ՀԱՐՑԸ ՇԵՇՏԱԿԻ Է ԴՐՎԱԾ
Խորհրդային դարաշրջանի ամենահին հրեական անեկդոտը հայերի մասին։ Մահամերձ Մոյշան շշնջում է մահվան մահճի շուրջ հավաքված հարազատներին. «Հոգ տարեք հայերի մասին»։ Հարազատները տարակուսած հայացքներ են փոխանակում, իսկ ծեր հրեան վերջին ուժերի լարումով շշնջում է. «Հոգ տարեք հայերի մասին։ Երբ նրանց վերջը տան՝ կանցնեն մեզ»։ Ստացվեց ինչպես անեկդոտում. նրանց, ովքեր կապ չեն տեսնում սեպտեմբերի 19-ին Արցախի հայերի ցեղասպանության և հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման միջև, խորհուրդ եմ տալիս դադարեցնել ընթերցանությունը և մուլտիկներ միացնել: Ինչպես հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանը, իշխող ռեժիմն ուզում էր հանձնել Արցախը, որպեսզի հանգիստ ապրի, իսկ ստացվեց այնպես, որ այժմ աշխարհում ոչ ոք այլևս հանգիստ չի ապրի…
Ստեղծված իրավիճակում քաղաքական բեմահարթակներում մեկը մյուսի հետևից սկսեցին իրենց մասին հայտարարել ազգի «փրկիչները»։ Գործարար Մհեր Ավետիսյանը ներկայանում է որպես «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող, լուսանկարներ է հրապարակում Սերգեյ Լավրովի և Ալեքսեյ Օվերչուկի հետ, խոսում Սյունիքում վերջերս բացած Ռուսական գրքի տան մասին: Ավետիսյանին կապում են որպես ԿԲ ղեկավար պաշտոնավարման փուլում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի, ինչպես նաև հոգևորական Նավասարդ Կճոյանի (նա ելույթ ունեցավ հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ժամանակ) և Ռոման Սոլոդչենկոյի գլխավորած ղազախական ԲՏԱ բանկի հայկական մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլարի շորթման խարդախ սխեմայի հետ։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պարսավանքի բազմաթիվ խոսքեր է հնչեցրել Կճոյանի հասցեին։
Մեկ այլ «փրկչի» դերում հանդես եկավ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. արդեն հայտնի է շարժման անվանումը, որի ստեղծման մասին գեներալը հայտարարեց ազգին հղած իր ուղերձում: Այն կոչվում է «Հայ ազգային ճակատ համազգային շարժում»։ Լայն հանրությանը հայտնի է դրա անդամներից առայժմ միայն մեկի՝ հասարակական գործիչ, Արցախում մարտական գործողությունների վետերան Գևորգ Գևորգյանի անունը: Հենց նա է ստանձնել վաղուց սոսնձված մեղադրանքներից գեներալին արդարացնելու առաքելությունը։
Նրա խոսքերով՝ 2016-ի պատերազմից հետո Կարապետյանին Հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հետագայում հենց ինքն է նշանակել նրան ՌԴ-ում ռազմական կցորդ: Ինչ վերաբերում է «մարտի 1-ի» գործով ցուցմունքներին, ապա Գևորգյանի վարկածով՝ Կարապետյանի 10 ցուցմունքներից 9-ը եղել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Գևորգյանը հայտարարեց, որ նոր շարժումը կոչված է ասպարեզ դառնալու բոլոր նրանց համար, ովքեր հիասթափվել են ոչ միայն իշխող ռեժիմից, այլև առկա ընդդիմությունից:
Ռեժիմի քարոզչամեքենան շտապեց տեղեկացնել, թե Ավետիսյանի և Կարապետյանի ձեռքով Կրեմլը ծրագրում է իշխանափոխություն իրականացնել ՀՀ-ում։ Մինչ այժմ այդօրինակ բոլոր փորձերը, ներառյալ այն, որը 2018-ի գարնանը իշխանության բերեց Նիկոլին ու իր սորոսաթուրքական հինգերորդ շարասյանը, ձեռնարկվել են արևմտյան ուժերի կողմից, իսկ լոկոմոտիվի դերում հանդես է եկել ԱՄՆ դեսպանատունը։ Բոլոր նրանց, ովքեր պահանջում են դավաճանի հրաժարականը, վայրկենապես հայտարարում են «Կրեմլի գործակալներ»։ Ամերիկյան դեսպանատան հաճախորդները՝ ի դեմս արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական և հասարակական կազմակերպությունների առաջնորդների, պահանջում են մաքրել կառավարությունն ու ուժային կառույցները «Պուտինի լրտեսներից»։
Օրերս գլխավոր ռուսատյացներին՝ Արման Բաբաջանյանին, Ռուբեն Մեհրաբյանին, Լևոն Շիրինյանին և Հովսեփ Խուրշուդյանին միացավ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա Արցախի Հանրապետության անկման մեջ մեղադրեց իշխող էլիտաներին, որոնց կազմում, նրա գնահատմամբ, կան «քաղաքականապես միամիտ մարդիկ՝ զուրկ ռազմավարական մտածողությունից և պլանավորման հմտություններից», որոնք մինչև վերջին պահը հույս ունեին, թե ռուսները օգնության կգան և կվերացնեն շրջափակումը:
«Ռուսական կողմի հետ շփումը եղել է ռեստորանի տնօրենի մակարդակով, որտեղ անվճար ճաշում էին ռուս գեներալները։ Հենց նրանք էլ խոստացել էին, թե Արցախի առումով ամեն ինչ կարգին կլինի։ Մոսկվայի հետ շփումները ծիծաղելի մակարդակի վրա էին, փոխարենը՝ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր Ալիևի ներկայացուցիչների հետ, որոնք նրան փոխանցել էին Ադրբեջանի նախագահի խոսքերը, որ պետք չէ հույս դնել Մակրոնի և Բայդենի վրա, պետք է խոսել անմիջականորեն Բաքվի հետ»,- ասաց Խանումյանը։
Նախկին նախարարի խոսքերով՝ Մոսկվայի միջոցով իր հետ խոսողներին Ալիևը համարում էր գործակալ, որոնց շարքին դասվեց նաև Արցախի Հանրապետության 5-րդ նախագահը: Խանումյանը հայտնեց, որ անձամբ խնդրել է Սամվել Շահրամանյանին փոխանցել լիազորությունները Սամվել Բաբայանին: Նրա խոսքերով՝ Բաքվից ուղիղ տեքստով ասվել է, որ Շահրամանյանի ընտրվելու դեպքում ադրբեջանցիները «հակաահաբեկչական գործողություն» կձեռնարկեն։ Արցախի ղեկավարությունն անտեսել է այդ սպառնալիքը, քանի որ մինչև վերջին րոպեն վստահ էին, թե Ռուսաստանն իրենց կօգնի…
Խանումյանը հայտնեց, որ Արցախում ղեկավար պաշտոններից ազատվել են նրանք, ովքեր առաջարկել են հարցերը լուծել անմիջականորեն Բաքվի հետ: Նրանց փոխարինելու են եկել նրանք, ովքեր ոչինչ չէին անում և հայրենասիրական բաժակաճառեր էին ասում։ Խանումյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Արցախի նախկին ղեկավարներն ամեն ինչում մեղադրում են Հայաստանի ղեկավարությանը, մինչդեռ իրենք են մեղավոր, որ միամտաբար վստահել են Ռուսաստանին և անտեսել Սամվել Բաբայանի առաջարկները:
Մենք ներկայացրեցինք նախկին նախարարի դիրքորոշումը, որպեսզի ցույց տանք ռուսական գործոնի շուրջ շահարկումների ողջ սպեկտրը։ Ռուսաստանը դավաճանել է Արցախին, Ռուսաստանն ուզում է Արցախը հանձնելու մեղքը բարդել ՀՀ ղեկավարության վրա՝ ի դեմս Փաշինյանի, Ռուսաստանը հեղաշրջում և իշխանափոխություն է ծրագրում ՀՀ-ում։ Եթե 44-օրյա պատերազմից հետո մեղքի առյուծի բաժինը բարդվեց ՀՀ նախկին ղեկավարների վրա, ապա սեպտեմբերի 19-ին արցախահայերի ցեղասպանության համար գլխավոր մեղավոր է նշանակվել ՌԴ-ն: Այն մասին, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն 9 ամսվա ընթացքում ոչ մի գործուն միջոց չեն ձեռնարկել շրջափակումը վերացնելու համար, իշխանական ճամբարում ոչ ոք չի խոսում։ Ալիևը «հակաահաբեկչական գործողություն» ձեռնարկեց, երբ վերջնականապես հասկացավ. հավաքական Արևմուտքը բառերից այն կողմ չի գնա։ Նա հիմա էլ է դրանում վստահ, ուստի Արցախին հաջորդելու է ագրեսիան Հայաստանի դեմ՝ «անկլավները» վերադարձնելու, «Զանգեզուրի միջանցքը» բացելու և «Արևմտյան Ադրբեջանը» ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով։
ՀԱՐՑԸ ՇԵՇՏԱԿԻ Է ԴՐՎԱԾ. ԿԱ՛Մ ՆԻԿՈԼԸ, ԿԱ՛Մ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Դրա լուծումից շեղում են ամեն տեսակի «փրկիչները» և «ուղարկված տղեկները», այդ ամենը մենք արդեն անցել ենք։ Ժողովրդի փրկությունը իր՝ ժողովրդի գործն է։ Եթե Մեղրիի, Գորիսի, Գյումրիի, Վանաձորի, Երևանի և քաղաքային ու գյուղական այլ համայնքների բնակիչները չեն ուզում կրկնել զոհված ու բռնի տեղահանված արցախցի հայրենակիցների ճակատագիրը, ապա պետք է պայքարի ելնեն այսօր, այս պահին: Վաղը ուշ կլինի, թշնամին արդեն Հայաստանի տարածքում է, պայմանավորված բռնազավթումը 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր չի դադարել ոչ մի րոպե։ Փաշինյանը թույլ տվեց ադրբեջանցիներին մտնել Սյունիք, իսկ հետո սկսեց ստել, թե ինքը չէ, որ հրաման է տվել չկրակել զավթիչների վրա։
Արցախից հայերի գաղթից հետո մոտ է «անկլավների» հանձնումը, իսկ չէ՞ որ 30 տարի շարունակ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների օրոք Ադրբեջանում այդ բառն անգամ չէին հիշում։ «Անկլավների» հետ մեկտեղ Փաշինյանը կհանձնի Սյունիքի մի մասը՝ որպես արտատարածքային միջանցք, իսկ այդ ընթացքում «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությունը կսկսի ակտիվորեն բնակռել «Էրիվանում»։ 1920-30 թվականների խորհրդային քարտեզներում «անկլավ» բնորոշումը բացակայում է: Իր իշխանությունը երկարաձգելու համար Փաշինյանը ադրբեջանական ճանաչեց ռազմավարական նշանակության այն տարածքները, որոնցով անցնում են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին և ՀՀ-ին մատակարարող գազատարը։ Այդ տարածքներում Ադրբեջանն արդեն ծրագրում է հենակետեր կառուցել՝ ռազմական տեխնիկայի և «Յաշմա» հատուկ ստորաբաժանումների տեղակայմամբ։
«Ալիև-Փաշինյան այս ծրագրերը կարելի է համեմատել ադրբեջանցիների վերահսկողությանը Գորիս-Կապան ճանապարհահատվածի հանձնման և արցախահայության բռնի տեղահանման հետ։ Տիգրանաշենի մասով ուզում եմ նշել, որ խոսքը Երևան-Սյունիք ճանապարհի մասին է, որը մեզ կապում է Իրանի հետ»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։