ԴԻՏՈՐԴՆԵՐ՝ ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ԵՎ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ը ողջունում է գործընկերների, այդ թվում Եվրոպական Միության ջանքերը՝ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) վստահության ամրապնդման ու Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում մտավախություն էր հայտնել, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայություն հարուցել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների հայտնվելուն կարձագանքեն տեղում իրավիճակի հաշվառումով: «Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Պատելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ լռության է մատնվում առանցքային հանգամանքը. բացի այն, որ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությունը հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանը, դա (ռուսական միջնորդությունը) պսակվեց պատերազմի դադարեցմամբ։ Սա սկզբունքային հանգամանք է։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ այն ժամանակ փորձում էին միջնորդել և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզը։ Բայց ապարդյուն: Արյունահեղությանը վերջ դրեց հենց և միայն Մոսկվան։ Եվ այս փաստը պարզապես չի կարելի թերագնահատել՝ խոսելով Ռուսաստանի դերի մասին։

Դժվար է այսօր այս համատեքստում անուշադրության մատնել ևս մեկ հանգամանք։ Բառացիորեն օրերս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եթե ինքն այսօր լիներ ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում, ապա Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը կկարողանար հասնել մեկ օրվա ընթացքում։ Մինչդեռ գրեթե նույնպիսի հայտարարություն Թրամփն արել է ԱՄՆ նախագահ եղած ժամանակ, 2020-ի 44-օրյա պատերազմի առնչությամբ: Այն ժամանակ նա, ելույթ ունենալով Նյու Հեմփշիր նահանգում կազմակերպված հանրահավաքում, ընդգծեց, որ Վաշինգտոնը կնպաստի Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտության կարգավորմանը։ «Ես դա անվանում եմ «թեթև դեպք»: Մենք կլուծենք այն: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին... Դա հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում»,- հայտարարեց Թրամփը։ Գիտեր արդյոք Թրամփը՝ ինչ անել, թե չգիտեր, դժվար է ասել։ Բայց փաստն այն է, որ արդյունքում բնավ ոչ Վաշինգտոնը լուծեց «թեթև դեպքը», այլ Մոսկվան մեծ դժվարությամբ դադարեցրեց պատերազմը։

Հիմա, ըստ էության, անդրադառնանք Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդների նոր առաքելության վերաբերյալ այս օրերին հնչող գնահատականներին և մեկնաբանություններին։ Այս թեմայով քննարկումները դեռ շարունակվում են, թեև ակնհայտ է, որ եվրադիտորդների ներկայությունը լարվածություն կառաջացնի տարածաշրջանում, քանզի սվիններով է ընկալվում Մոսկվայի, Բաքվի, Թեհրանի կողմից։ Սակայն դա միակ հիմքը չէ եվրադիտորդների կայունացնող դերի վերաբերյալ թերահավատության համար: Բանն այն է, որ այդ թերահավատությունը նկատելի է անգամ Հայաստան առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման մեջ։ Եվրոպացիներն իրենք էլ, նախանշելով դիտորդների աշխատանքի 2-ամյա ժամկետը, փաստացի ընդունում են, որ լարվածությունը տարածաշրջանում կշարունակվի առնվազն երկու տարի։ Առնվազն 2 տարի անհրաժեշտ կլինի եվրոպացիներին իրավիճակի վերահսկման համար։ Այդպիսին է, ուղիղն ասենք, եվրոպացիների ցածր ինքնագնահատականը սեփական առաքելության արդյունավետության վերաբերյալ։

Իհարկե, ոչ ոք չի ակնկալում, թե ԵՄ-ն կգնա Թրամփի հետքերով և կլցնի լրատվական տարածքը հակամարտությունն ակնթարթորեն կարգավորելու կարողունակության մասին վերամբարձ, կեղծ լավատեսական հայտարարություններով։ Բայց այն, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը դիտորդները պիտի նպաստեն ամբողջ 2 տարի, առանձնակի լավատեսություն չի ներշնչում նրանց առաքելության արդյունավետության վերաբերյալ