ԹԱԼԱՆԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆ ԿՇՏԱՑԵԼ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուրիշի արտադրական ակտիվների զավթումը դարձել է այդ երկրի քաղաքականության անկյունաքարը։ ՔՊ-ական իշխանության թողտվությամբ ադրբեջանական հատուկջոկատայինները պատերազմից հետո առաջին իսկ օրերին զավթեցին Սոթքի ոսկու հանքավայրի 70%-ը, և Փաշինյանի կառավարությունում ոչ ոք նույնիսկ չփորձեց ապացուցել, որ դրա համար իրավական որևէ հիմք չկա։ Իսկ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակմամբ ադրբեջանցի կեղծ բնապահպանները փորձում են առնվազն ելք ստանալ դեպի Արցախում խոշորագույն Կաշենի պղնձամոլիբդենային հանք և լիակատար վերահսկողության տակ վերցնել այն։ Ընդ որում Ադրբեջանն արդեն իսկ բրիտանական Anglo Asian Mining Company ընկերության կառավարմանն է հանձնել մի շարք հանքեր՝ ինչպես զավթիչների կողմից փաստացի վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ մնացած Կաշենի պարագայում…

Մինչդեռ այս գործընթացին մեկնարկ տվեց Հայաստանի անփառունակ պարտությունը, որը հանգեցրեց Արցախի զգալի տարածքի կորստին՝ այնտեղ գտնվող տարբեր արտադրական ակտիվների հետ միասին։ Այդ կորուստներն ամենաբացասական կերպով են անդրադարձել նաև բուն Հայաստանի վրա, որը օգտվում էր ղարաբաղյան տնտեսության պտուղներից։

Այսպես, Արցախի գյուղատնտեսությունը չճանաչված հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղն էր։ Ընդ որում ցուցանշական է, որ ինչպեսև Հայաստանում, ոռոգման բացակայության պատճառով զգալի հողատարածքների չմշակմամբ հանդերձ, Լեռնային Ղարաբաղը պատերազմին նախորդած վերջին տարիներին հասել էր սննդամթերքի ինքնաբավության էական մակարդակի՝ միաժամանակ բարձրացնելով նաև Հայաստանի պարենային անվտանգության նշաձողը:

Մասնավորապես, գյուղատնտեսության ինտենսիֆիկացման առումով դրական լուրջ շարժ էր արձանագրվել։ Օրինակ, հնարավորություն էր ստեղծվել ապահովել ցանքաշրջանառությունը, այսինքն՝ աճեցնել նոր մշակաբույսեր, որոնք թույլ էին տալիս բարձրացնել հողի բերքատվությունը։ Այսպես, եթե 2000-ականների երկրորդ կեսին, բացի պտղատու այգիներից և բանջարաբոստանային կուլտուրաներից, Արցախում մշակում էին միայն ցորեն ու գարի, ապա 5-7 տարի առաջ տեղի պայմաններին արդեն հարմարեցված (տեղայնացված) էին տասնյակից ավելի նոր մշակաբույսեր. արևածաղիկ, եգիպտացորեն, սոյա, սորգո, կերային խոտաբույսեր, հավակատար և այլն, որոնք նպաստում էին ագրովերամշակման, ինչպես նաև անասնապահության զարգացմանը։

Համապատասխանաբար, Արցախը սկսել էր Հայաստան արտահանել, բացի ցորենից ու գարուց, նաև եգիպտացորեն, որն օգտագործվում էր, մասնավորապես, թռչնաֆաբրիկաներում՝ որպես կեր։ Ընդհանուր առմամբ, միայն հացահաբույսերի արտահանման ծավալները հասնում էին տարեկան 100-120 հազար տոննայի։ Այսպիսով Արցախն ուղղակիորեն մասնակցում էր հացահատիկի՝ այդ ռազմավարական արտադրանքի իր պահանջմունքները միայն մեկ երրորդով ապահովող Հայաստանի ինքնաբավության մակարդակի բարձրացման կարևորագույն խնդրի լուծմանը։ Ըստ այդմ՝ Հայաստանը հնարավորություն էր ստացել կրճատել հացահատիկի ներկրումն այլ երկրներից։

Ապաշնորհ կերպով տանուլ տրված պատերազմից հետո Հայաստանը կրկին ստիպված եղավ ավելացնել հացահատիկի ներկրումը։ Ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պարենային անվտանգության վրա առանձնակի սուր անդրադարձավ Մարտակերտի շրջանի Թալիշի ենթաշրջանի կորուստը, որը ժամանակին հայտնի էր որպես Լեռնային Ղարաբաղի շտեմարան։ Ժամանակին ԼՂՀ իշխանությունները զգալի ջանքեր էին գործադրել Թալիշի հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու համար, Մատաղիսի ջրամբարով հասցնելով Թարթառ գետի ջրերը շրջանի դաշտեր։ Բոլոր այդ հողատարածքներն այսօր կորսված են։

Որքան էլ տարօրինակ է, բայց Արցախում միշտ թույլ է զարգացած եղել ագրովերամշակումը, եթե չհաշվենք մրգօղու բավական խոշոր արտադրությունը։ Ժամանակին գործարկված պահածոների փոքր և միջին գործարաններից, գորգագործական արտադրություններից (Շուշիում), գինի (օրինակ ՝ «Կատարո» ապրանքանիշ), հյութեր, ձեթ արտադրող ձեռնարկություններից շատերը նույնպես այսօր մնացել են թշնամուն հանձնված տարածքում։ Ինչպեսև խաղողի և նռան այգիների զգալի տարածքներ։ Ուստի մրգերի և հատապտուղների արտադրության նվազումն Արցախում անխուսափելի էր։

Եվ վերջապես, նախապատերազմյան վերջին տարիներին Արցախում նկատվում էր խոշոր եղջերավոր և մանր անասունների, ինչպես նաև թռչնամսի գլխաքանակի կտրուկ աճ։ Հանրապետություն էին ներկրվում բարձր արտադրողական անասնատեսակներ՝ հիմնականում կաթնատու և կաթ-մսատու։ ԼՂՀ բյուջեն սուբսիդավորում էր անասնակերային բազմամյա խոտաբույսերի սերմերի ձեռքբերումը գյուղացիների կողմից, Գյուղատնտեսական հիմնադրամը հնարավորինս ապահովում էր գյուղտեխնիկայով։ Այսօր սահմանների վերաձևման արդյունքում Արցախի, ինչպեսև բուն Հայաստանի արոտավայրերի զգալի մասը հանձնվել է Ադրբեջանին, ինչի հետևանքով վատացել են մսի ու կաթի արտադրության ցուցանիշները և համապատասխանաբար աճել են դրանց գները։

Իմիջիայլոց, ժամանակին Արցախ տեղափոխված սիրիահայ տասնյակ ընտանիքներ, վարձակալելով 20-25 հեկտար հողատարածք, աշխատանքային կորովի հրաշքներ էին ցուցաբերում այնտեղ։ Դրանք գյուղի աշխատանքին սովոր մարդիկ են, որոնք իսկապես վաղ առավոտյան դուրս էին գալիս դաշտ և վերադառնում ուշ երեկոյան, ինչով մեծապես զարմացնում էին տեղի բնակիչներին, որոնք դեռ խորհրդային ժամանակներից սովոր էին աշխատել «այսինչ ժամից մինչև այնինչը»: Նրանք բնակություն էին հաստատել Քաշաթաղի սակավ բնակեցված հարավային մասում՝ շրջկենտրոն Բերձորում, Կովսականում և Իշխանաձորում, որտեղ աճեցնում էին նույնիսկ մերձարևադարձային մշակաբույսեր. դափնի, ձիթապտուղ, կիվի, պիստակ, ցիտրուսային մրգեր, չենք խոսում արդեն նռան մասին։ Ողջ այդ շրջանից մեզ մնացել է Արցախի և Հայաստանի միջև ռազմավարական ճանապարհի մի փոքր հատված, որն այսօր արգելափակված է ադրբեջանցիների կողմից։

Եթե խոսենք Էներգետիկայի մասին, ապա պետք է ասել, որ ժամանակին ԼՂՀ-ն էլեկտրաէներգիայի իր պահանջարկի մինչև 20%-ն ապահովում էր Հայաստանից ներկրման հաշվին, սակայն տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը փոխվել էր դրական ուղղությամբ։ Մի կողմից՝ Արցախում ակտիվորեն կառուցվում էին փոքր ՀԷԿ-եր, ինչը իշխանությունների էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էր, բայց մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի պահանջարկն էլ աճում էր արագ տեմպերով։ Այսօր հայկական կողմում է մնացել ամենամեծ՝ Սարսանգի ՀԷԿ-ը, ջրամբարով («ԱրցախՀԷԿ» ՓԲԸ), ուր արդեն այցելել են ադրբեջանցի «մասնագետները», ինչպես նաև կիրճերում ցրված մի քանի փոքր ՀԷԿ-եր: Սակայն կան նաև զգալի կորուստներ, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանում գտնվող Մատաղիս-1 և Մատաղիս-2 ՀԷԿ-երը, չհաշված բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր…