ՍԱ ՎՃՌՈՐՈՇ ՇԱԲԱԹՆ Է…
Անվտանգության համակարգի անարդյունավետության մասին ռեժիմի պարագլխի կիրակնօրյա հայտարարության ենթատեքստում շատերը ակնարկ նշմարեցին ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման մասին։ Հեղաշրջում նախապատրաստող զինված խմբի բացահայտման մասին ԱԱԾ հայտարարությունը և Հանրապետության հրապարակում կիրակնօրյա հանրահավաքի բովանդակությունը վկայում են, որ այս շաբաթը վճռորոշ է լինելու. կա՛մ փողոցային պայքարն արձանագրելու է մարելու նշաններ, կա՛մ փոխարկվելու է ռեժիմին ցուցաբերվող համաժողովրդական դիմադրության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց զանգահարել ՔՊ խմբակցության պատգամավորներին և պահանջել, որ նրանք աջակցեն Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին: Իշխանության Ճամբարում շարունակում են ահագնացնել ռուսատյաց հիստերիան՝ ընդդիմությանն անվանելով «Կրեմլի հինգերորդ շարասյուն»…
«Ռուսաստանը չի կարող հարձակվել Հայաստանի վրա ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռեսուրսները դրա համար բավարար չեն»,- «հանգստացրեց» ժողովրդին «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը կոչ արեց խզել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ առանց 2 մլն հայերի ճակատագրի համար մտավախության, քանի որ, նրա խոսքերով, ՌԴ տարածքում այս պահին ապրում է ընդամենը 630 հազար հայ, որոնք հիշում են լեզուն և պաշտոնապես ճանաչում են իրենց ազգային պատկանելությունը: Ռեժիմը ռուսատյաց տրամադրություններ է սերմանում՝ Կրեմլին ներկայացնելով որպես Արցախի բնակիչների ցեղասպանության գլխավոր մեղավոր։ Կիրակնօրյա հայտարարության մեջ հիշատակում կար այն մասին, որ «Հայաստանը երբեք չի դավաճանել դաշնակիցներին»։ Ենթադրվում է՝ «Ի տարբերություն Ռուսաստանի»։ Մի խոսքով, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ինչի մասին մենք երկար ժամանակ զգուշացնում էինք մեր լսարանին, աստիճանաբար իրականություն է դառնում։ Գինը հայտնի է…
1994-ին հայերը վերադարձան այն հող, որը կորցրել էին 500 տարի առաջ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց այդ մասին, նշելով, որ պատմությունը վերջին էջ չունի: Արցախում ցեղասպանության շարունակությունը դաժան ծեծերն էին Երևանի փողոցներում։ Մորեգույն և սև բերետավորները հեռուստախցիկների առջև ցուցադրեցին զանգվածային ոտնձգություններ քաղաքացիների, այդ թվում՝ արցախցի ուսանողների կյանքի և առողջության դեմ։ Որոնցից ոմանք զրկվել են հարազատներից սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ընթացքում, շատերը մինչ օրս չեն կարողանում կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Ծեծուջարդի ամենաթեժ պահին ռեժիմի պարագլուխը հայտարարեց. «Ես սիրում եմ իմ ժողովրդին, նույնիսկ նրանց, ովքեր պահանջում են իմ հրաժարականը»։
Ցուցարարների նկատմամբ հաշվեհարդարի աննախադեպ դաժանությունը՝ անկախ սեռից ու տարիքից, ցույց տվեց, որ Փաշինյանը կդիմի ամեն քայլի, ընդհուպ մինչև հայրենակիցների սպանության, բայց հրաժարական չի տա, մինչև որ չհանձնի Սյունիքը։ Նա գիտակցում է, որ դժվար թե հասցնի կատարել ՀՀ տարածքից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հավաքական Արևմուտքի պայմանը, ուստի անվտանգության արևմտյան երաշխիքներն իր դեպքում չեն աշխատի։ Ողջ խաղադրույքը «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու և Բաքվի ու Անկարայի աջակցությունն ստանալու վրա է։ Այդ խաղադրույքն արդեն մեկ անգամ աշխատել է՝ թույլ տալով իրեն խուսափել ռազմական հեղաշրջումից 2021 թվականի փետրվարին։
Երկրորդ խաղադրույքը մորեգույն ու սև բերետավորների վրա է, երրորդը՝ լվացած ուղեղներով միջին վիճակագրական մանկուրտների հնազանդ կենսազանգվածի, որոնք համոզված են, թե քաղաքականությունը ղեկավարում են «համաշխարհային կառավարությունն» ու «ոսկե միլիարդը», իսկ անձամբ իրենցից ոչինչ կախված չէ։
« Գիտե՞ք թե որն է դավաճանությունը։ Ասե՛մ։ Երբ գիտես, որ մեծ, չափազանց մեծ պատերազմ է սպասվում, ու թույլ ես տալիս որ 120000 մարդ ցեղասպանության ենթարկվի, մի բան էլ` առնվազն 8000 հոգանոց մարտունակ զորաբանակ թույլ ես տալիս զինաթափվի։ Հայկական Բանակը զրկվում է իր 8000 մարտունակ մասից, բա մեծ պատերազմին ո՞նց եք դիմադրելու։ Պատերազմը շաբաթների, լավագույն դեպքում գուցե ամիսների հարց է, իսկ դուք, սիրելի «պոլիծիկայով» չզբաղվող սառնասիրտեր, այդ դավաճանության մասնակից եք։ Թուրքը չի թաքցնում, նեղություն տվեք ձեզ ու ուսումնասիրեք նրանց տեղեկատվական դաշտը, հարցրեք ձեր սահմանապահ հարազատներին, թե ինչ վիճակ է իրենց մոտ...»,- խորհուրդ է տալիս ռազմական փորձագետ Արա Պողոսյանը։
Ալիևին ընդմիջում պետք չէ Եվլախի բանակցություններից հետո։ Մինչև ձմեռվա ցրտերն ընկնելը Սյունիքի ուղղությամբ հնարավոր ագրեսիայի մասին վաղուց է խոսվում։ Բաքվի և Անկարայի այդ ծրագրերի անուղղակի հաստատումը դարձան, կրկնեմ, բազմահազարանոց բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանների աննախադեպ դաժան հաշվեհարդարները Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում։ Այս դաժանությունը միանգամայն բացատրելի է. Փաշինյանը ցանկանում է հասկացնել «3 միլիոն վարչապետներից» յուրաքանչյուրին, որ հրաժարական չի տալու, քանի դեռ չի կատարել «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու Ալիևին և Էրդողանին տված խոստումը։
Հաշվի առնելով այս ծրագրերը՝ դժվար չէ հասկանալ, թե ինչու է նա կալանքի տակ պահում գեներալներ Միքայել Արզումանյանին և Գրիգորի Խաչատուրովին, իսկ Երևանի փողոցներում ծավալված ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո ոչ մի կասկած չի մնացել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման իրական պատճառների վերաբերյալ։ Ի՞նչ իրավունքով են սև ու մորեգույն բերետավորները խմբովի հարձակվում «Նիկոլ, հեռացի՛ր» կարգախոսը վանկարկողների վրա։ Մի՞թե Հայաստանում չեղարկվել է խոսքի ազատությունը։ 5 տարի առաջ որևէ մեկը ոլորո՞ւմ էր նրանց թևերը, ովքեր նույն այդ փողոցներում գոչում էին «Մերժի՛ր Սերժին»։
Հայերը միակ ժողովուրդը չեն, որի հետին խելքը ծով է, բայց այսօր, երբ ամեն ինչ այսչափ թափանցիկ է ու ակնհայտ, գլուխն ավազի մեջ թաքցնելը նույնն է, թե մեղսակից դառնալ երկրի ու ժողովրդի դեմ կատարվող ոճրագործությանը: Դեռ երեկ ռեժիմի առաջին դեմքերը հավաստիացնում էին, թե իբր՝ ժողովրդավարությունը անվտանգության գլխավոր երաշխիքն է, իսկ եվրոպացի դիտորդներն իրենց անթիվ դիտակետերով հետ կպահեն Ալիևին ինքնիշխան Հայաստանի տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններից։ Ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը։
Ռեժիմի «տևական խաղաղության դարաշրջանի» ուղեգիծը իսպառ ձախողվեց, խաղաղ ցույցերի մասնակիցներին մորեգույն ու սև բերետավորները համատարած նետում են ասֆալտին ու ծեծում աքացիներով։ «Շտապօգնություն» կանչելու վիրավորների խնդրանքներն անտեսվում են, ՔԿ-ում և ԱԱԾ-ում հարյուրավոր քրեական գործեր են սարքում փողոցային ակցիաների ակտիվիստների դեմ, ռեժիմին ծառայող ԶԼՄ-ները տիրաժավորում են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքերն այն մասին, թե պետական շենքերի պահպանությունը պետք է ապահովվի, այդ թվում՝ կրակելու միջոցով։
Սեփական քաղաքացիների վրա կրակելու Նիկոլի պատրաստակամությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շաբաթվա վերջում զգուշացրեց, որ ռեժիմի վերնախավը քննարկում է մայրաքաղաքում պարետային ժամ սահմանելու հեռանկարը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ միջոցին որոշել են դեռևս չդիմել:
Սեպտեմբերի 19-ից ի վեր փողոցներում մարդիկ անհամեմատ ավելի քիչ են, քան 2018-ի ապրիլին, սակայն ներկայիս ակցիաներն արմատապես տարբերվում են Նիկոլի առաջնորդությամբ տեղի ունեցածներից։ Այսօր փողոցներում չկա ատելությունից թունավորված և թմբուկազարկի տակ «Դըմփ-դըմփ, հո՛ւ» վանկարկող զոմբիացված ամբոխ։ Զանգվածներին կառավարում է ոչ թե ատելությունը, այլ երկիրը Նիկոլ կոչեցյալ աղետից փրկելու ձգտումը։
Ընթացիկ խաղաղ գործընթացների պատասխանատվությունը ստանձնել է Ազգային կոմիտեն, որը մշակել է Հայաստանի փրկության ճանապարհային քարտեզ։ Ռեժիմին պաշտպան են կանգնած մերժյալները, որոնք իշխանական հեռուստաալիքներով ծոր են տալիս հին երգն այն մասին, թե իբր՝ Ռուսաստանը ստորագրեց Հարավային Կովկասից հեռանալու իր դատավճիռը, իսկ այնուհետ կհեռանա Միջին Ասիայից, որը կդառնա Թուրանի մասը։ Առայժմ մեր աչքի առաջ Թուրանի մաս է դառնում Հայաստանը, բայց դեռևս ուժ ու ժամանակ կա գործընթացը կասեցնելու համար։ Սա վճռորոշ շաբաթն է…