ՈՒՄԻ՞Ց Է ԲԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

Բռնազավթման պայմաններում «ճիշտ ժամանակն է» զինված ուժերի ատեստավորման համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամսական պարգևավճարներ տալ զինծառայողներին՝ աշխատավարձի 30%-ի չափով, իսկ դեկտեմբերին՝ 13-րդ աշխատավարձ: Ավելի ուշ Գլխավոր շտաբը որոշում կայացրեց աշխատավարձի 50%-ի չափով միանվագ պարգևավճարի մասին, սակայն զինծառայողներն առ այսօր չեն ստացել խոստացված գումարը։

Զինված ուժերում վաղուց է դժգոհություն հասունանում, որ ոստիկանությունն ու Փաշինյանի անձնական թիկնազորի աշխատակիցները պարբերաբար մեծ հավելավճարներ են ստանում, մինչդեռ զինված ուժերի բարեփոխման փուլում կրճատել են դիրքերում գտնվող կամավորների աշխատավարձը, ինչի մասին ոչ վաղ անցյալում լրագրողներին հայտնեց «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո ավելորդ է հարց տալ, թե ինչու ԶՈՒ բարեփոխումը համընկավ կամավորների աշխատավարձի կրճատման, ինչպես նաև պարգևավճարների ուշացման հետ։ ՊՆ-ից արդեն պատճառաբանություններ են հնչել, որ 30%-ի չափով պարգևավճարները ստանալու համար զինծառայողները պետք է ատեստավորում անցնեն։ Արդեն հրապարակվել է ատեստավորման միջոցառումների ցանկը. ֆիզիկական պատրաստականությունից մինչև 60-կետանոց հարցաշար։ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթման և նոր ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի պայմաններում «ճիշտ ժամանակն է» ատեստավորում անցկացնել Զինված ուժերում։

Պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա համար նախատեսված 360 մլրդ դրամ հատկացումներից նախարարությունը ծախսել է ընդամենը 170 մլրդ դրամ, շոկային արձագանք առաջացրեց մտածող հանրության մոտ։ Այդ խոսքերը հաստատումն էին ԶԼՄ-ների այն հրապարակումների, որ մարտական դիրքերը պատշաճ կերպով կահավորված չեն, նորմալ պայմաններ չկան մարտական հերթապահություն իրականացնելու համար, չկա ծանր սպառազինություն՝ նոր ագրեսիայի դեպքում պաշտպանվելու համար։ Նորմալ կառավարությունը այդպիսի պատճառաբանությունից հետո անմիջապես կհայտարարեր զբաղեցրած պաշտոնին պաշտպանության նախարարի լիակատար անհամապատասխանության մասին։ Պաշտպանության վրա չի կարելի խնայել, հատկապես բռնազավթման պայմաններում

Ինչո՞ւ են պատգամավորական մանդատներ ունեցող ուսապարկերը պարբերաբար բարձր պարգևավճարներ ստանում՝ առանց որևէ ատեստավորման, թեև նրանց ներդրումը խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքում զրոյական է։ Ինչո՞ւ են բողոքի խաղաղ ցույցերի ճնշման համար գործարկվող մորեգույն և սև բերետավորները բարձր պարգևավճարներ ստանում՝ ատեստավորման շրջանցումով, իսկ զինվորականները չնչին հավելավճարի համար պետք է պատասխանեն 60 հարցի և ցույց տան մարտական ու քաղաքական պատրաստականության հմտությունները։

ԱԱԾ-ում ամենից բարձր պարգևավճարներ ստանում են սահմանադրական կարգին պաշտպան կանգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու կոչված վարչության աշխատակիցները։ Գործնականում այդ մարդիկ զբաղվում են ընդդիմադիր գործիչների հետապնդմամբ։ Բայց պարգևավճարների քանակի ու չափերի առումով բոլոր ռեկորդները գերազանցել են պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների անձնական անվտանգությունը։ Բոլորովին վերջերս այդ թիկնազորը վախեցրեց ամբողջ Գավառին, ուր Փաշինյանը մեկնել էր թիվ 2 դպրոցի բացման համար։ Այցի ընթացքում քաղաքը հայտնվել էր ավտոմատավորների հոծ օղակում, նրանք ներկա էին նույնիսկ դպրոցի տարածքում։ Որոշակի ժամանակից ի վեր այդ ծառայության աշխատակիցներն ապահովում են ռեժիմի պարագլխի անվտանգությունը նույնիսկ խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում։

