200 ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՎ ... ՔԱՆԻ՞ ՀԱՅ

Դեկտեմբերի 20-ին հայկական շոու-բիզնեսի գործիչները Երևանում երթ անցկացրեցին՝ պահանջելով բացել «կյանքի ճանապարհը» և պատժել Ալիևին։ Կարելի էր լոկ ուրախանալ, որ աշխարհաքաղաքականությունից այդքան հեռու ոլորտի ներկայացուցիչները ներգրավվել են Արցախի ժողովրդի իրավունքների համար պայքարում։ Բայց ապշեցրեց մեկ այլ բան. ակցիայի մասնակիցներն ամեն կերպ ընդգծում էին սեփական ապաքաղաքականությունը և խիստ բացասաբար արձագանքում ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների մեղավորությանը վերաբերող ցանկացած հարցի։ Իբր՝ մենք ամենևին չենք միջամտում քաղաքականությանը, մեր մտքով անգամ չի անցնում բողոքել իշխանությունների դեմ, այլ ընդամենը հանդես ենք գալիս ի պաշտպանություն արցախահայության։

Բառացիորեն օրերս՝ դեկտեմբերի 24-ին, ֆրանսիացի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ, որոնց շարքում էին աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, գիտնականներ և գրողներ, հանդես եկան ի աջակցություն և սատարում բացարձակ շրջափակման մեջ հայտնված Արցախի ժողովրդի՝ հոդված հրապարակելով Ֆրանսիայի խոշորագույն լրատվամիջոցներից մեկում։ Ընդ որում, ընդգծեմ, սա ֆրանսիական հասարակայնության արդեն երկրորդ այդօրինակ ելույթն է վերջին 2 տարվա ընթացքում. առաջին նամակը հրապարակվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Հիմա փորձենք հիշել, թե այդ կարգի քանի նամակ-դիմում է հրապարակվել Հայաստանում թեկուզ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Քանի՞ ստեղծագործական միություններ, մասնագիտական և հասարակական կազմակերպություններ, գիտական ու մշակութային հաստատություններ են հանդես եկել հայրենակիցներին սատարելու համատեղ կոչով: Մեկ, առավելագույնը՝ երկու: Քանի՞ ակցիա, երթ, հանրահավաք, պիկետ է կազմակերպվել Երևանում հենց մտավորականության ուժերով։ Մեկ, երկու... և վերջ։ Քանի՞ նշանավոր մարդ է իր ձայնը բարձրացրել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Գործնականում ինչ-որ չեն լսվում այդպիսի ձայներ…

Պետության և ժողովրդի հետ տեղի ունեցող ողբերգության հանդեպ հայ մտավորականության (ներողամտորեն նրանց շարքը դասենք նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներին) փաստացի անտարբերության մասին շատ է գրվում ու խոսվում։ Դա իսկապես անըմբռնելի է։ Բացատրությունը կարող է լինել մեկը. պատճառները կրում են բացառապես նյութական բնույթ։ Վաղուց ի վեր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանություններին քննադատել համարձակվողների ֆինանսական թթվածինը պարզապես կփակեն։ Օրինակ, թույլ չտալով մուտքը լավ գումարներ բերող Առաջին ալիք, մերժելով ծրագրերի պետական ֆինանսավորումն ու գիտական դրամաշնորհների տրամադրումը, զրկելով մշակութային միջոցառումներին մասնակցելու իրավունքից, ի վերջո՝ պարզապես հեռացնելով աշխատանքից։ Հայտնի մարդկանց բերանը փակել ձգտող իշխանության բռնաճնշիչ մեթոդներն անթիվ-անհամար են։

Բայց եթե երիտասարդ և ոչ այնքան ճանաչված մարդկանց դեպքում դա դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, ապա ամեն առումով վաղուց կայացած և բռնապետի քմահաճույքներից կախում չունեցող պրոֆեսիոնալների լռությունը ոչ միայն տարօրինակ է, այլև ամոթալի և անբարո։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ նշանավոր ու ժողովրդի մեջ հեղինակություն վայելող մարդը, պիտի բարձրացնի Հայրենիքի համար գոյաբանական կարևորություն ունեցող հարցերը։ Մանավանդ ոչ վաղ անցյալում ունենալով հայ մտավորականների ոչ միայն անմիջական ու ակտիվ մասնակցության, այլև առաջնորդության փայլուն օրինակներ. խոսքը Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասին է։ Իսկ չէ՞ որ իրավիճակն այսօր շատ ավելի վտանգավոր է և հղի ոչ միայն պետականության կորստով. խաղաքարտին է դրված Հայաստանի բուն գոյության հարցը։

ԳԻՏԱԿՑՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅԴ ՎՏԱՆԳԸ։ Իհարկե։ Հասկանո՞ւմ են, թե ինչով է սպառնում իրենց լռությունը։ Անշուշտ։ Գիտե՞ն արդյոք գլխավոր մեղավորի անունը: Անկասկած. համենայնդեպս մեծամասնությունը հաստատ գիտի։ Բայց լռում են։ Ապրում են, ասես ոչինչ չի պատահել. ներկայացումներ են բեմադրում, մեկնում հյուրախաղերի, համերգներ տալիս, գրքեր հրատարակում, մասնակցում ցուցահանդեսների, ուսումնասիրություններ անցկացնում և այլն... Եվ միայն հատուկենտ մարդիկ են անդադար ահազանգում. եզակի բացառություններ: Տեղին ու պատեհ է հիշել Արմեն Գրիգորյանին…

