ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Վարչապետի իմպիչմենտի գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ հաջողության համար լինեն բավարար հիմքեր։ Այս մասին «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է News.am-ը։

«Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և պաշտոնանկություն՝ խորհրդարանի միջոցով։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Եթե համաժողովրդական ընդվզման պատկերը չունենանք` ո՛չ հրաժարականը , ո՛չ պաշտոնանկությունը չի ստացվելու։ Մենք պետք է ունենանք հասունացված այդ իրավիճակը և նոր մտնենք այդ պրոցեսի մեջ։ Պաշտոնանկությունը մեր օրակարգում է, մենք կմտնենք պրոցեսի մեջ այն ժամանակ, երբ կունենանք նպաստավոր պայմաններ, և մեր պարտականությունն է՝ հասունացնել այդ օրը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԱՍՎԱԾԻ ՄԵՋ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ԿԱ։ Իսկապես, ցանկացած նախաձեռնություն կարող է հաջողությամբ պսակվել, եթե իրականացվում է բարենպաստ պայմաններում։ Այլ հարց է, որ տվյալ դեպքում այդ պայմանները օրեցօր ավելի անբարենպաստ են դառնում։ Եվ առաջին հերթին՝ հասարակական տրամադրությունների տեսանկյունից։ Հիասթափություն, անտարբերություն, հոգնածություն։ Հասարակության մեջ ձևավորվում է տոտալ անտարբերություն երկրի համար ճակատագրական հարցերի նկատմամբ։ Եվ դա (անտարբերությունը) գնալով ավելի է աճում։ Այնպես որ մեծ է հավանականությունը, որ «նպաստավոր պայմաններ» այդպես էլ չեն ստեղծվի։

Օրերս Gallup International-ը հրապարակել է հուլիս-օգոստոս ամիսներին անցկացված հարցումների արդյունքները։ Հետազոտության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ ընտրողների վերաբերմունքն ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ էապես վատացել է: Եթե ԱԺ ընտրությունները կայանային հիմա, ապա ՔՊ-ին կողմ կքվեարկեր 16,1%, «Հայաստան» դաշինքին՝ 5,1%։ Ապրիլին պատկերն այլ տեսք ուներ. ՔՊ-ին կողմ էր 20,4%, «Հայաստան» դաշինքին՝ 8,3%։ Ակնհայտ է բացասական միտումը, մասնավորապես՝ ընդդիմության վարկանիշի տեսանկյունից։ Համաձայնեք, նման դինամիկայի դեպքում հանրային տրամադրությունները պարզապես հեռանում են նպաստավոր պայմանների հորիզոնից, որոնց մասին խոսում է Սաղաթելյանը։

Ասենք, քաղաքական դերակատարների նկատմամբ հասարակության վերաբերմունքը բնավ ամենալուրջ խնդիրը չէ։ Շատ ավելի տագնապահարույց է հանրային հետաքրքրության դեգրադացիան պետական, համազգային մասշտաբի հարցերի նկատմամբ։ Մասնավորապես, խոսքը հայ-թուրքական երկխոսության մասին է։ Սոցհարցման համաձայն՝ հարցվողների մոտ 44%-ը բացասական վերաբերմունք է արտահայտել Էրդողանի և Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի նկատմամբ: Հարցվողների ավելի քան 30%-ը ողջունել է այդ իրադարձությունը։ Այստեղ համեմատության համար նշենք, որ ապրիլին հարցվողների 68%-ն ընդհանրապես դեմ էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, իսկ 27%-ից քիչ ավելին կողմ էր այդ գործընթացին։

Իհարկե, այստեղ անհրաժեշտ է որոշակի շտկումներ կատարել՝ հաշվի առնելով հարցերի ձևակերպման տարբերությունը կամ այն, որ ապրիլին հարցումն անցկացվել է միայն Երևանում, իսկ ներկայումս՝ ողջ հանրապետությունում։ Այդուհանդերձ առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ եթե ապրիլին, ասենք այսպես, չկողմնորոշվածները (դժվարացել են պատասխանել) կազմել են ընդամենը 5%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 24,5%-ի: Թերևս սա է անցկացված հարցման առավել առանցքային և ամենամտահոգիչ արդյունքը։ Ըստ էության, սա պետության և ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի նկատմամբ հանրային անտարբերության ցուցանիշ է։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն, որ հարցվողների մեկ քառորդը պարզապես չունի իր կոնկրետ դիրքորոշումն այնպիսի իրադարձության նկատմամբ, ինչպիսին Փաշինյանի զրույցն է Էրդողանի հետ։

Թե ինչու է ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում հայ հասարակության գիտակցությունն այդչափ արմատապես փոխվել, առանձին հարց է։ Թե ով է մեղավոր և ով է պատասխանատու դրա համար՝ նույնպես։ Բայց փաստն այն է, որ համատարած հիասթափությունը, ապատիան, անտարբերությունը հասարակության մեջ տարածվում են աստղաբաշխական արագությամբ: Եվ այս իրավիճակում պարզապես միամտություն է և տարօրինակ է սպասել «նպաստավոր պայմանների»։ Դրանք (պայմանները) գնալով վատթարանում են։