ՆՐԱՆՑ ԳՈՉԵԼՈՒ ԵՆ «ԴԱՎԱՃԱ՛Ն» ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ. ԵՐԵՍԻՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Խորհուրդ է տալիս սահմանափակվել դիտորդների դերով

«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը կոչ է արել խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց: Այս կուսակցության մասին քչերն են լսել, սակայն դրա առաջնորդը որոշել է, թե իրավունք ունի խորհուրդներ տալ և հանրության առաջ դատողություններ անել այն մասին, որ խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին իշխանության երազանքն է, ուստի խորհրդարանական կուսակցությունները պետք է սահմանափակվեն դիտորդների դերով։

Քաղաքականացված հանրությանը Թարվերդյան ազգանունով գործչի մասին ոչինչ հայտնի չէ, ուստի նրան խորհուրդ է տրվում իրեն պահել իր խորհուրդները առնվազն մինչև քաղաքական հասունության հասնելը, երբ իր կուսակցության անվանումը հայտնի կդառնա ՀՀ քաղաքացիների գոնե մեկ հինգերորդին: Իսկ գուցե Թարվերդյանը կարծում է, թե ավանդական կուսակցությունների կողմից մայրաքաղաքային ընտրարշավի բոյկոտումը Երևանի ավագանի կբերի ի՞ր կուսակցությանը: Պետք է հիասթափեցնեմ, նման բան տեղի չի ունենա. ցանկացած դասավորության դեպքում և քաղաքական տրամաբանության օրենքներով այդ կուսակցությունը չի անցնի մայրաքաղաքային խորհրդարան։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, բնականաբար, իրենց ծրագրերը կկազմեն ընտրությունների վերաբերյալ, առանց կողմնակի անձանց խորհուրդները հաշվի առնելու։ Իրենց հերթին՝ ՀՀ քաղաքացիները, մեծից փոքր, այսուհետ գոչելու են «Դավաճա՛ն» Փաշինյանի թիմակիցների երեսին և թիկունքից, դրանից կարող է ծնունդ առնել բողոքի նոր շարժում

Սահմանամերձ 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացման հետ կապված իրադարձությունները, ռեժիմի հանդեպ զանգվածների ատելության անշեղ աճը խուճապային տրամադրություններ են առաջացրել իշխող ուժի շարքերում։ Այդ խուճապը դրսևորվեց պետաիրավական հանձնաժողովի նիստում բռնկված հիստերիայով, երբ Վլադիմիր Վարդանյանն իր պահվածքով սադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքով՝ իրեն ուղղված «դավաճան» բառին: «Մահ դավաճանների՛ն»,- գոռացին բազմությունից Աճարկուտ համայնքում (Տավուշ), երբ այնտեղ էր Աննա Հակոբյանը: Ի պատասխան՝ նա կոչ արեց դավաճաններ չփնտրել իշխանական աշխատասենյակներում և կրկնեց Ալիևի սուտը 11 հազար հայ դասալիքների մասին։

Փաշինյանի մերձավոր շրջապատի մարդկանց իռացիոնալ պահվածքի օրինակները լիառատ են, այդ պահվածքը, կրկնում եմ, ուժգնացող խուճապի հետևանք է։ Իշխանության բարձունքում գտնվող մարդիկ շատ լավ հաշիվ են տալիս իրենց, որ փողոցային զանգվածային անկարգությունների դեպքում Փաշինյանը կրկին կծվարի բունկերում կամ ինքնաթիռով կլքի երկիրը՝ իրենց թողնելով կատաղած ամբոխի հետ դեմ առ դեմ։ Այստեղից էլ մշտական հիստերիաները՝ բռնության կիրառմամբ կամ հրահրմամբ:

Ռեժիմի պարագլուխը հրամայել է խեղդել սաղմնային վիճակում…

Վարդանյանը, Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը և մյուս պարոնայք շատ լավ գիտակցում են ժողովրդի առջև իրենց մեղքի աստիճանը և Նիկոլի ու սեփական հանցագործությունների համար հատուցման անխուսափելիությունը։ Նրանք պատրաստակամորեն արյան մեջ կխեղդեն ընդդիմության ցանկացած զանգվածային ելույթ։ 2022 թվականի գարնան և ամռան իրադարձությունները ցույց տվեցին դա միանգամայն ակերևաբար։

