ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ , կամ ՔԱՆԻ՞ ՇԱԲԱԹ Է ՄՆՈՒՄ ԿԱՊԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼԻՔ ՀԱՐՎԱԾԻՆ
Միակ բանը, ինչով Փաշինյանը կարող էր թուլացնել լարվածությունը, որ կուտակվում է ժողովրդի մեջ Արցախը հանձնելուց հետո, Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումն է, սակայն քաղաքական տարին մոտենում է ավարտին, իսկ Ալիևը ցուցաբերում է համատեղ փաստաթուղթ ստորագրելու շահագրգռվածության իսպառ բացակայություն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Բրյուսելում բանակցությունների վերսկսման հարցը քննարկելու մտադրության մասին և ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունները, թե բանակցությունները կայանալու են դեկտեմբերին, լավատեսություն չեն ներշնչում:
Երեվանում խոսում են 8 գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի վերջնագրի մասին, Իսկ Բաքվում քննարկում են «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի հեռանկարը: Հայաստանից 2018-ից ի վեր ոչ մի հիշեցում չի հնչել Արծվաշենի և 2020-ից հետո զավթված 200 քառ.կմ-ի մասին, բայց Փարիզում Փաշինյանն անսպասելիորեն հիշեցրեց, որ մինչև 1988-ը Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ապրում էր մոտ 500 հազար հայ։ Ի դեպ, Նախիջևանի բնակչության 60%-ը նույնպես հայեր էին։
Փաշինյանի այն հայտարարությանը, թե 3 հիմնական սկզբունքներն արդեն համաձայնեցված են (տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում, հաղորդակցության ուղիների բացում), Բայրամովը մեկ շաբաթ անց պատասխանեց, որ բանակցությունները կշարունակվեն, երբ Հայաստանն ընդունի ադրբեջանական կողմի պայմանները: Խոսքը «անկլավների», ադրբեջանցի «փախստականների» վերադարձի և հայկական զինուժի թվաքանակի ու զինատեսակների կրճատման մասին է։
Փաշինյանն ուզում է Ալիևի և իր սեփական ստորագրությամբ մի թուղթ ցույց տալ ժողովրդին՝ «Տեսե՛ք, ես ձեզ խաղաղություն եմ բերել» խոսքերով։ Ազդեցիկ քաղաքագետներն ու իրավագետները վստահաբար պնդում են, որ Ալիևը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի ո՛չ մինչև հունվարի 1-ը, ո՛չ էլ դրանից հետո, երբ նախատեսվում է ավարտին հասցնել հայկական երկրորդ հանրապետության պետական ինստիտուտների լուծարման գործընթացը: Համապատասխան հրամանագիրը որևէ քաղաքական կշիռ չունի Արցախի Հանրապետության համաժողովրդականորեն ընդունված Սահմանադրության խորապատկերին, որը ոչ ոք չի չեղարկել: Պետության ատրիբուտներից հայկական երկրորդ հանրապետությունը զրկվել է միայն տարածքից, բայց կա ժողովուրդը, կա իշխանությունը…
Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ ձեռքերը չի լվացել Արցախից, ինչպես ոմանք սխալմամբ հայտարարում են, ձեռքերը լվացել են իշխող վերնախավի ներկայացուցիչները, որոնց չի կարելի նույնացնել պետության հետ: Իշխող ռեժիմը չի արտացոլում ժողովրդի կամքը, Արցախը հանձնելուց հետո Հայաստանում քաղաքական անկայունությունն աճում է՝ չնայած դիմադրության ցանկացած նշույլ ճնշելու դրակոնային մեթոդներին։ Արցախը հանձնելուց հետո Փաշինյանը զրկվել է ժողովրդի անունից խոսելու իրավունքից, նա այդ իրավունքը չուներ նաև այն ժամանակ, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել»։
Խաղաղության համաձայնագրի տակ Ալիևի հետ համատեղ ստորագրությունը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության գոյության «կադաստրի վկայականը»: ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունը, ռեժիմի պարագլխի տրամաբանությամբ, կադաստրի վկայականի կարիք ունի՝ ցեղասպան պետության ղեկավարի ստորագրությամբ: Բանակցություններ չկան արդեն 3 ամիս շարունակ։ 70 տոկոսով համաձայնեցված փաստաթուղթը (Փաշինյանի բնորոշումը) լռվել է եզրափակիչ փուլում, և արդեն ակնհայտ է, որ շարունակությունը կլինի բնավ ոչ շուտով…
Բանակցությունների դադարի հետևանքով առաջացած տհաճ վիճակն ինչ-որ կերպ հաղթահարելու համար Փաշինյանը լավատեսական հայտարարություն արեց, թե իբր՝ մոտ ժամանակներս երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի Մարգարայի անցակետը հայ-թուրքական սահմանի վրա։ Ալիևի այն հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է, ռեժիմի վերնախավը փորձում է ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայկական դիվանագիտության հաղթանակ, ակնհայտորեն ընչունելով այդ խոսքերը որպես բացարձակ ճշմարտություն…
