Լեմկինի ինստիտուտ․ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՄՏՑՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

Համաշխարհային առաջնորդները պետք է պատժամիջոցներ մտցնեն Ադրբեջանի դեմ և անհապաղ դադարեցնեն ցանկացած ռազմական ֆինանսավորում։ Այս մասին նշվել է Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։

«Դեկտեմբերի 12-ին ինն օրում երկրորդ անգամ ադրբեջանցիների զինվորականների և պետծառայողների խումբը, որոնք ներկայանում են որպես էկոլոգիական «ակտիվիստներ», փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

«Թաթոյան» «Իրավունքի և արդարության կենտրոն» հիմնադրամը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ից 270 երեխա մնացել է ճանապարհին ձմռան պայմաններում՝ ճանապարհը փակելու պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ երեխաներից ոմանք բաժանված են մնացել իրենց ընտանիքներից։

Ավելին, Արցախից ստացվող տեղեկությունները հաստատել են, որ գազի մատակարարումը նույնպես դադարեցվել է տարածաշրջանում ապրողների համար, և Ադրբեջանի կառավարությունը մտադիր է նաև անջատել էլեկտրականության մատակարարումը։ Անհրաժեշտ կոմունիկացիաների հասանելիությունն արգելելը հանգեցրել է այն բանին, որ ավելի քան 120 000 խաղաղ բնակիչ (ներառյալ երեխաները և ծերերը), հիվանդանոցները, դպրոցները, բուհերը և մանկապարտեզները միտումնավոր զրկվել են գազից, ջեռուցումից և տաք ջրից։ Դա, մարդու իրավունքների աղաղակող խախտում լինելուց զատ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Արցախում։

Ներկայում գոյություն ունեն լուրջ մտավախություններ ջրի, սննդամթերքների և դեղորայքի հասանելիության հետ կապված։ Հասկանալի է, որ շրջափակումը բնապահպանական նպատակներ չունի։ Անհրաժեշտ կոմունալ ծառայությունների մատակարարումը փակելը Արցախի Հանրապետությունում հանցավոր արարք է՝ ուղղված Արցախի բնակչությանն ահաբեկելուն և նրա համար անտանելի պայմաններ ստեղծելուն։

Այս իրադարձությունները մեկուսի իրադարձություններ չեն, դրանք ադրբեջանական վարչակարգի կողմից կատարվում են Հայաստանի և հայերի դեմ ցեղասպանության ավելի լայն սխեմայի շրջանակում։ Հայաստանից Արցախի կտրումը, ինչպես նաև մեկուսացումն ու Արցախում ապրող էթնիկ հայերին ահաբեկելը տարածաշրջանում ցեղասպանության հետագա քաղաքականության իրականացման մեթոդներն են։ Այդ գործողությունները վախ են առաջացնում նաև Հայաստանում և աշխարհի ամբողջ հայության շրջանում, քանի որ ցուցադրում են ադրբեջանական վարչակարգի հանցավոր ունակությունը և միջազգային հանրության անգործունակությունը, որը հիմնականում որոշել է անտեսել այն, ինչ կատարվում է։

Լեմկինի ինստիտուտը մեկ անգամ ևս կոչ է անում միջազգային հանրությանը հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի և Իսպանիայի Կոնգրեսի սահմանած նախադեպին՝ տարածաշրջանում հայ ինքնության պաշտպանության համար, և դատապարտել Ադրբեջանի գործողությունները և քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պետք է մտցվեն համաշխարհային առաջնորդների կողմից, և ցանկացած ռազմական ֆինանսավորում պետք է դադարեցվի անհապաղ»,- նշվել է հայտարարությունում։

News.am