ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՉՈՐՍՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ. ՀԵՌԱՆԿԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ…

2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրողների մեծ մասը չի քվեարկել

Հեռանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից՝ Լին Թրեյսին օրերս հայտարարեց, թե «2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաժողովրդավարականն էին անկախության ողջ ժամանակահատվածում», իսկ հայ ժողովուրդը, նրա խոսքերով, «մտադիր չէ հետքայլ կատարել դեպի կոռումպացված անցյալ»։ Թե որքանով են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանում ընտրողների գերակշիռ մասի կողմից անտեսված ընտրությունները, թողնում ենք Թրեյսիի խղճին։

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետևանքն էին Դուշանբեի վերելակում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցությունների։ Հանդիպումը կայացավ ԱՊՀ համաժողովի շրջանակներում, նույն օրը Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերի 29-ին խորհրդարանը կրկին մերժեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ինչից հետևում էր, որ արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն գործող օրենսգրքով և ընդդիմության քննադատած ռեյտինգային համակարգով:

Ռեյտինգային ընտրությունների ամենից անհաշտ քննադատները Փաշինյանն ու իր թիմն էին։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանը կրկին չընտրեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում և լուծարվեց։ Նոյեմբերի 14-ին ժամը 18։00-ին լրացավ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը։ Վերելակում Ալիևի հետ բանակցելուց հետո Փաշինյանը խախտեց բանավոր պայմանավորվածությունները քաղաքական ուժերի հետ, որոնց խոստացել էր, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի ամռանը, և որ կուսակցությունները բավական ժամանակ կունենան նախապատրաստվելու և իրենց ծրագրերը ժողովրդին ներկայացնելու համար։

Պատրաստվել հասցրեց միայն Փաշինյանի թիմը։ 2018թ. նոյեմբերի 26-ին Թալինում քարոզչության ընթացքում Սասուն Միքայելյանն արտասանեց իր տխրահռչակ արտահայտությունն այն մասին, թե Փաշինյանի «հեղափոխության» գործում ժողովրդի հաղթանակն ավելի կարևոր էր, քան հաղթանակն Արցախյան ազատամարտում։ Ստեփանակերտից արձագանքը հաջորդեց անմիջապես, արդյունքում նոյեմբերի 29-ին Ճամբարակում Փաշինյանը կրկնեց Միքայելյանի արտահայտությունը և Արցախի Հանրապետության իշխանություններին խորհուրդ տվեց ավելի համեստ լինել։

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները կայացան էյֆորիայի ալիքի վրա, սակայն գրանցվեց ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին դեկտեմբերի 9-ին չի քվեարկել։ Փաշինյանի կողմնակիցները ճղավում էին իրենց ձայն տված ընտրողների 70%-ի մասին, մինչդեռ իրականում այդ 70%-ը գոյացել էր քվեարկությանը մասնակցած 40%-ի խորապատկերին։ Այլ կերպ ասած, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 40%-ի 70%-ը։ Մնացած ձայները տրվել էին ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

2018-ի խորհրդարանին ի սկզբանե կարճ կյանք էին կանխատեսում։ Հիշեցնեմ, որ արտահերթին նախորդել էին 2017թ. ապրիլի 2-ի հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ էր տարել, որը ոչ ոք չէր վիճարկել։ Ընտրողների հիշողության մեջ դեռ թարմ էին 2016-ի Քառօրյա պատերազմի դրվագները և Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիան։ Ագրեսիա սկսելով Արցախի շփման գծի ողջ երկայնքով, Ալիևը 4 օր անց խնդրում էր Պուտինին կանգնեցնել հայկական զինված ուժերը, որոնք հետ մղելով հակառակորդի հարձակումը՝ պատրաստվում էին անցնել հակահարձակման։

Իսկ հետո եկավ 2018 թվականը: Սկիզբը խոստումնալից էր. հունվարի 24-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի մեծ արձագանք առաջացրած ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, հունվարի 25-ի գիշերը ադրբեջանցիները լայնածավալ դիվերսիա ձեռնարկեցին Արցախի շփման գծում, որը հետ մղվեց առանց մեր կողմից կորուստների։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց մի խումբ մարդկանց վրա, որոնք մարտի 31-ին Նիկոլի գլխավորությամբ դուրս եկան Գյումրիից և շարժվեցին դեպի Երևան...

2017-ի ընտրություններից հետո ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլի և իր կուսակցության, ճամարտակում էր, թե իբր՝ ռեյտինգային համակարգն «ապահովել» է ընտրողների կաշառումը նախքան ընտրատեղամասեր այցելելը, սակայն ընտրակաշառքի որևէ դեպք չէր արձանագրվել։ Փաշինյանի թիմը հիշեցրեց ապրիլի 2-ի ընտրությունների մասին, երբ խորհրդարան եկավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ առանց կնիքի ու ստորագրության թղթի կտորով, որի վրա, իր խոսքերով, նշված էին 2017 թվականի նմուշի ընտրակաշառքի հասցեատերերի ազգանունները։

Արդյունքում Գագիկ Ծառուկյանը բանտում անցկացրեց գրեթե ամբողջ 44-օրյա պատերազմը, իսկ հետո ազատ արձակվեց առանց որևէ բացատրության։ Հիշեցնեմ, որ ազգանուններով թուղթը գտել էին Ծառուկյանի մերձավոր թիմակցի գործով խուզարկության ժամանակ։ Այդպես էին, համենայնդեպս, պնդում իշխող շրջանակները։

7-րդ գումարման խորհրդարանը հիշողության մեջ մնաց 5 պատգամավորների ելքով

Ծառուկյանին կալանքից ազատելու պաշտոնական հիմնավորումը մինչ օրս չկա, իսկ 2018թ. խորհրդարանը հիշողության մեջ մնաց միայն «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ելքով՝ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո։ Երկրորդ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի բռնազավթման պայմաններում՝ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո։

2020 թվականի դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հանդես եկավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարով, որպեսզի աշխարհին ցույց տա, թե պարտությունից հետո էլ ժողովուրդն առաջվա պես իր կողմից է։ 2021 թվականի փետրվարի 7-ին նա անսպասելիորեն հրաժարվեց արտահերթ ընտրությունների գաղափարից։ Հետո տեղի ունեցան նրա սեպարատ բանակցությունները Ծառուկյանի և Մարուքյանի հետ, և մարտի 18-ին Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են լինելու, և դա Սահմանադրության առաջին կոպտագույն խախտումն էր, քանի որ ընտրություններ նշանակելու իրավասությունը պատկանում է նախագահին, այլ ոչ թե վարչապետին։

Սահմանադրության երկրորդ խախտումը, որ բնորոշ է արտահերթ երկու քարոզարշավներին, ինչպես բազմիցս նշվել է նախորդ հրապարակումներում, կապված է այն հանգամանքի հետ, որ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Փաշինյանն իրավունք չուներ իր ձեռքում պահել ողջ իշխանությունը։ Չնայած դրան, նա մասնակցում էր քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանը, զուգահեռաբար կատարելով վարչապետի գործառույթները, թեև իր հրաժարականն ընդունվել էր խորհրդարանի և նախագահի կողմից: Ընդ որում դեկտեմբերի 9-ի ընտրություններին նախապատրաստվելիս դա տեղի էր ունենում ասես լռելյայն, իսկ 2021 թվականին պաշտոնը լքելիս Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ իր ձեռքում է պահում վարչապետի բոլոր լիազորությունները։

Հենց միայն այդ հայտարարությունը լեգիտիմությունից զրկում է 2021թ. ընտրությունները, չենք խոսում արդեն մյուս խախտումների մասին, որոնք քննության առարկա դարձան Սահմանադրական դատարանում։

Դեկտեմբերի 9-ի ընտրություններն ուղղված էին ՀՀԿ-ի դեմ

Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններն ուղղված էին առաջին հերթին ՀՀԿ-ի դեմ։

Այդ նպատակը Նիկոլը քողարկեց թերի թեզով, թե իբր՝ խորհրդարանի նախահեղափոխական կազմը խանգարում է արտաքին ներդրումների հոսքին։ Հսկայական ջանքերի շնորհիվ (հանրապետականների դեմ աշխատում էին իշխանության բոլոր մակարդակներում) հաջողվեց կասեցնել ՀՀԿ-ի վերադարձը խորհրդարան, բառացիորեն՝ անցողիկ շեմից միլիմետրեր առաջ։ Սերժ Սարգսյանի կուսակցությանը անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար չբավականացրեց ձայների չնչին քանակ։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է ուղիղ 4 տարի, իսկ երկիրը փոխվել է անճանաչելիորեն։ 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները չվերացրեցին քաղաքական ճգնաժամը, այսօր այդ ճգնաժամն ախտահարել է կյանքի բոլոր ոլորտները՝ անվտանգությունից մինչև մշակույթ։

Չորսուկես տարվա ընթացքում երկու անգամ երկրում կայացան համապետական արտահերթ ընտրություններ։ 2023-ին նշանակված են մայրաքաղաքի ավագանու հերթական ընտրությունները, ընդդիմությունը հնարավորություն ունի ռեժիմից հետ նվաճել երկրի առնվազն կեսը։ Համաձայնեք, լավ հեռանկար է