ՄԵԿ ԴԱՐՊԱՍՈՎ ԽԱՂ՝ ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ

Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումները կմեկնարկեն այս տարեվերջին, հաղորդում է Hürriyet թերթը:

«Ավելի վաղ վերսկսվել են ուղիղ չվերթները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այժմ աշխատանքներ են տարվում օդային բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ»,– ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ գործընթացը մոտենում է ավարտին, և փոխադրումները կմեկնարկեն արդեն այս տարեվերջին, ինչի արդյունքում թուրքական ապրանքներն ուղղակիորեն կներմուծվեն Հայաստան, հաղորդում է Sputnik Արմենիան։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այն մասին, որ Հայաստանի եվ Թուրքիայի միջեվ բեռնափոխադրումների կարգավորումն օգուտ է խոստանում թուրքական կողմին և սպառնալիքներ պարունակում հայկական կողմի համար, վաղուց են զգուշացնում փորձագետները: Ակնհայտ է, որ հորդելով հայկական շուկա՝ թուրքական էժան արտադրանքը հսկայական մրցակցային խնդիրներ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, այստեղ հարկ է հաշվի առնել, որ հայ-թուրքական առևտրային հաղորդակցությունն ավանդաբար աշխատում է մեկ ուղղությամբ՝ Հայաստանը ներկրում է թուրքական արտադրանք, իսկ Թուրքիան հայկական արտադրանք գործնականում չի ներկրում։ Այնպես որ հայկական տնտեսությունը ուրախանալու առիթ չունի այն առնչությամբ, որ ուր որ է կսկսվեն հայ-թուրքական օդային բեռնափոխադրումները։ Սակայն տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։

Ուղիղ մեկ տարի առաջ, իսկ ավելի ստույգ՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի կառավարությունը չեղարկեց 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին իր իսկ (ՀՀ կառավարության) սահմանած էմբարգոն թուրքական ապրանքների ներկրման նկատմամբ։ Եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա պետք է ասել, որ կառավարությունը ոչ թե չեղարկեց էմբարգոն, այլ պարզապես չերկարաձգեց ժամանակավորապես սահմանված արգելանքը։ Ինչևէ, այս տարեսկզբից նշված սահմանափակումները չեն եղել։ Զուգահեռաբար այս տարի սկսվել և շարունակվում է հայ-թուրքական սիրախաղը երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս խորապատկերին միանգամայն բնական ցանկություն է առաջանում ծանոթանալ էմբարգոյի չեղարկման կոնկրետ արդյունքներին և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը՝ որպես մերձեցման քաղաքական գործընթացի բաղկացուցչի։ Այլ կերպ ասած, կցանկանայինք, օրինակ, իմանալ, թե աճե՞լ է արդյոք հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը էմբարգոյի չեղարկումից և մերձեցման ուղղությամբ կողմերի քայլերից հետո։

Սակայն, որքան էլ պարադոքսալ է, Հայաստանի կառավարությունը, չգիտես ինչու, ջանադրաբար թաքցնում է այդ տեղեկատվությունը։ Բանն այն է, որ Վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից, որոնք վերաբերում են տարբեր երկրների հետ արտահանման-ներկրման ծավալներին, Թուրքիան իսպառ անհետացել է։ Այդ երկրի վերաբերյալ որևէ տվյալներ չկան: Թեև պատերազմից և դրան հաջորդած մերձեցման գործընթացից առաջ Վիճակագրական կոմիտեն այդ տվյալները ներկայացնում էր։ Օրինակ, 2020-ին, մինչև սեպտեմբեր, հայ-թուրքական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 163 միլիոն դոլար։ Ընդ որում, Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 490 հազար, մինչդեռ թուրքական ապրանքների ներկրումը հասել է 162,3 միլիոնի։ Այսինքն Հայաստանը թուրքական արտադրանք ներկրել է ավելի քան 330 անգամ ավելի շատ, քան իր արտադրանքը արտահանել Թուրքիա։ Դա, ըստ էության, խաղ է մեկ դարպասով: Փաստացի՝ արտառոց անհավասարակշռություն: Բայց իրավիճակը կարծես թե պիտի փոխվեր հայ-թուրքական երկխոսության մեկնարկով, էմբարգոյի չեղարկմամբ և այլն։

Եվ ահա այսօր... պաշտոնական ոչ մի տվյալ չկա։ Չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունները եռանդագին թաքցնում են համապատասխան տեղեկատվությունը էմբարգոյի չեղարկումից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալի մասին։ Եվ սկզբունքորեն կարելի է ենթադրել, թե ինչու։ Ամենայն հավանականությամբ, նույն այդ մեկ դարպասով խաղը ոչ միայն շարունակվում է, այլև ստացել է այնպիսի վիթխարի մասշտաբներ, որ կառավարությունը նախընտրում է գաղտնի պահել խայտառակ ցուցանիշները։ Ասենք, սա լոկ վարկած է, ընդ որում՝ շատերից մեկը:

Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումային ավիահաղորդակցության կարգավորման հեռանկարն առնվազն մտահոգիչ է մեզ համար։ Իսկ բացի այդ, որոշակի մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը, հակառակ իր սովորական ոճին, չի վերածում տվյալ հեռանկարը ինքնագովազդի ակտի…