ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, կամ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԲՌՆԱՃՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թվում էր, թե 16-ամյա Սամվել Միրզոյանի կալանավորումից ավելի զազրելի արարք իշխող վարչախումբն այլևս չի կարող հորինել, բայց այս անգամ էլ արդեն իսկ հատակի տակ հայտնաբերվեց ևս մեկը: Հիշեցնեմ, որ Արցախի Մարտակերտի շրջանի նախկին բնակչին՝ բազմազավակ և 2 հաշմանդամ ունեցող ընտանիքի միակ կերակրողին միանգամից չեն ձերբակալել կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19-ի դեպքերին մասնակցելու համար: Սկզբում նրան փնտրում էին, ավելի ճիշտ՝ ձևացնում, թե փնտրում են, քանի որ Միրզոյանը բնակության վայրում էր և ոչ մեկից չէր թաքնվում։ Նրան ձերբակալեցին սեպտեմբերի 27-ին, իսկ հետո կալանավորեցին՝ առանց հաշվի առնելու, որ 7 երեխա ունեցող ընտանիքում չկա հայր։ 12-րդ դասարանի աշակերտ Միրզոյանն աշխատում էր օրավճարով, որպեսզի կերակրի ընտանիքին։ Նման «կողմնակի» հանգամանքները ռեժիմին ծառայող արդարադատությանը չեն հետաքրքրում…

Ապրիլի 4-ի հանրահավաքի ամբիոնից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հնչեցրեց հիրավի մարգարեական մի հայտարարություն, որը ռեժիմին ծառայող քննիչները մեկնաբանում են որպես բռնության կոչ. «Այստեղ խոսք գնաց այն մասին, թե ինչու ճանաչենք Արցախը, երբ դա կարող է սրել իրավիճակը։ Արցախում հենց գետինը չորանա, սկսվելու է պատերազմ. Արցախն իր փոքրիկ բանակով դեռ իրեն պահում է, այդ պատերազմի ժամանակ մենք պետք է օգնության հասնենք: Բայց մենք մի պրոբլեմ ունենք՝ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք պետք է հեռանան: Մենք ունենք վախկոտ, Ցռան Վերգո իշխանություն, որը գաղտնի պայմանավորվածություններ ունի թուրքերի հետ»։

Ինչպես տեսնում ենք, բռնության որևէ կոչ այս խոսքերում չկա, փոխարենը կա կանխատեսում, որն իրականացավ սեպտեմբերի 19-20-ին, երբ «հակաահաբեկչական գործողության» ցուցանակի տակ Ալիևն իրականացրեց արցախահայության ցեղասպանությունն ու բռնի տեղահանումը։ Ոստիկան Հենրի Պետրոսյանը, որը բռնության կոչերի վերաբերյալ նախկին վարչապետին ներկայացված մեղադրանքով անցնում է որպես վկա, իր ցուցմունքում գրել է. «Ամբոխը ծափահարում էր Բագրատյանին»: Եվ ի՞նչ։ Այդ փաստից քննությունը կարող էր եզրակացնել, թե իշխանությունների դեմ ձեռնարկվել է կոնկրետ գործողությո՞ւն։ Այդ ոստիկանը կանխահայտ սուտ վկայություններ է տվել, թե Բագրատյանը գլխավորել է հանրահավաքը, թեև «Միասին» շարժումն ունեցել է մի քանի համակարգող, և ակցիան էլ ղեկավարել է շարժման խորհուրդը։

Մեղադրող կողմի երկրորդ վկայի անունը Արթուր Սաքունց է, նա սորոսական հայտնի իրավապաշտպանի անվանակիցն է։ Այս վկան իր ցուցմունքում վկայակոչել է նախկին վարչապետի ելույթի մեկ այլ դրվագ. «Մեր երկրում միշտ մոտ 40 հազար մարդ է ծնվել, մոտ 25 հազար մարդ մահացել է: 15 հազարով ավելի ծնունդ ունենալով՝ շատ դժգոհ ենք եղել: Վերջին 5 տարում մահանում է 36 հազար մարդ (այդ թվերի մեջ մտած չեն կովիդն ու զոհվածները)։ Ունենք 36 հազար մահ և 35-36 հազար ծնունդ։ Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։

