական ծառայությունները և օգնում խոցելի համայնքներին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը հատկացնելով առաջադրած կազմակերպություններին:

««Ավրորայի» հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց օգնության ձեռք են մեկնել դժվարին պահին, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ նմանատիպ օգնություն առաջարկելով մեկ ուրիշի: Արժանին մատուցելով մարդասիրական համաշխարհային համայնքին և գնահատելով նրա ազդեցությունը՝ այս առիթով մենք ուրախ ենք աշխարհին պատմելու 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունների մասին և բարձրացնելու «Ավրորա» շարժման վերաբերյալ իրազեկումը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի և տեղահանված համայնքներին, ինչպես նաև հասանելի դարձնում բժշկական օգնությունը:

Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետևյալ կազմակերպությունները՝

Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության (WILPF),    

«Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO):

Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում և առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետևյալ կազմակերպությունները՝

«Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid),

«Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen):

Մահինուր Էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան և քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ և դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետևյալ կազմակերպությունները՝

«Գործել հանուն հույսի» կազմակերպություն (Action For Hope),

«Մերսալ» հիմնադրամ (Mersal Foundation):

«Մարդասիրության համաշխարհային օրը հիանալի հնարավորություն է մեծարելու «Ավրորայի» հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը՝ փրկելու այլոց: Այս տարվա հերոսների առաջադրած կազմակերպությունները ու նրանց կատարած կենսական աշխատանքն արդեն փոխել են հազարավոր մարդկանց կյանքեր: Եվ մենք հույս ունենք, որ «Ավրորայի» աջակցությամբ նրանք կկարողանան էլ ավելին անել»,- նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը:

2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: «Ավրորան» կհամախմբի մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարներին՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին և զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին: