Տնօրեն. «Մալաթիա» տոնավաճառը այսօր ամենայն հավանականությամբ կվերաբացվի

«Մալաթիա» տոնավաճառը այսօր ամենայն հավանականությամբ կվերաբացվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեզ հանձնարարություններ էր տվել, մենք պետք է դա կատարեինք 10 օրում, բայց որպեսզի տոնավաճառը այդքան երկար փակ չմնա, մարդիկ չտուժեն, ես 100 բանվոր եմ բերել, նրանք աշխատում են, ու 10 օրվա փոխարեն կավարտենք գործը 2 օրում։ Իմ հաշվարկներով` այսօր գիշերը 3-ին»,– ասաց նա։

Տնօրենը նշեց, որ այս պահին փոխում են տոնավաճառի էլեկտրալարերը, ինչպես նաև որոշ սրահների առաստաղները, որոնք, ըստ տեսչական մարմնի, վտանգավոր են եղեl։

«Իրենք ասել են` ավարտեք հանձնարարությունները` կարող եք աշխատել։ Հիմա 10 օրում կանեմ, թե 2, իմ խնդիրն է»,–ասաց նա։

Հարցին, թե վերաբացվելուց առաջ ՔՏՀԱ տեսչական մարմինն արդյոք չի ստուգելու կատարված աշխատանքը, Ավետիսյանը պատասխանեց. «Չէ՛, իրենք եկել են այսօր, նկարել են ամեն ինչ, ուղարկել են իրենց ղեկավարությանը։ Ես կատարել եմ իմ խոստումը ու կարող եմ աշխատել»։

Նա վստահեցրեց, որ մյուս թերությունները նույնպես կշտկվեն, բայց հստակ ժամկետ դժվարացավ նշել։