Ինչո՞ւ է վկան ֆիզիկական ոչնչացման և բռնության կոչ տեսել «վերացրեք» բառի մեջ: Ինչո՞ւ չենթադրել, որ Բագրատյանը նկատի ուներ ռեժիմից ազատվելու սահմանադրական միջոցը, օրինակ՝ իմպիչմենտի միջոցով, որի մասին խոսում է խորհրդարանական ընդդիմությունը։

Բացի սատանայի վկաներից, ռեժիմի բռնաճնշումներին մասնակցում են նաև նրանք, ում արժանիորեն անվանում են սատանայի դատավորներ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշումներ է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի և Արմեն Չարչյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ: Նրան է պատկանում նաև Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի գործով որոշումը։ Քաղաքական բոլոր գործերով այս դատավորը կալանքի սանկցիա է տվել՝ գործնականում հաստատելով Փաշինյանի հայտնի թեզը, որ չկա այնպիսի դատավոր, որը կհրաժարվի իր ասածն անել։

Դատավոր Մանվել Շահվերդյանը նույնպես զբաղվում է քրեական դատավարություններով, նրա թեթև ձեռքով կալանավորվեց զոհված հերոսի մայր Գայանե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի որդուն իբր առևանգելու համար: Դատավոր Մասիս Մելքոնյանը 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվել է ԱԺ, ուստի առանց վարանելու տվեց «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի կալանքի սանկցիան՝ «բռնության կոչերի» համար։ Նոյեմբերի 15-ին դատարանը երկարաձգեց կալանքը 3 ամսով։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը Մելքոնյանին հրապարակայնորեն մեղադրել է, որ լինելով փաստաբան՝ յուրացրել է իր փողերը: Ներկայումս այդ դատավորն անցնում է քրեական գործով։

Դատավոր Լուսինե Հովհաննիսյանը երկար կմնա ժողովրդի հիշողության մեջ, նա հրաժարվեց բավարարել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքի դեմ բողոքը: Որոշ ժամանակ անազատության մեջ անցկացնելուց հետո Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում։ Սատանայի դատավորներ Մնացական Մարտիրոսյանի, Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի մասին չենք խոսի, նրանց մասին ամեն ինչ ասված է։ Արդարադատության համակարգը «բարեփոխվում» է այնպիսի արագությամբ, որ ԶԼՄ-ները չեն հասցնում հրապարակել կալանավորվածների անունները, քանզի դատարանները կիրառում են կալանքը ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ:

Երրորդ Հանրապետության տարիներին դատարանները երբեք այդպիսի եռանդով չեն սպասարկել իշխող ռեժիմի կամքը։ Քաղբանտարկյալների թիվն աճում է օրեցօր, յուրաքանչյուր հաջորդ մեղադրանքը նախորդից ավելի զազրելի է թվում, քաղաքական և հասարակական գործիչները ձերբակալվում են մեկ անձի ցուցմունքների հիման վրա (որպես կանոն, վկայի դերում հանդես է գալիս որևէ ոստիկան), արդարադատությունը փոխարինել են պատժիչ համակարգով, դատավորները դարձել են քաղաքական բռնաճնշումների անմիջական մասնակիցներ։

Դեռ վերջերս նրանք կալանքի սանկցիաներ էին տալիս վարչապետի աթոռին բազմած մարդուն վիրավորելու հոդվածով, ընդ որում՝ «հանցանքի» գլխավոր վայր էր դարձել է Ֆեյսբուքը։ Մինչև 2021թ. ապրիլի 1-ը հարուցվել է 700 քրեական գործ, իսկ տուժողը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ընդ որում այդ գործերից յուրաքանչյուրի մասին նրան զեկուցվել է անձամբ:

2021թվականին 137.1 հոդվածով («ծանր վիրավորանք») 8 քրեական գործ ուղարկվել է դատարան: Մենք մեջբերումներ չենք անի այդ վիրավորանքներից, կսահմանափակվենք արձանագրումով՝ հոդվածի առկայությունը ոչ մեկին չկասեցրեց։ Երկրորդ և երրորդ նախագահների օրոք, որոնց Փաշինյանը մեղադրում է ժողովրդավարության բացակայության մեջ, մարդիկ չգիտես ինչու վարժվել են ասել և գրել այն, ինչ մտածում են։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք ոչ ոք չէր վախենում բանտ ընկնել ճշմարտության համար։ Եթե նախկին ղեկավարների օրոք մարդիկ ասում ու գրում էին այն, ինչ մտածում են, ապա ինչո՞ւ չեն կարող նույնը անել «ժողովրդավարության բաստիոնում»։

Հարցը հռետորական է, քանզի փաստը մնում է փաստ. պետության նախկին «ոչ ժողովրդավար» ղեկավարների օրոք զանգվածներն այնքան են վարժվել ազատ արտահայտելու իրենց մտքերը բանավոր և գրավոր ձևով, որ հետ վարժեցնելու համար կպահանջվեն ազատազրկման տարիներ: Ժողովրդավարությունն այդքան հեշտ չես ջնջի ժողովրդի միջից, մարդիկ շարունակում են ասել ու գրել այն, ինչ ուզում են, իսկ գլխավոր թիրախը եղել ու մնում է Փաշինյանը։ Ժողովրդավարության ահա այդպիսի սովորություն…

«Ծանր վիրավորանքի» համար հոդվածը չեղարկեցին, իսկ բռնաճնշումները շարունակվում են, արդյունքում տուժում է պետական համակարգը, որը կոչված է պաշտպանել քաղաքացիներին, այլ ոչ թե ընկալել նրանց որպես «կալանքի մատերիալ»: Դատաիրավական համակարգը դարձել է իրավական կամայականության պատանդը, որի մեջ թաղվել է ռեժիմի վերնախավը։ Իրավիճակը ծայրաստիճան ճշգրիտ բնութագրեց ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը. « Բոլոր իրավապահ մարմինները, որոնք կոչված են պայքարել հանցագործների դեմ, զբաղված են հանցավոր իշխանության սեկտայի, նրանց ընտանիքի, նրանց կողմնակիցների պահպանությամբ, ընդդիմադիրների նկատմամբ գազանություններ անելով։ Որևէ մեկին այսօրվա չակերտավոր քաղաքական իշխանությունից չի հետաքրքրում, թե որքան լավ է կատարվում հանցավորության դեմ պայքարի գործը, այլ հետաքրքրում է, թե ինչ ջանասիրությամբ են իրավապահները պահպանում իրենց շահերը»։

Օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ։ 16-ամյա պատանին նստած է Աբովյանի անչափահասների գաղութում այն բանի համար, որ սեպտեմբերի 19-ին միացել է իր Հայրենիքը խլած ռեժիմի դեմ բողոքի ակցիային: Երբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու իր ընկերը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հալածում էին Օրենքը Փաշինյանի քմայքներից վեր դասող դատավորներին, բազմաթիվ կանխատեսումներ էին հնչում այն մասին, որ դադարեցնելով օրինապաշտ դատավորների լիազորությունները՝ կստանանք քաղաքական բռնաճնշումների պատմուճանավոր մեղսակիցների բանակ։ Այդպես էլ եղավ, թեև տողերիս հեղինակը հակված չէ ընդհանրացնել, բայց սա կարծես թե հենց այն դեպքն է, երբ բացառությունները լոկ հաստատում են կանոնը…