Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԸ 11 ՕՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ 2 ՇԱԲԱԹ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ առաջիկայում սպասվող վարժական հավաքների արդյունավետությունը և նշանակությունը ճիշտ գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե, առհասարակ, ի՞նչ է նշանակում վարժական հավաք:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հստակ սահմանում է, թե ինչի համար են վարժական հավաքներ անցկացվում:

Ըստ այդ ձևակերպման` վարժական հավաքի նպատակը պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է:

Ի՞նչ է նախատեսված վարժական հավաքներ հայտարարելու կառավարության համապատասխան որոշմամբ, և պահեստազորից զորակոչվող քաղաքացիների ռազմական ունակությունները ինչպես են կատարելագործվելու, երկրորդ, ինչպիսի մասնագիտական վերապատրաստում են անցնելու պահեստազորայինները:

Կառավարության որոշմամբ՝ ընդամենը տեսանելի է, որ զորակոչվող պահեստազորայինները 11 օր նախապատրաստվելու են, որպեսզի 2 շաբաթ մարտական հերթապահություն կրեն:

Այսինքն` առավելագույնը պահեստազորայինը սովորելու և կատարելագործելու է մարտական հերթապահությանը վերաբերվող իր գիտելիքները, ապա պետք է առաջնագծի որևէ հատվածում դիրքապահ առաքելություն անցնի:

Օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստում, առհասարակ, տեսանելի չէ, իսկ ռազմական ունակությունների անվան տակ զուտ մարտական հերթապահության նախապատրաստական աշխատանքն է:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ վարժական հավաքը սահմանող օրենքը մարտական հերթապահության կրման մասին որևէ բան չի ասում:

Սա էլ վարժական հավաքներն ու դրանց հնարավոր արդյունքը», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Aysor.am