ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՑՄԱՆԸ…

Հայաստանը փորձում են վերածել նոր հակաՌուսաստանի

«Ամերիկան պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության համար, մենք պետք է հայտարարենք, որ մեզ կգոհացնի անվտանգության ցանկացած համակարգ, եթե դրա երաշխավորը լինի ԱՄՆ-ը»,- օրերս փաշինյանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարեց Էդվարդ Անտինյանը, որը չգիտես ինչու իրեն անվանում է քաղաքագետ: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ եռուզեռը բորբոքվում է ռեժիմի պարագլխի կողմից, որն իր արևմտյան հովանավորներին ոգևորել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարով, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի թուլացմանը։

Հավաքական Արևմուտքը կուլ է տվել այդ «խայծը», ելնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հետ կապված վերջին փորձից։ Այդ իրադարձությունը բացասաբար ազդեց կազմակերպության հեղինակության վրա, որն աշխարհում անվանում են ոչ այլ կերպ, քան «Պուտինի ՆԱՏՕ»։

Նախքան 2018-ի գարնանը իշխանության զավթումը, Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, հայտարարեց, թե 2016-ին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի քառօրյա ագրեսիան հրահրել է Մոսկվան։ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նույն կարծիքին է վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմից ստացել է անհրաժեշտ բացատրությունները…

Ռեժիմի առաջին դեմքերի վարկածով՝ 44-օրյա պատերազմը տանուլ է տրվել ՌԴ Գլխավոր շտաբին և «ռևանշիստներին» ենթարկվող հայ գեներալների մեղքով։ 2021թ.մայիսի 12-ից ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթումը, իշխանության քարոզչամեքենայի վարկածով, արտոնել են ռուս սահմանապահները, իսկ 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիան նույնպես հրահրել է Ռուսաստանը։

Փաշինյանն այլևս չի փնտրում, թե ում վրա բարդի մեղքը, նա պարզապես հետևում է հավաքական Արևմուտքի նշող և ուղղորդող ձեռքին, որը Պուտինին մեղադրում է նույնիսկ զուգարանի թղթի դեֆիցիտի մեջ, չենք խոսում արդեն Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու մտադրության մասին։ «Ամեն ինչում մեղավոր են Ռուսաստանն ու Պուտինը» կարգախոսը Փաշինյանին թույլ կտա խուսափել նոր ցեղասպանության համար պատասխանատվությունից։ Ավելի հեշտ է ողջ մեղքը բարդել ռազմավարական գործընկերոջ վրա՝ հանձին Պուտինի, որն իբր խուսափում է Հայաստանի առջև իր պարտավորությունները կատարելուց, փոխարենը վճռականորեն զարգացնում է գործընկերությունը Բաքվի և Անկարայի հետ։ Հավաքական Արևմուտքի թելադրանքով Փաշինյանն արդեն ձեռնամուխ է եղել Հայաստանի ուկրաինացմանը։ Մեր երկրից փորձում են արագացված տեմպերով ստանալ նոր հակաՌուսաստան։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայի որոշ երկրներում հակառուսական հիստերիան արդեն սկսել է մարել, այն չհաջողվեց բորբոքել նույնիսկ այն բանից հետո, երբ Մոսկվան վավերացրեց ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ՌԴ կազմ մտնելու հանրաքվեների արդյունքները: Հայաստանում հիստերիան թեժացվում է ռեժիմի պարագլխի և թուրք-սորոսական 5-րդ շարասյան մատուցմամբ։ Գործընթացին ուշադիր հետևում են Երևանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիվանագիտական առաքելությունները։ Նրանց խնդիրն է՝ նպաստել Հայաստանի ուկրաինացմանը, ժամանակակից սպառազինության մատակարարման մասին բարձրագոչ խոստումների ներքո։ Այդ զինատեսակները հավաքական Արևմուտքը պատրաստ է մատակարարել միայն Ռուսաստանի թշնամիներին և Ռուսաստանի նկատմամբ թշնամական գործողությունների դիմաց…

Հովանավորչություն և թողտվություն…

Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ամենայն մանրամասնությամբ իրազեկել է քաղաքակիրթ հանրությանը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակիչների դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի և ԻՊ անդամ վարձկանների վայրագությունների մասին։ Ֆոսֆորային ռումբերի, Ստեփանակերտի ծննդատան հրետակոծման, սեփական տներում խաղաղ բնակիչների սպանությունների, գերեվարված հայերի խոշտանգման և ծանակման, զոհված հայ զինվորների մարմինների անարգման մասին համապատասխան միջազգային ատյանները տեղեկացված են եղել ողջ ծավալով: Եվ…

ԵՎ ՈՉԻՆՉ։ Ադրբեջանցի զավթիչների կողմից հայ զինվորների գնդակահարության դատապարտումով Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի ԱԳՆ արձագանքին անսպասելիորեն աջակցեց Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Իշխանասարի 191-րդ դիրքի մոտ հայ գերիների գնդակահարության տեսագրությունը շոկ էր առաջացրել բրիտանացի դիվանագետների մոտ, որին անմիջապես հաջորդեց օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու Ադրբեջանի գլխավոր դատախազության մտադրությունների ողջունումը։ Պարզվում է, Մեծ Բրիտանիայի դեսպանատանը դեռևս հավատում են ադրբեջանական արդարադատությանը։ Միջազգային հանրության արձագանքը պաշտոնական Բաքուն որոշեց կասեցնել 17 գերիների վերադարձով՝ ի պատասխան ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերի…

44-օրյա պատերազմի վերջին օրերին հայկական ԶԼՄ-ները, ներառյալ «Գոլոս»-ը, գրել են Հադրութի անտառներում շրջապատման մեջ ընկած և գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին։ Սպանվածների մարմինները խոշտանգվել էին։ Գերիների գնդակահարության այդ փաստին հավաքական Արևմուտքը չարձագանքեց։ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Միացյալ Թագավորության միջազգային ատյանները, որոնք զգոն արձագանքում են նույնիսկ բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների իրավունքների չնչին իսկ խախտումների փաստերին, լռություն էին պահպանում ադրբեջանական վայրագությունների առնչությամբ: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ նման արձագանքի բացակայությունը կոչվում է ոչ այլ կերպ, քան հովանավորչություն և թողտվություն: Այսօր հավաքական Արևմուտքը սկսել է ավելի ակտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և դա ունի իր պատճառները։

Հայաստանի դեմ պատրաստվում է նոր ցեղասպանություն։ Ամերիկյան, իսրայելական հետախուզություններին և բրիտանական ՄԻ-6-ին այդ մասին հայտնի է, սակայն նրանց ծրագրերի մեջ չի մտնում փրկել հայ ժողովրդին և Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց խնդիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունը թելադրված է ոչ միայն նոյեմբերի 8-ին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններով, թեև տարբեր նահանգներում հայկական համայնքների ձայները կարող են էապես ազդել ընտրարշավի ելքի վրա: Հիմնական պատճառն այլ է։

Հավաքական Արևմուտքը Փաշինյանի հետ սեթևեթում է ՀԱՊԿ-ից սկանդալային ելքի հետ կապված առաջիկա շոուի համար։ Ռեժիմի պարագլուխն աճուրդի է հանել այդ անդամությունն ու ռազմավարական գործընկերությունը. դրանից բացի Փաշինյանն առաջարկելու ոչինչ չունի։ Հայաստանը հավաքական Արևմուտքին հետաքրքրում է միայն որպես ՀԱՊԿ անդամ և երկիր, որի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։

Թուրք-սորոսական 5-րդ շարասյունն արդեն ողջ թափով հիստերիա է բորբոքում Հայաստանի ոչնչացման ռուս-ադրբեջանական ծրագրի թեմայով։ Այդպիսի ծրագրի իբր առկայության մասին օրերս հայտնեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը, իսկ մենք կավարտենք զրույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի վերջերս ունեցած ելույթից մի մեջբերումով. «Նիկոլ Փաշինյանի համար սա գծված խաղ է, նա Հայաստանը տանում է կործանման, քանի որ շատ պարզ ֆորմուլա է գործում. «Չկա երկիր, չկա պատիժ»։ Խոսքը հայկական պետությունների դեմ ռեժիմի հանցագործությունների համար պատժի մասին է։ Կապիտուլյացիայի մասին հայտարարությունը 2020-ի նոյեմբերի 9-ին նա ստորագրել է 44-օրյա պատերազմի արդյունքներով, խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի տարածքային հավակնությունների բավարարմամբ, կստորագրի ևս մեկ լայնածավալ պատերազմի արդյունքում, որից հետո Հայաստանից կմնա ներկայիս տարածքի 30%-ը: Օրակարգում 2020թ. սցենարն է. Փաշինյանը տարածքները կհանձնի ոչ թե անձամբ՝ թղթի վրա, այլ պատերազմի արդյունքներով։ Նոր պատերազմը կարելի է կանխել միայն բանակցողին փոխելով՝ ռեժիմի տապալման արդյունքում»։