«Հեղափոխության» արշալույսին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ներկայիս ղեկավար Անդրանիկ Քոչարյանը վճռականորեն պահանջեց ցրել օլիգարխների թիկնապահների ավազակախմբերը։ Այն բանից հետո, երբ Փաշինյանի թիկնազորը վրաերթի ենթարկեց հղի կնոջը, այդ պարոնը ծպտուն անգամ չհանեց։ Ավտոշարասյան մեքենաների միջև խոսակցությունների ձայնագրությունը անհետացավ քրեական գործից։ Պատճառը պարզ է. ձայնագրության մեջ կային Փաշինյանի խոսքերը։ Նրա թիկնապահները նույնիսկ չէին փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի զոհին

Ամեն ինչ սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից։ Փաշինյանի այցելության օրերին շենքի տանիքին պարբերաբար հայտնվում էին զինված դիպուկահարներ։ Ավելի ուշ նրանց նկատեցին կառավարության մասնաշենքերի տանիքին՝ ընդդիմության բողոքի խաղաղ ցույցերի ժամանակ։ Որոշ ժամանակ անց դիպուկահարները սկսեցին նշանառության տակ առնել մարդկանց Մարշալ Բաղրամյան պողոտայում՝ խորհրդարանի պատուհաններից, ինչպես նաև ռեժիմի պարագլխի ծառայողական մեքենայից և ուղեկցող մեքենաներից։ Նախագահներից և վարչապետներից ոչ մեկը երբևէ չի հայտնվել խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում անձնական թիկնազորի ուղեկցությամբ: Նախկինում երբեք բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաներից չեն թիրախավորել ժողովրդին։

Բորը սկսվում է հարբուխով

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս «Ուժը Հայրենյաց» մինի-կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի անկեղծացումները՝ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ կոալիցիայի կուսակցությունների առաջնորդների հանդիպումներին նախորդող խուզարկությունների մասին, սաստիկ զարմացրեցին քաղաքականացված հանրությանը։ Փաստորեն, Փաշինյանը չի վստահում ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլև լավ կերակրված և իր շահերը սպասարկող արտախորհրդարանական ոչ ֆորմալ կոալիցիայի առաջնորդներին։

Այն ժամանակ, երբ երկրորդ եվ երրորդ նախագահները հանգիստ քայլում են մայրաքաղաքի փողոցներով, Նիկոլը մի քայլ անգամ չի կարող անել՝ առանց թիկունքից «դավաճա՛ն» գոչյուն լսելու։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ այս աշնանը, Երբ Փաշինյան ամուսինները որոշեցին Օպերայի և բալետի թատրոնի շենքից Հյուսիսային պողոտայով իջնել Հանրապետության հրապարակ՝ թիկնազորի հոծ օղակի ուղեկցությամբ։ «Դավաճա՛ն» գոչյունը շատ բարձր հնչեց, հեռուստախցիկներն արձանագրեցին Նիկոլի ու Աննայի վախեցած դեմքերը։

Անբուժելի հիվանդությունները, ներառյալ պարանոյան, սկսվում են աննկատ: Բորը, օրինակ, սկսվում է հարբուխով։ Քաղաքական պարանոյան մեր դեպքում նույնպես սկսվեց աննշմար դրվագից, երբ Փաշինյանը դիմեց ժողովրդին մեծ գրող Հովհաննես Թումանյանի անունից։ Այնուհետ կառավարության նիստում ԱԱԾ ղեկավարին հանձնարարվեց վերծանել «սատանայի կոդը», իսկ հընթացս վնասազերծել «խավարի իշխանին» երկրպագողներին։ Այնուհետ Իտալիայում Փաշինյանը հայտարարեց «Վատիկանի նկուղներում թաքնված կոռուպցիոներներին բռնելու» մտադրության մասին և համեմատեց իրեն Հիսուս Քրիստոսի հետ, որը տաճարից վռնդեց վաշխառուներին։ Այդպես էլ ասաց. «Եվ ինքս, ինչպես Հիսուս Քրիստոսը...»։

