ԴԵՊԻ ԲՐՅՈՒՍԵԼ՝ ԴԱՏԱՐԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐՈՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հրաժարվել Բրյուսել այցելելուց, որտեղ ծրագրված է եռակողմ հանդիպում՝ Ադրբեջաննի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության նիստում, մեկնաբանելով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից առավոտյան գնդակոծումները Սոթքի շրջանում, հաղորդում է Sputnik Արմենիան։

Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ քիչ հավանական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը գալիք կիրակի օրը, մայիսի 14-ին, քանի որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը, դեռևս շատ նախնական է։ «Դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- ասաց նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, որ Բրյուսել նա թռչելու է այսպես ասած «ներկա» ստանալու։ Դե, որպեսզի «բացակա» չստանա։ Ասել է թե՝ ես, իհարկե, կմասնակցեմ բանակցություններին, բայց դրանք սկզբունքորեն շոշափելի արդյունքներ չեն տա։ Դատելով ամենից, դատելով հայ-ադրբեջանական սահման վրա նախօրեին ադրբեջանական ԶՈՒ-ի կազմակերպած սադրանքից, Ալիևը նույնպես առանձնապես չի ձգտում թռչել Բրյուսել։ Այո, մի կողմից՝ դա Բաքվի դիվանագիտական ոճն է. ամեն անգամ բանակցություններից առաջ լարվածություն ստեղծել սահմանին՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Բայց, մյուս կողմից՝ պատահաբար, թե ծրագրված, բայց բրյուսելյան հանդիպումը համընկնում է Թուրքիայում ընտրությունների օրվա հետ։

Երևանի հետ բանակցություններում Բաքվի դիրքորոշումը ավանդաբար ամրապնդվում է Անկարայի անվերապահ աջակցությամբ։ Բնավ փաստ չէ, թե ընտրություններից հետո այդ ավանդույթը կպահպանվի։ Օրինակ, Էրդողանի հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որի հաջողության հնարավորությունը առայժմ աճում է, վերջերս նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացրեց տրանսպորտային հաղորդակցության ծրագիր՝ Չինաստանից մինչև Թուրքիա, որտեղ բացակայում է «Զանգեզուրի միջանցքը», իսկ երթուղին առհասարակ անցնում է Իրանով, շրջանցելով Ադրբեջանը։ Բնականաբար, այդ առիթով ադրբեջանցիները հիստերիայի մեջ ընկան։ Բնականաբար, Էրդողանի պարտության դեպքում Բաքուն չի կարող ակնկալել Անկարայի լիակատար աջակցությունը իր բոլոր քմայքներում։ Այո, Ալիևը, ըստ տրամաբանության, պետք է փորձի Երևանից պոկել ինչ հնարավոր է, քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է։ Բայց մայիսի 14-ին Էրդողանն արդեն իշխանություն չէ։ Բնավ փաստ չէ, թե նա իշխանության ղեկին կլինի մայիսի 15-ին։ Հետևաբար, Ալիևն արդեն չի հասցրել։ Համապատասխանաբար, կարելի է ենթադրել, որ բրյուսելյան հանդիպմանը նա նույնպես գնալու է առանց առանձնակի ոգևորության և հույսերի, թե փաստաթուղթ է ստորագրվելու։ Ինչպեսև Փաշինյանը։

Ասենք, առանց վերոնշյալ գործոնների էլ դժվար էր որևէ նշանակալից բան սպասել այդ բանակցություններից։ Բանն այն է, որ բանակցային պայուսակն այսօր գործնականում դատարկ է։ Այո, այն ինչ-որ բանով լցվեց վաշինգտոնյան 4-օրյա մարաթոնի ընթացքում, բայց, պատկերավոր ասած, դա ոչ ավելին է, քան թղթի թափոն։ Գլխավոր, համենայն դեպս՝ Երևանի կարծիքով, փաստաթղթերը և նույնիսկ դրանց սևագրությունները այնտեղ չկան։

Վերջերս Նիկոլ Փաշինյանը բացահայտ մատնանշեց, թե ինչ չկա բանակցային պայուսակում։ Այն է՝ չկա պայմանավորվածություն, թե Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կիլոմետրով։ Չկան արցախահայերի անվտանգության ապահովման մեխանիզմները, չկան նաև խաղաղության պայմանագրի գործնական իրականացման մեխանիզմները։

Այլ կերպ ասած, այս պահին գոյություն չունի նույնիսկ աղոտ պատկերացում, թե ինչպես է անցկացվելու այն փաստաթղթի իմպլեմենտացիան, որի ստորագրման շուրջ ընթանում են բանակցությունները։ Այսինքն երկու կողմերն էլ բանակցային սեղանին դնելու ոչ մի առարկայական և համաձայնեցված բան չունեն։ Սեղանը կա, բայց այն դատարկ է։ Այդ սեղանը տեղադրել էին Վաշինգտոնում, նույն սեղանը քարշ տվեցին Բրյուսել և, հավանաբար, դեռ Քիշնև էլ քարշ կտան։

Վաշինգտոնի համար կարևոր է Բրյուսելում տեսնել Ալիևին և Փաշինյանին, որպեսզի ցուցադրի իր վերահսկողության տակ և իր ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացի հետևողականությունը։ Բրյուսելի համար կարևոր է ընդունել Ալիևին և Փաշինյանին փաստացի նույն ցուցադրական նպատակով։ Երևանի և Բաքվի համար կարևոր է չնեղացնել Վաշինգտոնին ու Բրյուսելին և մասնակցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հովանու ներքո արդյունավետ բանակցությունների պատկեր ստեղծելուն։ Ըստ էության, ընդամենը այդ պատկերն է կարելի ակնկալել բրյուսելյան բանակցություններից։ Ոչ ավելին։ Քանզի Ալիևը և Փաշինյանը Բրյուսել են ուղևորվում դատարկ պայուսակներով…