ՓԼՈՒԶՎԵ՛Ց 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՍՊԵԼԸ: ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ…
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումից Ալիևի հրաժարումով փլուզվեց 2023 թվականի գլխավոր առասպելը. Փաշինյանը պնդում էր, թե Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ընթացիկ տարեվերջին - հաջորդ տարեսկզբին։ Բրյուսելյան հանդիպման ձախողումը ցույց տվեց, որ ռեժիմի պարագլուխը հերթական անգամ ստել է և նշված ժամկետում որևէ ստորագրում չի լինելու։
Փաշինյանի սուտը ծնեց քաղաքականացված հանրության ուշադրությունը շեղելու փորձեր, բայց այդ մասին՝ ստորև, իսկ փլուզված առասպելի մասին խոսակցությունն ամփոփենք մեջբերումով: «Մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումն իրատեսական չեմ համարում, քանի որ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի նույնիսկ 29 հազար 800 քառ. կմ տարածքը։ Տվյալ համատեքստում մեծ դեր են խաղում միջնորդները։ ՀՀ-ի համար դա Բրյուսելն է, իսկ ՌԴ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան ելնում են տարածաշրջանային դերակատարների միջնորդությամբ կարգավորման նպատակահարմարությունից։ Սա սկզբունքային հարց է, քանի որ այն մեծապես կկանխորոշի տարածաշրջանի ապագան» - ընդգծել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ադրբեջանը սպասում է նոր զիջումների, իսկ Փաշինյանի ռեժիմը ժողովրդից թաքցնում է Բաքվից ստացած նոր առաջարկների բովանդակությունը։ Ալիևը հասկացել է, որ Ցեղասպանության և արցախահայության բռնի տեղահանման համար պատժամիջոցներ հավաքական Արևմուտքի կողմից չեն լինելու, ուստի նոր զիջումներ է պահանջում Փաշինյանից և պատրաստ է խոսել միայն այդ թեմայի շուրջ։ Քաղաքականացված հանրության ուշադրությունը պարագլխի մեղքով ստեղծված բավական վտանգավոր իրավիճակից շեղելու համար ռեժիմի վերնախավը դիմեց շեղող հնարքի։
Ձայների 9%-ով ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդմնակալության արարողության համար մայրաքաղաքի բյուջեից ծախսել է շուրջ 220 հազար ԱՄՆ դոլար (87 մլն 318 հազար դրամ): Համեմատության համար նշենք, որ 2018-ին Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունն արժեցել է ընդամենը 990 հազար դրամ: Համակարգային կոռուպցիայի կողմից իշխանական ինստիտուտների կլանման ակնհայտ նշանների խորապատկերին ռեժիմի քարոզչամեքենան լուրեր է տարածում, թե Արցախը հանձնելուց հետո Փաշինյանի ձեռքերը վերջապես ազատ են, և նա կարող է ու ցանկանում է հաղթական ավարտին հասցնել «նախկիններին» կուլակաթափ անելու իր խոստումները։
Արդեն շրջանառության մեջ է դրվել 500 մլրդ դրամ թիվը, հակակոռուպցիոն կոմիտեն հետապնդում է «նախկին կոռումպացված ռեժիմի» շնաձկներին՝ փորձելով շեղել քաղաքականացված հանրության ուշադրությունը Արցախի ավելի քան 100 հազար հայրենակիցների բռնի տեղահանումից և ցեղասպանությունից, ինչպես նաև այն հանցագործությունից, որը Փաշինյանը խոստովանել է հրապարակավ։
Խոսքն այն մասին է, որ նա չխոչընդոտեց ցեղասպանությանը և չպաշտպանեց հայկական անձնագրեր ունեցող մարդկանց մահից ու բռնի տեղահանությունից։ Որպես շեղող հնարք կրկին օգտագործվում է կոռուպցիայի դեմ գրոհի մասին թեզը, որը շահարկվում է 2018-ից, միայն թե հայտարարագրված գումարներն են աճել։ Հաշվարկը կառուցված է այն բանի վրա, որ 500 մլրդ դրամի մասին հիշատակումները շոյում են քաղաքացու ականջը։
Քարոզչամեքենային սատարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, ընդ որում արտահայտվեց առարկայական, ձգտելով փոխադրել բռնի տեղահանված արցախցիների զայրույթը հայկական երկրորդ հանրապետության նախկին ղեկավարության ներկայացուցիչների վրա։ Ա.Քոչարյանը մատնանշեց նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի բնակարանները «Դվին» հյուրանոցի դիմացի բազմաբնակարան շենքում, նշեց, որ նրա եղբայր Արեգ Ղուկասյանը տվյալ պահին Ավանում աղի արտադրության կոմբինատի սեփականատերն է, հիշատակեց ՀՀ տարածքում այլ բարձրաստիճան զինվորականների սեփականության մասին: Ա.Քոչարյանն արձանագրեց սեփականազրկման գործընթացի անցում ավելի բարձր մակարդակի, հիշատակելով երրորդ նախագահի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի վճարած մեծ գումարների մասին։ Նրա փողերի որսը ռեժիմը սկսել էր դեռևս 2019 թվականին։
«Կոռուպցիան հանգեցրեց նրան, որ Արցախը մնաց առանց բանակի»,- ընդգծեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը, այդպիսով նշանակելով գլխավոր «մեղավորին»: Քոչարյանը համատեղության կարգով ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն առանց մեծ խանդավառության արձագանքեց լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք առաջիկայում ձևավորվել Արցախում սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը գլխավորել է 2016թ.Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, իսկ այս պահին քննում է 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքները, առանձնապես չպնդեց, որ ստեղծվի սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով: Սահմանափակվեց հայտարարությամբ, թե պետք է շրջել էջը, քանզի «այդ թեման մշտապես կծառայի որպես հասարակական լարվածության աղբյուր»։ Էջը շրջել չի հաջողվի, ցեղասպանության և բռնի տեղահանման հետևանքով առաջացած լարվածությունը ոչ մի տեղ չի անհետանա, իսկ իրավիճակը ինչ-որ կերպ լիցքաթափելու համար Պաշտպանության բանակի ծառայողներին անհապաղ ուղարկեցին սահմանամերձ շրջաններ՝ «Երևանում նրանք անելիք չունեն, բացի դավաճանի ռեժիմի դեմ ապստամբություն նախապատրաստելուց» սկզբունքով…
Ա.Քոչարյանը առանձնահատուկ հիշատակեց կոռուպցիոն սխեմաներում Արցախի նախկին ռազմական ղեկավարության ներկայացուցիչների ներգրավվածության մասին, վկայակոչեց գեներալ Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործը և վճռականորեն հայտարարեց, թե «թալանված գույքը պետք է վերադարձվի ժողովրդին»: Նա հավանություն տվեց Պաշտպանության բանակի ծառայողների ներգրավմանը ՀՀ զինված ուժերում, քանի որ հայկական զինված ուժերին «պետք են նրանց գիտելիքներն ու փորձը»։ Քոչարյանը հատուկ ուշադրություն հատկացրեց ռուս զինվորականներին 100 տանկերի և այլ ռազմական տեխնիկայի հանձնման հարցին, որոնք եղել են լիարժեք մարտական պատրաստականության վիճակում, սակայն չեն ոչնչացվել Պաշտպանության բանակի կազմալուծման և Արցախից հայերի գաղթի ժամանակ:
Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը հատուկ ընդգծեց, որ այդ սպառազինությունը ձեռք է բերվել ոչ միայն հայ հարկատուների, այլև Սփյուռքի միջոցներով, որից հետո կարծիք հայտնեց, թե այդ սպառազինությունը ՌԴ խաղաղապահները փոխանցել են ադրբեջանցիներին: «Ո՞վ է պատասխան տալու Պաշտպանության բանակի լուծարման համար։ Խորհրդարանը համապատասխան թուղթ չի վավերացրել, իսկ հիմա նա (Շահրամանյանը) ասում է, թե նման թուղթ չկա։ Որքանո՞վ էր նա իրավասու ստորագրել Պաշտպանության բանակի լուծարման թուղթը։ Ինչի՞ շուրջ են բանակցել Եվլախում։ Ո՞րն է ճշմարտությունը»,- հարց տվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, թե «այսօր ՀՀ տարածքում գտնվող 105 հազար արցախցիների գլխավոր խնդիրը դեմ է առնում կոռուպցիային»։
ԼԱ՜Վ ԵՆ ԳԼՈՒԽ ՊՐԾԱՑՆՈՒՄ։ ՌԵԺԻՄԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է ՄԵՂԱՎՈՐ։ Պետք չէ մեղադրել Փաշինյանին, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս և իր ճանաչումով ազատություն տվեց Ալիևի ձեռքերին շրջափակում սկսելու 2 ամիս անց՝ դեկտեմբերի 12-ից: Պետք չէ մեղադրել Փաշինյանին, որ 9 ամիս շարունակ չկարողացավ միջազգային հանրության աջակցությամբ ստիպել Ալիևին դադարել սովամահ անել Արցախը։ Շատ ավելի հեշտ է սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել Արցախի 5-րդ նախագահի վրա, որը պաշտոնավարել է հաշված օրեր։
Իսկ բացի այդ, պետք է զոռ տալ ուղեղին ու նշմարել չարի «իրական» արմատը, որը թաքնված է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կոռումպացվածության, նախկին նախագահների և պաշտոնաթող գեներալների անշարժ գույքի և նրանց բիզնեսների մեջ։ Ահա թե ուր պետք է ուղղորդել հայրենակիցների զայրույթը, որոնք ռեժիմի վարած քաղաքականության մեղքով հայտնվել են ցեղասպանության և ապարտեիդի զոհերի վիճակում...
Ուշադրություն դարձրեք, Քոչարյանը հստակ մատնացույց արեց ապագա սեփականազրկման հասցեատերերին. նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից ու նրա եղբորից մինչև պաշտպանության նախկին նախարար գեներալ Սեյրան Օհանյան։ Ի դեպ, բոլորովին վերջերս Քոչարյանը հավաստիացնում էր, թե կցանկանար Օհանյանին տեսնել որպես իր տեղակալ, ուստի դեմ էր այդ պաշտոնում Արթուր Ղազինյանի ընտրությանը, որը չի ծառայել բանակում: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա քաղաքապետի երդմնակալության վրա ծախսված գումարին պետք է ավելացնել այն 6 մլն դոլարը, որ Փաշինյանի կառավարությունը հատկացրել էր ռեփ աստղի համերգին՝ Արցախի սովատանջության ամենաթեժ պահին։ Որքա՜ն սպառազինություն կարելի էր գնել այդ գումարով, քանի՜ բնակարան կարելի էր ձեռք բերել Արցախից բռնի տեղահանված, երեխաներ ու տարեցներ ունեցող ընտանիքների համար։