Նրանք, ովքեր ընդդիմությանը կշտամբում են փողոցային պայքարից ժամանակավորապես հրաժարվելու համար, պետք է գիտակցեն ռեժիմից բխող վտանգը։ ՔՊ-ի ոչ այնքան կիպ փակված դռների հետևից արտահոսած հերթական տեղեկությունները վկայում են, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների առթիվ ընդդիմության փողոցային ակցիաները Փաշինյանը հրահանգել է ցրել բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ։ Ռեժիմի պարագլուխը հրամայել է խեղդել ակցիաները սաղմնային վիճակում, բացառություն կկազմեն միայն պաշտոնական քարոզչության շաբաթները, երբ ընտրությունների նախապատրաստման ընթացքին կհետևեն օտարերկրյա դիտորդները։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Ս.-ն (որը քաղաքագետի կեցվածք է ընդունում ռեժիմի հեռուստաալիքներում) օրերս հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմությունը փողոցային ռեսուրս չունի, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դաշինքներն այլևս գոյություն չունեն, իսկ դրանց փլատակների վրա ընդդիմադիր նոր ուժերի ստեղծումն անհնար է։ «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում ռեստարտի և մենաշնորհի հնարավորություն չունեն,- ընդգծեց Ս.-ն, որը, ի տարբերություն Թարվերդյանի, երկար ճանապարհ է անցել քաղաքականության մեջ. Արամ Զավենիչի Հանրապետություն» կուսակցության առաջնորդի) մամլո քարտուղարից մինչև օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկեր, որից հետո դատապարտվել է ազատազրկման՝ խարդախության մասին հոդվածով։ Նման ուղեբեռով ճիշտ ժամանակն է արձանագրել ընդդիմադիր դաշինքների վաղաժամ մահը։

Այսօր ոչ ոք չի կարող չսխալվելու մեծ հավանականությամբ կանխատեսել ընդդիմադիր խորհրդարանական ուժերի փողոցային ռեսուրսի առկայություն կամ բացակայություն։ Պրակտիկան ցույց է տվել, որ այդ ռեսուրսը կարող է գոլորշիանալ մի ակնթարթում, ինչպես դա եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի «հեղափոխության» ժամանակ, և ակնթարթորեն վերածվել ընդդիմությանը ցուցաբերվող բազմահազարանոց աջակցության, ինչպես 2022թ. գարնան և ամռան ակցիաների ժամանակ։ Ռեժիմը ստիպված էր դիմել աննախադեպ բռնության. ոստիկանները խեղդում էին ցուցարարներին, գլխով հարվածում ասֆալտին, ծեծում ոստիկանական ավտոբուսներում։ Անցած տարվա ակցիաները չհանգեցրին Փաշինյանի հրաժարականին, բայց դրանք բացահայտեցին մեր երկրում ժողովրդավարության իրական վիճակը, ինչպես նաև ցանկացած արյունահեղության դիմելու ռեժիմի պարագլխի պատրաստակամությունը, միայն թե մնա իշխանության ղեկին։

Հաջորդ զանգվածային ելույթը վերջինը կդառնա ռեժիմի համար

Իրական ընդդիմությունը շարունակում է գործել քաղաքական աննախադեպ բռնաճնշումների պայմաններում, զանգվածներն աստիճանաբար գիտակցում են ռեժիմից բխող վտանգը, այդ խորապատկերին փորձում են իրենց մասին բարձրաձայնել «ընդդիմադիր» կոչեցյալ կուսակցությունները ռեժիմի սնածուների թվից։

Այն, որ ներքաղաքական իրավիճակն օրեցօր շիկանում է իշխող ռեժիմի վերնախավի ներկայացուցիչների արարքների շնորհիվ, ակնհայտ է։ Այն մասին, որ առաջին էշելոնում վախենում են զանգվածային դժգոհության հանկարծակի պոռթկումից, վկայում են քարոզչամեքենայի կոպիտ հարձակումները։ Բանն այնտեղ է հասել, որ խոսնակ Սիմոնյանի անվան հետ կապվող հեռուստաընկերության հեղինակային հաղորդաշարի հաղորդավար Գնել Սարգսյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում է «ահաբեկչական երկու խմբավորումների ներկայացուցիչներ»։

ԱԺ խոսնակի և պետաիրավական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը փորձում է առանց կանոնների խաղ պարտադրել քաղաքական ողջ դաշտին: Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս ազդեցիկ ավանդական երկու կուսակցությունների, ներքաշվեց թքելու և սպառնալիքների հետ կապված այդ կեղտոտ խաղի մեջ։ Իշխող ռեժիմի առաջին դեմքերի պահվածքը խախտել է բոլոր տաբուները, իսկ խուլիգանություն հանդուրժել ընդդիմությունը հանձն չի առել... Փաշինյանն առավելագույն ջանքեր է գործադրում իրական ընդդիմությանը վարկաբեկելու և անվանարկելու համար, քանզի այդ դեպքում ավելի հեշտ կլինի ավարտին հասցնել հայկական տարածքների հանձնման ծրագրերը։

Կապիտուլյանտը փորձում է ներշնչել զանգվածներին, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոչնչով չեն տարբերվում փողոցից իշխանության եկածներից, բայց այդ փորձերը դատապարտված են ձախողման ։ Ընդդիմության գլխավորությամբ հաջորդ զանգվածային ելույթը վերջինը կդառնա ռեժիմի համար, իսկ մինչ այդ Նիկոլի թիմակիցները ստիպված կլինեն վարժվել նրան, որ իրենց գոչելու են «Դավաճա՛ն» ամեն քայլափոխի. երեսին և թիկունքից։