Փաշինյանն ինքն էլ չի հավատում իր «խաղաղ» ծրագրի իրականացման հեռանկարին, ՀՀ տարածք թուրք-ադրբեջանական տանդեմի ներխուժման սպառնալիքի մասին հաղորդվել է բազմիցս, իսկ ընթացիկ պահին բնորոշ են այն աննախադեպ միջոցառումները, որոնք ռեժիմը ձեռնարկում է իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կառավարությունում և խորհրդարանում ձեռնարկվող այդ միջոցների մասին մեր ընթերցողներին տեղեկացրել ենք բազմիցս, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, գերազանցել է հնարավոր ու անհնար բոլոր ռեկորդները։ Ուժգնացվում է խորհրդարանի շենքի անվտանգությունը, որտեղ բոլոր անկյունները հսկվում են տեսախցիկներով, վերանորոգման համար պետության բյուջեից հատկացվել է 39 մլն դոլար:
Կառավարության շենքի վերանորոգումը, որը ստիպեց Փաշինյանին որոշ ժամանակով տեղափոխվել նախագահի նստավայր, նույնպես նպատակ ուներ ուժեղացնել հակահրդեհային և անվտանգության այլ համակարգերը, համանման միջոցներ են ձեռնարկվում նաև ԱԳՆ շենքում: Ռեժիմի վերնախավը խուճապահար վախենում է համաժողովրդական ընդվզումից։ Ժողովուրդը տեսնում է Փաշինյանի ու իր շրջապատի քաղաքական ապիկարությունը, զանգվածները գիտակցում են, որ իշխանությունը ոչ մի բանի ընդունակ չէ, բացի դատարկ խոստումներից։ Հասարակությունը մինչև կոկորդը կուշտ է դիվանագիտական անօգուտ ճիգերից, անվտանգության զրոյական մակարդակից և բանակցություններից, որոնք հերթական անգամ փակուղի են մտել։ Բաքուն հայկական կողմին մեղադրում է կառուցողական մոտեցման բացակայության մեջ, ինչը վկայում է հերթական ագրեսիայի համար ձեռքերն արձակելու փորձի մասին:
Ոչ ոք չի հավատում ռեժիմի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Կես ճանապարհին լռվել է Սահմանադրության բարեփոխումը, Հայաստանի Չորրորդ Հանրապետությանն անցում հայտարարելու ծրագրերը՝ առանց Արցախի, ընդ որում՝ նոր Հռչակագրով, որում հիշատակումներ չեն լինի Արցախի Հանրապետության, Արևմտյան Հայաստանում 1915թ. Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ու դատապարտման մասին։
Քաղաքական տարին մոտենում է ավարտին, բանակցությունների տևական դադարները լինում են ոչ ինքնաբերաբար, դրանք հետևանքն են Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության և Սյունիքը զավթելու թուրք-ադրբեջանական տանդեմի պատրաստականության: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այս առնչությամբ հնչեցրեց հետևյալ կանխատեսումը. «Սյունիքին հարվածից հետո, ինչին պետք է սպասել տեսանելի հեռանկարում, կլինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որն իսկական պատուհաս կդառնա հայ ժողովրդի համար, քանի որ դրան կհաջորդի 100 հազարից մինչև 600 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը ՀՀ տարածքում, իսկ դա նշանակում է, որ պատերազմը կգա մեր փողոցներ ու բակեր»:
Փորձագետը հիշեցրեց, որ թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններն անցկացվել են «Իսկանդերների» հեռահարության շառավղի հաշվառումով, մշակվել են նաև քաղաքային մարտերի հմտություններ: Այն մասին, որ Կապանը ադրբեջանցիների նշանառության տակ է, բացահայտ խոսում են ադրբեջանական հեռուստաալիքները։ Ադրբեջանցի վերաբնակների անվտանգության երաշխավորը, Ջամալյանի խոսքերով, կդառնա Թուրքիան։
Իշխանության ճամբարում համոզված են, թե իրավիճակի նման զարգացումը հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնա արևմտյան աշխարհի մաս: «Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է, եթե Ադրբեջանը հասկանա, որ փաստաթուղթ է ստորագրում ոչ թե Հայաստանի, այլ հավաքական Արևմուտքի հետ»,- իշխանական հեռուստաալիքներից մեկում հայտարարեց ռեժիմին ծառայող սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Այլ կերպ ասած, բանակցությունների դադարը ռեժիմը լցրեց սիրելի քարոզով՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի շուտափույթ ելքի, ինչպես նաև Գյումրիից ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման անհրաժեշտության վերաբերյալ։ Միաժամանակ խոսվում է այն մասին, որ Ալիևը լկտիանում է՝ թիկունքում զգալով Մոսկվայի աջակցությունը։ Խոսքը հենց այն աջակցության մասին է, որից Հայաստանը զրկվեց Փաշինյանի քաղաքականության մեղքով։