Մինչդեռ ընդամենը 2 տարի առաջ իրավիճակը բոլորովին այլ էր։ Այն ժամանակ՝ 2020-ի դեկտեմբերին, գրեթե ամեն օր հնչում էին իշխանությունների հրաժարականի կոչեր ու պահանջներ. արտահայտվում էին և՛ ստեղծագործական, և՛ մասնագիտական, և՛ գիտական գրեթե բոլոր միությունները, միավորումները, հաստատությունները, ազգային ու պետական բոլոր ինստիտուտները։ Կազմակերպվում էին հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ. քչերն էին անմասն մնում։ Ոչ ոք չէր վախենում իր հոնորարների համար և չէր ծվարում տաքուկ անկյունում, բոլորը հասկանում էին պահի լրջությունը։

Ուրեմն ի՞նչ պատահեց այս երկու տարիների ընթացքում, եթե այսօր մտավորականությունը վախենում է նույնիսկ ոչ թե քննադատել իշխանություններին ու հանդես գալ հանցավոր կառավարության դեմ. վախենում է անգամ հանդես գալ ի պաշտպանություն Արցախի։

Վերադառնանք շոու բիզնեսի ներկայացուցիչների երթին, որոնք ագրեսիվորեն հակադարձում էին Բերձորի միջանցքի արգելափակումը փաշինյանական կառավարության քաղաքականության հետ կապելու լրագրողների բոլոր փորձերին։ Արտիստները, ամենայն հավանականությամբ, համոզված էին, թե Արցախի պաշտպանությանն ուղղված գործողությունները Հայաստանում պատժելի չեն, հետևաբար՝ երթին մասնակցելն անձամբ իրենց ոչնչով չի սպառնում։ Ինչպես պարզվեց ընդամենը երկու օր անց, նրանք չարաչար սխալվում էին։ Քանզի Պետեկամուտների կոմիտեն, իհարկե՝ «պատահական զուգադիպությամբ», հանկարծ հայտնաբերեց, որ ակցիայի մասնակիցներից երկուսը խախտել են օրենքը։

Մասնավորապես, երկու անհատ ձեռնարկատերեր, որքան հասկացանք՝ հարսանյաց հանդիսավարներ, կանխավճար են վերցրել իրենց աշխատանքի համար, սակայն չեն տրամադրել կտրոնը, ինչի հետևանքով ստիպված են լինելու վճարել 1 միլիոն դրամ տուգանք։ Թե Արցախին սատարելու համար ինչպիսի պատիժ է սպասում ակցիայի մյուս մասնակիցներին, դեռևս հայտնի չէ, բայց միանգամայն հստակ կարելի է արձանագրել հետևյալը։

Դեռևս 2020-2021 թվականներին մարդիկ չէին վախենում հանդես գալ իշխանությունների դեմ, ակտիվորեն մասնակցել զանգվածային հասարակական միջոցառումներին, բացահայտ քննադատել ու պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Այսօր նրանք խուճապահար վախենում են դա անել, հասկանալով, որ անխուսափելիորեն կհաջորդի պատիժը, և իրենք կարող են զրկվել ապրուստի տարրական միջոցներից։ Սակայն պարզվում է, որ պատժելի են ոչ միայն մասնակցությունը հակակառավարական ցույցերին և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը. պատժելի են նաև աջակցումն Արցախին և բողոքն ընդդեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների։

Փաշինյանն արդեն չի էլ թաքցնում դա։ Հակաադրբեջանական ակցիայի երկու մասնակիցների պարագայում հանկարծակի ստուգումն ու տուգանքը ազդանշան է մնացյալ բոլորին. չհամարձակվե՛ք ընդհանրապես որևէ բան ասել, չհամարձակվե՛ք խոսել արցախցի հայրենակիցների հետ համերաշխության մասին, չհամարձակվե՛ք մեղադրել թուրքերին։ Հանգիստ նստեք տեղներդ և ուրախ եղեք, որ ուտելիք ու ապրուստ ունեք: Եվ ընդհանրապես, մտքներովդ չանցնի նույնիսկ ծպտալ քաղաքականության մասին. հատուցումն անխուսափելի է, և բնավ ոչ միայն տուգանքի տեսքով։

Այս ակնհայտ փաստի արձանագրումը, թերեվս, լավագույն վկայությունն է այն հետադիմության, որին ենթարկվել է հայ հասարակությունը Փաշինյանի իշխանության տարիների ընթացքում։ Էրոզիայի ենթարկելով երկրում ամենն ու ամենքին, մինչև ուղնուծուծն արատավոր այս իշխանությունը ստիպում է հետադիմել նաև բուն հասարակայնությանը, ջանալով ստիպել բոլորին, և առաջին հերթին՝ մտավորականության ներկայացուցիչներին (ինչը իր՝ իշխանության համար սկզբունքային խնդիր է), մտածել միայն ու բացառապես հանապազօրյա հացի ու թամաշաների և ուրիշ ոչ մի բանի մասին, բերանը ջուր առնել և «չնկատել» այն ամենը, ինչ իրենք անում են երկրի և պետության հետ։

200 ֆրանսիացիներ լիակատար իրավունք ունեն և իրենց բարոյական պարտքն են համարում հանդես գալ մարդասիրական դիրքերից՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության։ Մինչդեռ հայերը, ինչպես համարում է Փաշինյանը, չպետք է ունենան քաղաքացիական դիրքորոշում, իսկ առավելևս ՝ արտահայտեն դա, այլապես կենթարկվեն բռնաճնշումների, ընդ որում՝ և՛ քրեական, և՛ մասնագիտական։ Թե ինչ կլինի ևս մեկ տարի անց, դժվար չէ պատկերացնել. լավագույն դեպքում «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով» արտահայտությունը կստանա բազում փայլուն հաստատումներ։