ՓՈՒԼԱՅԻՆ ՄԱՆԿՈՒՐՏԱՑՈՒՄ

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքերի քարտեզների շուրջ սկանդալը հիմնավոր կասկածներ ծնեց, որ ռեժիմը ժողովրդի թիկունքում նպատակաուղղված վարում է պատմության նենգափոխման քաղաքականություն: Խոսքը, հիշեցնեմ, այն մասին է, որ դասագրքերի քարտեզից անհետացել է «Արցախ» անվանումը։ Սկզբում Փաշինյանի ռեժիմն այդ անվանումը հանեց պաշտոնական փաստաթղթերից, հետո նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներողություն խնդրեց ճեպազրույցի ժամանակ «Արցախ» բառն արտաբերելու համար, այնուհետ բռնկվեց դասագրքերի հետ կապված սկանդալը։ «Շնորհակալություն» «պատմաբան» Սմբատ Հովհաննիսյանին, որը սևով սպիտակի վրա գրել է ուսումնական ձեռնարկներում, թե իբր՝ ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ի վեր ապրել են հայերի հարևանությամբ:

Ադրբեջանը պետություն է համարվում 1918թ. մայիսից, իսկ կովկասյան թուրքերը կամ թաթարները սկսել են ադրբեջանցիներ կոչվել նույնիսկ ավելի ուշ՝ 1936 թվականից։ Ի՞նչ հնագույն ժամանակներ: Պատմության լկտի նենգափոխումը բնավ առաջին ահազանգը չէր, որ իշխանական կուլիսներում մշակվում են նոր նախագծեր, որոնք պարտադրվելու են ժողովրդին, և որոնց մասին հայ մտածող հանրությունը կիմանա կատարված փաստից հետո։

Ժողովրդի փուլային մանկուրտացման նախագծերը մշակվում են խստագույն գաղտնիությամբ, ուստի դրանց մասին տեղեկատվությունը միջնորդավորված կերպով ստացվում է արտաքին աղբյուրներից։ Օրերս օտարերկրյա պարբերականում հրապարակված նյութից հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «դիվանագիտական հարթակի» ստեղծման մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Աբխազիայի պետական համալսարանի ռեկտոր Զուրաբ Խոնելիձեի վկայակոչմամբ։ Նա հաղորդել է, որ ներկայումս Սուխումի համալսարանը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի պետական համալսարանների հետ, և արդեն կան նախնական պայմանավորվածություններ հիշյալ դիվանագիտական հարթակի ստեղծման շուրջ: Հարց. ինչո՞ւ այդ մասին ոչինչ չգիտի ԵՊՀ ղեկավարությունը: Պրոֆիլային նախարարությունը նույնպես պնդում է, որ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն չի մասնակցել դիվանագիտական հարթակ ստեղծելու բանակցություններին: Ակներև է, որ ժողովրդից կրկին ինչ-որ բան թաքցնում են…

Այս տարվա մայիսին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը հարց տվեց, թե ինչպես է կոչվում Հայաստանի ամենաբարձր սարը, և ինքն էլ պատասխանեց դրան. «Արագած»: «Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է, ու դա փաստ է։ Երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, ասում եմ՝ երեխեք, ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, կեսից շատն ասում է՝ Արարատը: Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից, հակառակ կողմից նայում են Թուրքիայում ու ասում են՝ Թուրիքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է: Սա, կարծում եմ, փաստ է»,- հայտարարեց ռեժիմի պարագլուխը։

Ընթացիկ տարվա հուլիսին նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողներին հայտարարեց, որ մասնագետներն արդեն արտահայտվել են ՀՀ պետական զինանշանի հետ կապված «խնդիրների» մասին։ Այդ հայտարարությունը բառացի հետևյալն էր. «Այս պահին զինանշանի փոփոխման համար քննարկում և որևէ աշխատանքային խումբ չկա: Իհարկե հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»։ Փոխարենը քաղաքական տարվա ավարտին հիմնավոր կասկածներ կան, որ ռեժիմի վերնախավը կարող է ամանորյա իրարանցման աղմուկի տակ ժողովրդին ներկայացնել ու պարտադրել պետական զինանշանի նոր մակետ։ Անդրեասյանն ասաց, որ հարցի վերաբերյալ հանձնաժողով դեռ չի ձևավորվել, և գործընթացը դեռ չի սկսվել, բայց մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ գործընթացն արդեն սկսված է սեպարատ ռեժիմով, չէ՞ որ նախարարն ընդունում է «խնդրի» գոյությունը…

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԻՇԵՑՆԵԼ, ԹԵ ՈՎ Է, ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ՆԱԽԱՐԱՐԸ, «ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՀԱՐՑԸ»։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հարց ուղղեց. «Ի՞նչ կապ ունի զինանշանը ժամանակակից Հայաստանի հետ»։ «Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը, որ 1991-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է: Ընդ որում նայելով կենտրոնին, Արարատ սարի վրա նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծը, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում»,- հայտարարեց ռեժիմի պարագլուխը, որը վստահ է, թե Հայաստանի պատմությունը սկսվել է 1991-ին:

Փաշինյանը, ինչպես հայտնի է, թերուս է, բարձրագույն կրթություն չունի և չգիտի, թե ինչ կապ ունեն հայերն Արարատի, Նոյյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի հետ, որը, հիշեցնեմ, տևել է 150 օր:

Այդ հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ արձագանքներ լիկբեզի ոգով, հղում անելով ՀԽՍՀ զինանշանին և նույնիսկ ֆուտբոլի հայտնի հավաքականին, հիշատակումով, որ Թուրքիան 20-րդ դարում «կուլ տվեց» այն հանգամանքը, որ այդ հավաքականը կոչվում էր «Արարատ»։ Փաշինյանի օրոք ամեն ինչ այլ է, և եթե Անկարայից բացասական գնահատականներ հնչեցին ժողովրդական վրիժառուների հուշարձանի տեղադրման հետ կապված, ապա ինչո՞ւ չենթադրել, որ ՀՀ զինանշանի նկատմամբ Փաշինյանի հնչեցրած դժգոհությունները նույնպես թելադրված են նույն տեղից։ Միանգամայն ակնհայտ է, որ սրբագրված հայկական զինանշանն արդեն գոյություն ունի նախագծի (նախագծերի) մակարդակով, ինչպես որ գոյություն ունեն նաև Հիմնական օրենքում ենթադրյալ փոփոխությունները՝ այն դրույթների մասով, որոնք նյարդայնացնում են Էրդողանին…

Ըստ բոլոր նշանների՝ մեծ աղմուկ բարձրացրած պատմության դասագիրքը լոկ սկիզբն է, հետագա քայլերը պետք է կասեցնել սաղմնային վիճակում, քանզի նախարարը՝ ռեժիմի գլխավոր խոսափող Պետրոս Ղազարյանի կինը, դժվար թե ահազանգի ազգային խորհրդանիշների՝ զինանշանի և օրհներգի դեմ ոտնձգության առիթով։ Օրհներգին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փաշինյանն արդեն ավելացրել է իր իսկ հեղինակած եզրափակիչ քառատող։ Ռեժիմի պարագլխին դուր չի եկել տողն այն մարդկանց մասին, ովքեր պատրաստ են անմահություն ձեռք բերել Հայրենիքի ազատագրման համար պայքարում…

Պետական համալսարանների մակարդակով բանակցությունների մասին լուրը եկավ դրսից, իսկ ո՞ւր է երաշխիքը, որ պետական զինանշանի փոփոխման մասին հայ հանրությունը չի իմանա կատարված փաստից հետո, ինչպես Ակադեմիական քաղաքի գտնվելու վայրի փոփոխման մասին։ Ամիսներ շարունակ կարծում էինք, թե շինարարության վայրը լինելու է ամայի տարածքն Աշտարակ քաղաքում, իսկ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել 17-րդ թաղամասին և Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիային հարող տարածքում: Շինարարության ընդհանուր մակերեսը կկազմի 700 հեկտար։

Նախագծման փուլի մեկնարկը նշանակված է հոկտեմբերին, իսկ ավարտը՝ 2025թ. սեպտեմբերին, Այստեղից հետևություն. նախագծումից այնկողմ գործը չի գնա, քանզի 2025թ. սեպտեմբերին Հայաստանում արդեն կլինի այլ իշխանություն, իսկ այ զինանշանի մասով փաշինյանական թիմը կարող է հասցնել։ Կցանկանայինք իմանալ նկարչի ազգանունը, որը հայկական զինանշանը կթողնի առանց Արարատ լեռան: Դժվար թե դա «յան» վերջավորությամբ ազգանուն լինի, եթե, իհարկե, զինանշանը նկարել Նիկոլը չհանձնարարի իր որդուն՝ Աշոտին, որը ոչ այնքան վաղուց դարձել է նկարիչ…