Թե՛ մեքենաների, թե՛ վարորդների դեֆիցիտ կա. Էկոնոմիկայի նախարարությունը լուծումների մասին լռում է

Լարսի թողունակության կրճատման հետևանքով Վրաստանի տարածքում առաջացած կուտակումները որքան ձգձգվում են, այնքան բեռնափոխադրող ընկերությունների խնդիրներն ավելանում են։ Բեռնատարների՝ շաբաթներով ճանապարհին կանգնած մնալու հետևանքով ոչ միայն ջերմոցային ապրանքներն ու պիտանելիության կարճ ժամկետով մթերքն է փչանում, այլև վարորդներն են հրաժարվում երթուղի դուրս գալ։

«Ներկա դրությամբ միայն մեր ընկերության 8 մեքենա Վրաստանում հերթի մեջ կանգնած է։ Մեքենա ունենք, որ այսօր 26-րդ օրն է՝ կանգնած է։ Այս իրավիճակը շղթայական խնդիրներ է առաջացրել բեռնափոխադրողներիս մոտ. Հիմա և՛ մեքենաների դեֆիցիտ կա, և՛ վարորդների։ Այս ամենից ամենաշատը տուժում են վարորդները։ Չգիտես որտեղ հերթի մեջ ամսով մնում են՝ կենսական տարրական պայմաններից զուրկ։

Դրա համար էլ վարորդներ ունենք, որ հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Մեր գործընկերներից մեկի բեռնատարների մի մասը՝ 6-7 մեքենա, կանգնած է. վարորդ չկա, որ բարձեն, բեռներն ուղարկեն։ Վարորդներն ասում են՝ այսպես չենք քշելու, ավելի լավ է էստեղ տաքսի քշենք, քան ամիսներով մնանք ճանապարհներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վիար Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վիտալի Սահակյանը։

Բեռնափոխադրող ընկերության ղեկավարը նշում է՝ պատկան մարմինները՝ մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը, միայն խնդրի պատճառն է մատնանշում, իսկ լուծման տարբերակների մասին՝ ոչ մի խոսք։

«Նախարարությունը միայն ասում է, թե ինչից է խնդիրն առաջացել, բա հետո՞։ Մենք էլ գիտենք պատճառը, բայց մեզ լուծումն է պետք, իսկ լուծման ոչ մի տարբերակ չեն առաջարկում։ Ունենք ապրանքներ, որոնք թեկուզ սառնարաններում են, բայց, ասենք, 20 օրից ավել չեն դիմանում։ Արդյունքում տուժում են ջերմոցային տնտեսությունների տերերը, մենք՝ բեռնափոխադրողներս, քանի որ թե՛ վարորդների համար ենք նախատեսածից շատ ծախսում, թե՛ մեքենաների դիզվառելիքի։ Օրինակ՝ մեկ մեքենան օրական 50-60 լիտր վառելիք է ծախսում՝ հերթի մեջ կանգնած»,-ասում է բեռափոխադրող ընկերության ղեկավարը։

Սահակյանը նաև պատվիրատուների հետ հնարավոր խնդիրների համար է մտահոգ։ Ասում է՝ եթե որոշ պատվիրատուներ ըմբռնումով են մոտենում և հասկանում, որ զուտ ֆորս-մաժորն է պատվերների ուշացման պատճառը, ապա կան պատվիրատուներ էլ, որոնց ոչ մի արդարացում չի հետաքրքրում.

«Եթե մարդիկ տենդեր են շահել, բայց ապրանքն ուշանում է, արդեն ինչքան էլ ուզում ես արդարացիր, որ քո մեղքով չի ուշանում։ Ասում է՝ պետությունն ինձ տուգանում է, ես էլ քեզ պիտի տուգանեմ»։

Մյուս խնդիրը, որին ստեղծված իրավիճակում բախվում են բեռնափոխադրող բոլոր այն ընկերությունները, որոնք չունեն սեփական բեռնատարները, այլ վարձակալել են, վճարի մարումն է։

«Եթե բեռնափոխադրում չեմ արել մեկ ամիս, մեքենաները կանգնած են ճանապարհին, բայց ամսավճարը տալու օրն է, ապա որտեղի՞ց, ինչպե՞ս պիտի վճարեմ...Դա ևս լուրջ խնդիր է»,-նշում է Սահակյանը։