ԲԱԶՄԱՔԱՅԼ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Ավետիսյանը կարեկցանք է հարուցում, իսկ մյուսնե՞րը
Պարոն Սորոսի հետևորդները՝ քաղաքացիական հասարակության ցուցանակի ներքո, ակտիվորեն քննարկում են 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը զավթած ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկի առողջական վիճակը: Ավելի վաղ Ազգային ժողովրդավարական բևեռը (ցուցանակ, որի տակ «Սասնա ծռեր» կուսակցությունը 2021թ. հունիսի 20-ին առաջադրվեց ԱԺ-ում) քաղաքական և հասարակական կազմակերպություններին հղված համապատասխան ուղերձ էր տարածել։ Խոսքը Վարուժան Ավետիսյանի մասին է, որը, հիշեցնեմ, համակարգել է «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ռազմականացված օբյեկտի զավթման փուլում և զաթումից հետո, ինչի արդյունքում զոհվել են ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրա Տեփանոսյանը։
«Բեվեռի» պարոնները պնդում են, որ մտահոգված են ազատազրկման պայմաններում Ավետիսյանի առողջական վիճակով, քանի որ նա Հայաստանից դուրս բժշկական հետազոտությաուն անցնելու կարիք ունի, իսկ բուն Հայաստանում Ավետիսյանի հիվանդությունը չեն կարող բուժել:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե որտեղի՞ց ահաբեկչական խմբի պարագլխին արտասահմանում բուժզննում անցնելու գումարներ։ Երևի նույն այն մարդկանցից, որոնք փող են տվել իրեն ու իր թիմակիցներին կուսակցություն ստեղծելու և արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Անդրադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ «Սասնա ծռերի» ղեկավարությունը և քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք արձագանքեցին ահաբեկիչների կուսակցության ուղերձին, ծպտուն անգամ չեն հանել մյուս բանտարկյալների ճակատագրի մասին։ Օրինակ՝ որ գեներալ Մանվել Գրիգորյանի ախտորոշումները բացառում էին բանտախցում նրան պահելը։ Երեք ամիս շարունակ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը չէր կարողանում դատավոր Մնացական Մարտիրոսյանին եզրակացություն ներկայացնել այն մասին, որ դիաբետի ինսուլինային կախվածության փուլում ծանր օնկոլոգիայով տառապող մարդուն չի կարելի պահել բանտային պայմաններում։
Ինչո՞ւ այդ մարդիկ մի բառ անգամ չեն ասել այն մասին, որ ազատազրկման պայմաններում կտրուկ վատացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը։ Ինչո՞ւ նրանց չէին հուզում հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի արյան ճնշման վտանգավոր տատանումները և Նարեկ Մանթաշյանի շաքարի մակարդակի ցուցանիշները։ Ասեմ ավելին. այդ «սրտացավ» պարոնայք առանձնապես չվշտացան, երբ հուլիսին դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Ասեմ է՛լ ավելին. ահաբեկիչների կուսակցությունն անուշադրության մատնեց խմբի մյուս պարագլխի՝ Պավլիկ Մանուկյանի կնոջ դիմումը օգոստոս ամսին։ Վերջինս բողոքում էր, որ ամուսնուն վիրահատությունից հետո կրկին վերադարձրել են բանտախուց։ «Ինչո՞ւ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն»,- հարց էր տալիս ահաբեկչական խմբի պարագլխի կինը։ Հիշեցնեմ, որ ինքը՝ Մանուկյանը, հակառակ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, առնչություն չի ունեցել և չունի «Սասնա ծռեր» կուսակցության և դրա ղեկավարների հետ։ Այստեղից էլ ուշադրության բացակայությունը ահաբեկչության գործում իրենց նախկին հանցակցի նկատմամբ։
Ինչո՞ւ է քաղաքացիական հասարակությունն այդչափ սրտաթրթիռ ուշադրություն ցուցաբերում ահաբեկչական խմբի պարագլխի անձի նկատմամբ։ Մի՞թե տարօրինակ չէ, որ այդ ուշադրությունը հանրային տիրույթում համընկավ գլխավոր դատախազության բավական հետաքրքիր հաղորդագրության հետ։
Ո՞վ է 21 տարի անց կրկնակի փորձաքննություն անցկացրել
ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որից հետևում է, թե 2001թ. սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանի սպանության քննության ընթացքում բժշկական երկու փորձագետներ Շավարշ Գևորգյանը և Գագիկ Հարությունյանը տվել են «կանխահայտ շինծու եզրակացություն»: Այդ եզրակացության հիման վրա 2022թ.հոկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նոյեմբերի 17-ին դատական բժիշկների նկատմամբ հայտարարվել է քրեական հետապնդում, նրանց հեռացրել են աշխատանքից։
Այնքան էլ պարզ չէ, թե 21 տարի անց ինչպես կարելի էր թերություններ հայտնաբերել դատական բժիշկների եզրակացությունների մեջ։ Հետաքրքիր է, ո՞վ է կրկին փորձաքննություն անցկացրել երկու տասնամյակ անց։ Հասկանալի չէ նաև, թե ինչո՞ւ այդ գործի վրա չի տարածվել վաղեմության ժամկետի մասին հոդվածը։ Օրերս հայտնի դարձավ, որ անցյալի վերակենդանացումը համընկել է նմանատիպ մեկ այլ դրվագի հետ, որն էլ մեզ օգնեց հասկանալ այդ պարզունակ բազմաքայլ կոմբինացիայի վերջնական նպատակը։ Մեզ հասած տեղեկություններով, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտադիր է դիմել խորհրդարան՝ պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ միջնորդությամբ, 2016 թվականի գործով։ Այդ գործը կապված է ՊՊԾ գնդի զավթման ահաբեկչական գործողության հետ, ավելի ճիշտ՝ դրա մեկ դրվագի։ Արթուր Սարգսյանը (նույն ինքը՝ «հաց բերողը») ճեղքեց ոստիկանների շղթան և հաց տարավ խմբի անդամներին, ինչի համար էլ ստացավ իր մականունը։
Սարգսյանը կալանքից ազատ արձակվեց 2016 թվականի դեկտեմբերի 30-ին միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ առ այն, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ բանտային պայմաններում գտնվելու հետ։ Մեծ դեր խաղաց նաև հասարակության վերաբերմունքը։ Սարգսյանի արարքը գնահատել էին նույնիսկ նրանք, ովքեր համամիտ չէին ահաբեկիչների մեթոդներին ու գաղափարախոսությանը։ Ազատ արձակվելուց մեկ օր անց քննիչը նշանակեց կրկնակի փորձաքննություն։ Երկրորդ բուժհանձնաժողովի կազմում ընդգրկված էր նաև բժիշկ Արմեն Չարչյանը։ Երկրորդ փորձաքննությունից հետո Սարգսյանին կրկին կալանավորեցին։
Երկրորդ բժշկական հանձնաժողովը եզրակացություն տվեց այն մասին, որ առողջական վիճակը թույլ է տալիս կալանավորել Սարգսյանին միայն փաստաթղթերի հիման վրա։ Բայց Սարգսյանը երկրորդ բուժզննում չանցավ, քանի որ չներկայացավ հանձնաժողովի կանչով։ Չարչյանի ստորագրությամբ եզրակացության մեջ այդ փաստը նշված է, հղում կա Սարգսյանի չներկայանալու հանգամանքին և հիշատակում, որ բժշկական հետազոտության արդյունքներով եզրակացությունը կարող էր այլ լինել։ Գլխավոր դատախազությունը հիմք է ընդունում Սարգսյանի մահվան փաստով երկու գործերը, որոնք հարուցվել են 2017 և 2019 թվականներին: Հետագայում դրանք միավորվել են մեկ գործի։
Վարդապետյանը Չարչյանին մեղադրանք է ներկայացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան։ Չի բացառվում, որ դա փոխարկվի մեկ այլ՝ ավելի ծանր մեղադրանքի, օրինակ, տվյալների միտումնավոր խեղաթյուրում՝ կալանավորման հիմքեր ստեղծելու նպատակով…
Ամեն ինչ հնարավոր է։ Չի բացառվում, որ մոտ հեռանկարում քաղաքական հաշվեհարդարների մոլուցքը տանի գլխավոր դատախազին դարերի խորքը, որպեսզի այնտեղ գտնի նորին մեծություն Փաշինյանին իրենց գոյության լոկ փաստով այնքա՜ն նյարդայնացնող ընդդիմության ներկայիս ներկայացուցիչների մեղքի «ապացույցները»։
Ժամանակին մենք շատ մանրամասներ ենք հրապարակել Սարգսյանի վաղաժամ մահվան մասին, դրանք կրկնելն իմաստ չունի, մանավանդ որ գլխավոր դատախազի գերխնդիրն ամենևին էլ Նյուտոնի բինոմը չէ. Վարդապետյանը որոշել է վերակենդանացնել Սարգսյանի մահվան պատճառների գործը Չարչյանին մեղադրանք ներկայացնելու նպատակով։ Չհաջողվեց երկար ժամանակով «փակել» անվանի բժշկին՝ 2021թ. ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել ստիպելու նպատակով բժշկական կենտրոնի աշխատակիցների վրա ճնշում գործադրելու մտացածին մեղադրանքով, ուստի հիմա էլ որոշել են բռնել մյուս ծայրից։ Եթե չհաջողվի Չարչյանին դատապարտել Սարգսյանի մահվան պատճառ դարձած անբարեխիղճ գործողությունների մեղադրանքով, կհորինեն մեկ այլ բան, և այդպես՝ անդադար։ Մարդը լինի՝ հոդվածը կճարվի: