ՌԵԺԻՄՆԵՐԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ԲՌՆԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ
Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալներն են գեներալներ Գրիգորի Խաչատուրովը և Միքայել Արզումանյանը, իսկ Ալիևի ռեժիմի քաղբանտարկյալներն են գեներալներ Լևոն Մնացականյանը, Կամո Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը: Քաղաքացիական անձանցից Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալներն են Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, իսկ Ալիևի ռեժիմի քաղբանտարկյալներն են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը: Երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (կալանքի տակ է նրա կրտսեր որդին՝ Լևոնը) և Սերժ Սարգսյանի նկատմամբ բռնաճնշումները հետապնդում են նույն նպատակը, ինչ Ալիևի ռեժիմի կողմից Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի կալանավորումը։
Միայն կույրը կարող է չնկատել մտադրությունների և գործողությունների հայելային արտացոլումն այս պատկերում: Փաշինյան – Ալիև տանդեմի համատեղ դիմակայությունն այն գործիչներին, որոնք Արցախի անկումից հետո հայտնվելով Հայաստանում՝ անպայման կմիանային իշխող ռեժիմի հրաժարականի համար պայքարին, ակնհայտ է։ Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը հոկտեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «գաղտնազերծեց» Արցախի «նախագահների կուսակցության» ծրագրերը: Նրա խոսքերով՝ հայկական երկրորդ հանրապետության նախկին ղեկավարները ծրագրում էին իշխանության զավթում Հայաստանում՝ մեղադրելով նրա կառավարությանը Արցախի անկման մեջ:
Իր հերթին, ռեժիմի քարոզչամեքենան կառչուն կերպով մատնանշում է, որ հիշյալ գործիչների ձերբակալությունները տեղի են ունեցել ռուս խաղաղապահների քթի տակ, ինչից, իբր, հետևում է քարոզչության ոգուն միանգամայն համապատասխանող այն հետևությունը, թե հենց Մոսկվան է Ալիևին հանձնել Արցախի ռազմաքաղաքական գործիչներին, որոնք իրականացրել են Կրեմլի քաղաքականությունը…
Իրականում Փաշինյանը Բաքվում Ալիևի ձեռքերով «փակեց» նրանց, ովքեր կարող էին խանգարել իրենց համատեղ ծրագրերին: «Կիրթ» և «կառուցողական տրամադրված» Ալիևն ընդառաջեց իր յուզգյար Փաշինյանի ցանկություններին, քանի որ կենսականորեն շահագրգռված է Հայաստանի մասնատմանն ուղղված քաղաքականության համատեղ շարունակման հարցում։ Գործնականում Ալիևն ավելի շատ է աջակցում Փաշինյանին, քան ՔՊ վերնախավը, որը շարունակում է հարստանալ ժողովրդի թիկունքում, ընդ որում այն անձանց ցանկը, որոնց Փաշինյանը թույլ է տվել դուրս բերել իրենց կապիտալը ՀՀ-ից, ըստ լուրերի, աճում է օրըստօրե…
Այս խորապատկերին ընդդիմադիր ուժերի ճամբարից շարունակում է հնչել այն հարցը, թե ինչո՞ւ ռեժիմի վերնախավը չի գրոհում միջազգային իրավապաշտպան ատյանները՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ադրբեջանական գերությունից վերադարձնելու պահանջով։ Մի՞թե այդ ճամբարում չգիտեն տվյալ հարցի պատասխանը։ Փաշինյանին ՀՀ տարածքում պետք չեն քաղաքական հակառակորդներ, որոնք Արցախի դավաճանության գործում իր դերի մասին գիտեն ամեն ինչ և նույնիսկ ավելին:
Սեփական անգործությունն արդարացնելու համար ռեժիմը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե Ալիևը ներում է շնորհելու գերիներին։ Որտեղի՞ց Փաշինյանին այդպիսի տեղեկություններ ցեղասպան պետության նախագահի ծրագրերի մասին։ Միգուցե Ալիևն ի՞նքն է հայտնել նրան, որ ուզում է քաղաքակիրթ հանրությանը ներկայանալ հումանիստի կերպարանքով։ Թե երբ դա տեղի կունենա, ոչ ոք չգիտի ։ Ասում են, որ Ալիևը կալանավորվածներին կառաջարկի ստորագրել ինչ-որ թղթեր՝ «հանցավոր արարքների» խոստովանությամբ, սակայն ակնհայտ է, որ այդ ստորագրությունները ոչինչ չեն նշանակի, քանզի ստացված կլինեն (եթե լինեն) ազատազրկման պայմաններում:
Համաշխարհային պրակտիկայում աննախադեպ իրավիճակ է, երբ ռեժիմների պարագլուխները ձեռք ձեռքի տված գործողություններ են կատարում հայ ժողովրդի շահերի դեմ, իսկ իրեն՝ ժողովրդին խլացնում են «Ռուսաստանը թիվ 1 թշնամին է» թեմայով քարոզչական վայնասունով՝ թույլ չտալով ուշքի գալ և սթափ նայել իրավիճակին։
Չի բացառվում, որ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակեն կալանքից՝ հետագայում ՀՀ տարածքից դուրս բնակվելու խոստման դիմաց: Իրավաբանական բնույթի բոլոր փաստարկներն առ այն, որ նրանց ներկայացված մեղադրանքները կարելի է հերքել դատարանում, դյուրըմբռնելի հեռանկար չեն բովանդակում, քանի որ դատը լինելու է Ադրբեջանի տարածքում, և Ալիևը միանձնյա կորոշի, թե ով է պաշտպանելու մեղադրյալներին…
Ալիևից բարի կամքի ժեստ ակնկալելը հավասարազոր է այն սպասումներին, թե Փաշինյանը կդադարի քաղաքական ձերբակալությունների և բռնաճնշումների ենթարկել քաղաքական հակառակորդներին՝ պետության նախկին ղեկավարներից մինչև փողոցային պայքարի ամենապատանի մասնակից։ Երևանում և Բաքվում քաղբանտարկյալների ազատությունը կարելի է ապահովել միայն թուրք-ադրբեջանական փոխանորդի ռեժիմի տապալումով: Քանի դեռ փոխանորդը իշխանության ղեկին է, Բաքվի և Անկարայի կամքը կատարել նրան խանգարողները կգտնվեն կալանքի տակ և կենթարկվեն բռնաճնշումների։ Փաշինյանի և Ալիևի ռեժիմները միմյանց հայելային արտացոլումն են, իսկ դրանց պարագլուխները ձեռք ձեռքի տված բռնել են հայոց պետականության ոչնչացման ուղեգիծը։
Դավաճանությունն արդեն հասել է այսպես կոչված 8 «անկլավների» փուլին։ Խոսքն այն մասին է, որ Փաշինյանին հնարավորություն տրվի նստած մնալ վարչապետի աթոռին այն ցնցումներից հետո, որոնք կարող է առաջացնել Ալիևի ագրեսիան այդ «անկլավները» զավթելու նպատակով։ Քաղաքագետները չեն բացառում նման հեռանկարը։ Ալիևը հասկանում է, որ Փաշինյանը աթոռին մնաց 44-օրյա պատերազմից և սեպտեմբերի 19-ի ցեղասպանությունից հետո, ուստի հնարավորություն կա, որ նա կկարողանա իշխանության ղեկին մնալ նաև այսպես կոչված «անկլավների» զավթմանն ուղղված ագրեսիայից հետո։
Հիշեցնեմ, որ Փաշինյանի անմիջական թողտվությամբ ադրբեջանցի զավթիչները ինքնիշխան Հայաստանի տարածքում են 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումից հետո։ Նրանց թիվն ավելացավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում, իսկ ընթացիկ տարվա ապրիլին ադրբեջանցիները խորացան ՀՀ տարածքի սահմանային մի շարք հատվածներում։
Թե որքանով կազդեն Իսրայելի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ինքնիշխան Հայաստանի տարածք «ուր որ է» ներխուժման իրավիճակի վրա, առայժմ դժվար է ասել։ Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Ալիևն անպայման կնշի, որ Գրանադայում Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ «անկլավների» ներառմամբ, արձակում է իր ձեռքերը նոր ագրեսիայի համար, եթե Փաշինյանը հոժարակամ չհանձնի այդ տարածքները։
Այն հանգամանքը, որ ռեժիմների պարագլուխներն ասես կիսել են բանակցությունների հարթակները, ոչինչ չի նշանակում, քանզի երկու հարթակներում էլ, Մոսկվայում և Բրյուսելում, նախատեսվում են որոշումներ, որոնք հակասում են հայկական պետականության շահերին։ Վերջերս Ալիևի արած այն հայտարարությունը, թե նման հարթակ կարող է դառնալ նաև Թբիլիսին, նպատակ է հետապնդում խուսափել Բրյուսելի կողմից իրեն պարտադրված պարտավորությունների կատարումից:
Բնութագրելով բանակցությունների ներկա փուլը՝ քաղաքագետ Կարեն Բեքարյանը հարցադրումներ արեց. «Ինչո՞ւ Ալիևը համաշխարհային քննարկման առարկա դարձրեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը (ընդհուպ մինչև ՄԱԿ, ուր համապատասխան նամակ է ուղարկվել)՝ չվախենալով, որ հայկական կողմից համարժեք արձագանք կլինի ոչ իր օգտին։ Ինչո՞ւ է Ալիևը խոսում այսպես կոչված «անկլավների» մասին, չվախենալով, որ հայկական կողմից հիշատակումներ կհաջորդեն Արծվաշենի մասին։ Ո՞րտեղից Ալիևին այդ վստահությունը, որ 8 «անկլավների» մասին խոսելիս՝ չի բախվի հայկական կողմի համարժեք արձագանքին»։
Հանուն արդարության նշենք, որ Պետրոս Ղազարյանին տված վերջին հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասաց, որ 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, սակայն հավելեց, որ Ալիևը դեռևս չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառ. կմ-ի հիշատակումով: Ռեժիմի պարագլուխը հարցազրույցում կրկնեց այն թեզը, որ 70%-ով համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել 1-2 ամսվա ընթացքում, եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումը չխախտի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնորդների մասնակցությամբ համաձայնեցված սկզբունքները։ Կարծում եմ, Ալիևի և Փաշինյանի միջև այդ հանդիպման վերաբերյալ արդեն կան պայմանավորվածություններ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 19-ի ցեղասպանության հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերի հարցի շրջանցումով…