Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԹԵՄԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ Է, ՔԱՆ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԸ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությանը՝ գրելով.

«Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։

Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։

Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակցական ընտրությունները։

Ըստ մամուլի, իշխող կուսակցության ներսում գործել է ընտրությունների արդյունքները կեղծող ամբողջական խումբ։ Իսկ ու՞ր է երաշխիքը, որ վաղը նման մի խումբ էլ չի զբաղվելու այլոց, ներքին և արտաքին ընդդիմախոսների ճակատագրերը որոշելու հարցով։  Պետական ինստիտուտների այսօրվա կազմաքանդվածության պայմաններում սա շատ հեշտ ու գայթակղիչ գործ է։ Սա նշանակում է նաև, որ այլևս որևէ համապետական ընտրություն կեղծվելու է անխնա ու անթաքույց։ Մեկ վայրկյան անգամ չկասկածեք։

Մեծ հավակնություններով մի ՔՊ-ական կեղծված համագումարում հայտարարում է, թե «Մենք պետք է դառնանք անթերի իշխանություն»։ Երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, անթերի դառնալ հնարավոր է միայն պետությունը վերջնական փլուզման բերելով։

Նորից եմ ուզում կրկնել. սա ներկուսակցական կեղծարարություն չէ։ Սա շատ խորքային ռսիկերի մասին է խոսում, և սրա միակ կանխարգելման ձևը առողջ ընդդիմությունն է։

Այսօրվա մոնումենտալ ընդդիմության փոխարեն անհրաժեշտ են առողջ, կենսունակ ժամանակակից ընդդիմադիր ձևաչափեր, որոնք կպատկանեն հասարակությանը, ոչ թե՝ անհատների, կդառնան իրական այլընտրանք գործող իշխանությանը, կդառնան ուժեղ մագնիս՝ հասարակության բոլոր առողջ ուժերի և անհատների համար։

Առաջարկում են նոյեմբերի 5-ի՝ Արցախի աջակցության հանրահավաքից հետո, սկսել իրական քննարկումներ՝ ընդդիմադիր ձևաչափերի վերափոխման և որակական փոփոխությունների ուղղությամբ։ Ռիսկերը շատ մեծ են, շատ ավելի, քան պատկերացնում ենք»։

Aysor.am