ԱՐՑԱԽԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի կոչին նախորդել էին նախազգուշացումները Հայաստանի հետ սահմանակից շրջաններում և Արցախում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ռազմական ուժի կուտակման մասին: Ռեժիմի պարագլուխը կոչ արեց միջազգային հանրությանը «լուրջ միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար», ինչից հետևում է, որ համաշխարհային հանրությանը նա արդեն նշանակել է թիվ 1 մեղավոր և թիվ 1 պատասխանատու նոր ագրեսիայի դեպքում։

Շաբաթ օրը ռեժիմի պարագլուխը Բլինքենի, Մակրոնի, Շոլցի, Իրանի նախագահի եվ Վրաստանի վարչապետի հետ խոսել է «Ալիևի հետ շտապ բանակցելու» պատրաստակամության մասին. չէ՞ որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է 70 տոկոսով, ճիշտ է, Երևանի վերջին առաջարկներին Բաքուն չի պատասխանել: Հենց նույն օրը, Արցախի Հանրապետության 5-րդ նախագահի ընտրությունից հաշված ժամեր անց, հայտնի դարձավ, որ ՌԴ Կարմիր խաչը Աղդամով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Միաժամանակ սկսեցին հաղորդագրություններ ստացվել այն մասին, որ առաջիկայում կբացվի Լաչինի միջանցքը։ Ասենք, Բաքուն հրաժարվեց բացել Լաչինի միջանցքը, ինչը ստիպեց Արցախի իշխանություններին հրաժարվել Ադրբեջանում լռված ռուսական օգնությունից։ Դժվար թե այս իրադարձությունները կարելի է համարել տարածաշրջանային լարվածության լիցքաթափման սկիզբ (ավելի շուտ՝ հակառակը), իսկ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների պայմաններում տեղին է հիշեցնել, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, իսկ զորավարժությունները Հայաստանին ոչ մի օգնություն չեն խոստանում…

Սեպտեմբերի 13-ը Հայաստանի սահմանների դեմ ագրեսիայի առաջին տարելիցն է, սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցը, որի արդյունքներով հայկական կողմի կորուստները կազմեցին 5 հազար զինվորականներ և Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը ծրագրում էր ամբողջությամբ հանձնել Արցախը, ինչին խանգարեց ռուսական զորքերի մուտքը։ Անցած տարի սեպտեմբերի 13-14-ին հայկական կողմի կորուստները կազմեցին 224 զինծառայող։ Ջերմուկում իրականացված ագրեսիայից հետո ռեժիմի վերնախավը քննարկում էր ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հեռանկարները։ Սեպտեմբերյան ագրեսիայի առաջին տարելիցը Հայաստանը կդիմավորի առանց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչի, վերջերս նա հետ է կանչվել…

Կանխատեսումներն այն մասին, որ Փաշինյանը ծրագրում է առաջիկայում սառեցնել կամ դադարեցնել մեր երկրի անդամակցումը «Պուտինի ՆԱՏՕ-ին», ընդամենը մի քանի շաբաթով առաջ անցան մամլո խոսնակ Պեսկովի այն ենթադրությունից, որ Փաշինյանը նախապատրաստում է ՀՀ-ի ելքը ՀԱՊԿ-ից: ՀՀ ԱԳՆ-ի հերքումները ոչ մեկին չհամոզեցին

«Հեշտ է ամեն ինչ վերագրել իշխանության անմտությանը, հոգեբանորեն շատ ավելի դժվար է ընդունել, որ Փաշինյանը գործում է ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի։ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում նույնքան բացահայտ, որքան 2020 թվականին՝ Արցախի դեմ ագրեսիային»,- փաստել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Անցած տարվա ագրեսիայի արդյունքներով ադրբեջանցիները զավթել են ռազմավարական կարևորության բազմաթիվ դիրքեր, որոնք հենահարթակ կծառայեն երրորդ պայմանավորված պատերազմի սանձազերծման համար, երբ Ալիևը կփորձի ուժով գրավել այն, ինչ Փաշինյանն իրեն խոստացել էր բանավոր: Խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և Ակնայով դեպի Արցախ տանող ճանապարհի բացման մասին է…

«Փաշինյանը խցկվել է Ռուսաստանի եվ Արևմուտքի միջեվ աշխարհաքաղաքական խաղի մեջ, իսկ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արևմուտքի հովանու ներքո։ Նոր պատերազմի արդյունքում Փաշինյանը կհանձնի այն, ինչ խոստացել էր, որից հետո կգա ՌԴ 102-րդ ռուսական ռազմակայանը հանրաքվեի միջոցով դուրս բերելու և Հայաստանը վերջնականապես թուրքական վիլայեթի վերածելու հերթը»,- հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ բնութագրելով ռեժիմի պարագլխի ծրագրերը։