Երկրում տեղաշարժվել թիկնապահների խիտ օղակով շրջապատված, որոշումներ կայացնել կառավարության շենքի երկաթե ճաղերի հետևում (ճաղերը տեղադրել են Նիկոլի օրոք), գաղտնալսել թիմակիցների խոսակցությունները՝ օրեցօր վախենալով դավադրություններից. սա քաղաքական գործչի կյանք չէ, սա հալածված գազանի պահվածք է։ ԶԼՄ-ները գրում են, որ Փաշինյանի թիմակիցները կռահում են, որ բջջային հեռախոսակապով իրենց խոսակցությունները գաղտնալսվում են։ Տասնյակ միլիոնավոր դոլարներով ձեռք բերված գաղտնալսման համակարգի մասին բազմիցս գրել են բոլոր ազդեցիկ պարբերականները։

Պարանոյան սաստկանում է, վերջին օրերին զգալի նրբերանգներ են հայտնվել հրապարակային հռետորաբանության մեջ։ Վերջին քառօրյայի ամբիոնից կապիտուլյանտը հայտարարեց, թե «կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները կառավարությունը ընդունել է շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից, բայց դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»։ Փաշինյանը շեշտադրեց այն, որ իր կառավարության դիրքորոշումը համընկնում է խորհրդարանական ընդդիմության տեսակետի հետ։ «Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց», - հայտարարեց Փաշինյանը, բացահայտորեն քծնելով ոչ միայն Պուտինին՝ Երևան կատարելիք այցից հաշված օրեր առաջ, այլև ընդդիմադիր խմբակցություններին: Կարծում եմ, այդ ճառից հետո շատերը հարց են տվել. «մի՞թե սա այն նույն տղան չէ, որը ոչ այնքան վաղուց իր իսկ հեղինակած ռուսատյաց հոդվածիկներն էր հրապարակում իր ընտանեկան թերթում», «մի՞թե հենց Փաշինյանը չէր, որ լայնածավալ ռուսատյաց հիստերիա նախաձեռնեց խորհրդարանի ամբիոնում և ԶԼՄ-ներում»:

Ռեժիմի պարագլխի վերջին հրապարակային ելույթները ցույց տվեցին, որ նա արդեն շատ հեռու է ռիսկերի և մարտահրավերների համարժեք ընկալումից։ Պետք չէ խաբվել հանգիստ ձայներանգին, 3,5 տարվա ընթացքում նա սովորել է հիստերիայի մեջ չընկնել խորհրդարանի ամբիոնում. դե, նաև դեղամիջոցներն են օգնում

Հետապնդման մոլուցքով տառապող մարդիկ հազվադեպ են գուշակում իրական սպառնալիքի աղբյուրը: Այդ սպառնալիքն ակնհայտորեն բխում է բնավ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից, ոչ գեներալակազմից, որը Պապիկյանը գրեթե ամբողջությամբ մաքրազտել է 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրողներից, ոչ էլ զոհված զինվորների վշտաբեկ ծնողներից... Այդ սպառնալիքը բխում է նրանցից, ովքեր բոլորովին չեն ուզում, որ Փաշինյանը հրաժարականից հետո հայտնվի մեղադրյալի աթոռին և պատմի բարի աչքերով քննիչին 5 միլիարդ դոլարի մասին՝ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի դիմաց, Հայաստանի տարածքի պայմանավորված բռնազավթման և բազմաթիվ այլ բաների։ Խաղացանկն ընդարձակ է

Ի դեպ, համագումարից հետո Պապիկյանի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ցուցաբերած ծայրահեղ ակտիվությունը հանգեցնում է այն մտքին, որ պարոնայք արդեն կիսում են դեռ չսպանած արջի մորթին։ Մենք առաջինը չենք, որ նկատել ենք դա …