ՀՀ էկոնոմիկայի նախարարություն․ Վրաստանում 1600 բեռնատար մեքենա է կանգնած

Այս պահին հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում՝ «Վերին Լարս» անցակետում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լուծման ուղղությամբ։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Թբիլիսիի մոտ արգելափակված հայկական բեռնատարներին շուտով թույլ կտան շարունակել երթևեկությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է գերատեսչության ներկայացուցչի ու Վրաստանում ՀՀ հյուպատոսի պաշտոնակատարի՝ Թբիլիսի կատարած այցի արդյունքում:

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, երբ ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։

«Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի», - նշել են նախարարությունից։

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները նվազում են Լարսի անցակետի թողունակության վերականգնման շնորհիվ։ Հայկական բեռներով մեքենաների համար թողունակությունը նույնն է՝ օրական մոտավորապես 160-170 մեքենա։

Ինչ վերաբերում է Փոթի-Կովկաս երթուղով լաստանավի գործարկմանը, ապա Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախկինի պես հստակ ժամկետների մասին տեղեկություն չունի։ Գերատեսչությունից նշում են, որ ուշացումը մեծապես կապված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Սակայն հայկական կողմն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում առաջացած դժվարությունները հաղթահարելու և ծովով հաղորդակցությունը շուտափույթ գործարկելու նպատակով։

Գերատեսչությունում վստահ են, որ լաստանավային հաղորդակցությունը դրական կանդրադառնա միջազգային շուկա հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշների վրա: Մասնավորապես՝ այն թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումների ծավալը և ավելի մատչելի կդարձնի լոգիստիկ ենթակառուցվածքները փոխադրողների համար։ Բացի այդ, պետության կողմից լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության համար։ Դրա շնորհիվ լաստանավը կարող է մրցակցել «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհի հետ։

Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Ճանապարհը փակվում է ձմռանը վատ եղանակի պատճառով (ձնահոսքի վտանգ կա), իսկ փոխադրողները ստիպված են լինում օրերով ու շաբաթներով հերթի մեջ սպասել, որ ճանապարհը բացվի։

Նշենք, որ Ռազմավիրականճանապարհի հետ կապված բարդություններն այս տարի մի քանի անգամ ի հայտ եկան։ Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու ռուսական սահմանափակումները վերացնելուց(որոնքսահմանվել էին2020 թվականի մարտին COVID-19-ի համավարակի պատճառով- խմբ.) և Ուկրաինայում տիրող իրավիճակի սրացումից հետո բեռների մի մասը (այդ թվում՝ թուրքական և ադրբեջանական) սկսեցին ցամաքային ճանապարհով (Լարսով) տեղափոխել Ռուսաստան։ Դա բազմակիլոմետրանոց հերթեր գոյացրեց ոչ միայն մաքսակետում, այլև ճանապարհի վրացական հատվածում։