Նրա խոսքերով, իրականացման փուլում է այն «բրյուսելյան տարբերակը», որի առկայությունը հերքում էին ռեժիմի առաջին դեմքերը, և որը գաղտնազերծեց ու հրապարակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչի համար էլ այս պահին գտնվում է կալանքի տակ: Շարմազանովը կասկածի տակ է առնում ՀՀ վիլայեթացման ծրագրի իրականացումը, հայտարարելով, որ Փաշինյանին կստիպի հրաժարական տալ 100-հազարանոց բողոքի ակցիան Երևանի փողոցներում։

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը նույնպես փաստեց, որ ներկա իրավիճակը հիշեցնում է այն, որը ստեղծվել էր նախքան Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիան, սակայն, նրա կանխատեսումներով՝ այսօր թուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին կանգնած է իրանական գործոնը: Այդ իսկ պատճառով ՀՀ-ի դեմ լայնածավալ ագրեսիան, նրա կանխատեսմամբ, քիչ հավանական է. ըստ երևույթին, Ադրբեջանը կգնա փորձված ճանապարհով, «կամաց-կամաց խփելով՝ կվերցնի այն, ինչ իրեն խոստացել են Հայաստանի այսօրվա իշխանիկները»:

Իրանը վերջին օրերին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և կենդանի ուժ է կենտրոնացրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններին, պաշտոնական Թեհրանը չի կարող չգիտակցել, թե ում դեմ են ուղղված հայ-ամերիկյան զորավարժությունները և Իսրայելից զենքի հաճախակացած օդային մատակարարումներն Ադրբեջանին…

Փորձագետի, քաղաքական գործչի և մարտական հրամանատարի դիրքորոշումները համընկնում են այն կետում, որում ռեժիմի քաղաքականությունը ներկայացվում է որպես գործարք Արցախի և Հայաստանի արտաքին թշնամիների հետ: Ադրբեջանի ցուցադրական նախապատրաստությունը նոր ագրեսիային լրացուցիչ վկայությունն է այն բանի, որ մարտական գեներալներ Միքայել Արզումանյանը և Գրիգորի Խաչատուրովը կալանավորված են Ալիևի անմիջական հրահանգով: Նրա հրամանով է կալանավորվել նաև սպառազինության ամենախոշոր մատակարարը՝ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), իսկ Աշոտյանը սերտ կապեր ունի Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, որին պարբերաբար տեղեկացրել է ռեժիմի պարագլխի դավաճանական քաղաքականության և այն մասին, որ այդ քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդի ծրագրերին ու տրամադրություններին։

Այս օրերին շատերն են կանխատեսում, որ Թուրքիայի դերը նոր պատերազմում շատ ավելի մեծ է լինելու, քան 44-օրյա ագրեսիայի ժամանակ։ Էրդողանն արդեն «սադրիչ» է անվանել Հայաստանի պահվածքը և հայտարարել, որ այն խանգարում է կայունությանը Հարավային Կովկասում, մինչդեռ տարածաշրջանում ռազմական արկածախնդրություններից ոչ մեկին չի նախորդել միջազգային հանրության այսչափ բուռն նախազգուշական արձագանք, որին պաշտոնական Բաքուն կարողացավ հակադրել միայն ՀՀ-ի շրջանցումով հաղորդակցությունների մասին անհամոզիչ հայտարարությունը (այսպես կոչված՝ «պլան Բ»-ն): ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում հայ համայնքները առավելագույն ջանքեր գործադրեցին իրենց կառավարություններին ակտիվացնելու համար։ ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանություն անվանեցին Ալիևի գործողություններն Արցախում։

Կհամարձակվի՞ արդյոք «ապշերոնյան սուլթանը» անտեսել միջազգային հանրության նախազգուշական հայտարարությունները և նոր պատերազմ սկսել Հայաստանի ու Արցախի դեմ։ Հայկական կողմից գնդակոծությունների թեմայով Բաքվի քարոզչական աղմուկը ոչ մեկին չհամոզեց. Ալիևին հասկացնել տվեցին, որ ռազմական գործողությունների դեպքում համաշխարհային որոշ բևեռներ կարող են պատժամիջոցների հարց բարձրացնել…

Այս խորապատկերին Փաշինյանը ձգտում է ներկայացնել Կրեմլին իբրև Ալիևի հանցակից, փորձելով իրականացնել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման սցենարը. Արևմուտքը «փրկում» է Հայաստանն ու Արցախը հերթական ագրեսիայից և նրանց անվտանգության երաշխավոր հռչակում իրեն, դրանով իսկ ճանապարհ բացելով ՀՀ տարածքից ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու համար։ Արդյունքում Արցախի տարածքն ամբողջությամբ անցնում է ցեղասպան Ադրբեջանին, իսկ Հայաստանը հայտնվում է ցեղասպան պետության՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ։