Մարտակերտի քաղաքապետ․ Ադրբեջանցիները կրակում են, ամեն ինչ անում են, որ խանգարեն

Որոշ ժամանակ է արդեն, որ գյուղատնտեսական աշխատանքերը սկսվել են։ Մարդիկ աշխատում են, իրենց հողը մշակում են, բայց ադրբեջանցիները կրակում են. ամեն ինչ անում են, որ խանգարեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արցախի Մարտակերտ քաղաքի ղեկավար Միշա Գյուրջյանը։

«Մարդիկ գյուղատնտեսական տարբեր մթերքների մշակություն են անում՝ կարտոֆիլ ևս։ Սերմը տվել են, հիմա ուզում են ցանեն։ Ամեն կերպ պետք է սերմը հողը գցել»,-ասաց քաղաքապետը՝ վերահաստատելով, որ ադրբեջանական դիրքից թիրախավորել են հենց նռան այգիներում աշխատող բանվորներին, քանի որ որևէ գյուղտեխնիկա չի եղել այգում։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին, ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակել: