Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ․ ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ՃՆՇՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼ

Լաչինի միջանցքը վաղ թե ուշ կարող է ապաարգելափակվել։ Ըստ ամենայնի՝ ինչ-որ բան կպայմանավորվեն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, չափազանց կարևոր է ոչ թե այն, որ կողմերը վաղ թե ուշ կպայմանավորվեն, այլ այն, թե ինչպես դա կանեն։

«Ի վերջո, նրանք հստակ պահանջներ ունեն։ Իսկ Հայաստանը կհամաձայնի՞ այդ պահանջներին, դա ինձ համար հարց է։ Ղարաբաղի մասին խոսք չկա»,- նկատեց քաղաքագետը։

Այնուամենայնիվ, ըստ Իսկանդարյանի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող մայրուղու ապաշրջափակումը ամենևին էլ չի նշանակում, որ Բաքուն նոր, ավելի լուրջ սադրիչ քայլեր չի ձեռնարկի Լաչինի միջանցքի հետագա արգելափակմամբ։ Նոր արգելափակումը, նրա խոսքով, կարող է շատ ավելի երկարատև ու ծանր լինել:

«Այս անգամ իբր բնապահպաններն էին։ Ամեն դեպքում նրանց այդպես են ներկայացնում։ Հաջորդ անգամ կլինեն ֆիլատելիստներ ու հրացաններով բուժքույրեր։ Դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ խնդիրը կա և չի անհետանա։ Դա անկասկած։ Նոր տարուց հետո ճնշումների նաև այլ տարբերակներ կարող են ի հայտ գալ՝ շատ ավելի կոշտ»,- նշեց փորձագետը։

News.am