«Ժողովուրդ»․ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ՀՍԿՈՂ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել է: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նշվում է, որ որպես հսկող դատախազ է նշանակվել Հայկ Հովհաննիսյանը։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը։

«Այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան (Կարապետ Համբարձումյանին,– խմբ.) տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ։ Ներկայում, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում»,– ասված է կայքում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Թերթը հայտնում է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետևից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, և դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացու Երևան քաղաքի կենտրոնում»,– գրում է թերթը։

Sputnik Արմենիա