ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԵՐՇՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹԵ ԱՐՑԱԽԸ ՎԵՐՋԻՆ ԿՈՐՈՒՍՏՆ ԷՐ
Փաշինյանը եվրոպական ամբիոններից խոսում է «խաղաղության խաչմերուկի» մասին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում կառավարությունից ստանալ իշխանության առանցքային նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մատնանշեց, որ 2024 թվականի բյուջեի օրինագիծը ամենահարմար փաստաթուղթն է այդ նախագծի հիմնավորման համար, սակայն գլխավոր ֆինանսական փաստաթղթում այդօրինակ հիմնավորումը բացակայում է: Այստեղից հետևություն. «խաղաղության խաչմերուկը» հերթական պոպուլիստական կեղծիքն է։ Ո՞վ է հաշվարկել ՀԱՊԿ - ի գործունեության բոյկոտի հետևանքները՝ համատեղ զորավարժություններին չմասնակցելուց մինչև հրաժարում նոյեմբերի 23-ի գագաթնաժողովին Մինսկ մեկնելուց:
ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՍՏԱՑԵ՞Լ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՑ Եվ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ: Ո՞վ կպատասխանի այն հարցին, թե ինչով է այդ սպառազինությունն ավելի լավը, քան այն, ինչ պատրաստ է տրամադրել Իրանը։ Ի՞նչ հիմնավորմամբ է Փաշինյանը խորհրդարանի բարձր ամբիոնից դատողություններ անում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ կողմերի ինքնիշխանության ու իրավահավասարության պահպանումով, երբ ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածք բռնազավթված է ադրբեջանցիների կողմից։ Հայտարարությունն այն մասին, թե ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, որպեսզի լեգիտիմություն չտա բռնազավթմանը, ամենաճղճիմ խեղաթյուրում է։ Միայն խոսնակ Ալեն Սիմոնյանը կարող էր ամենայն լրջությամբ մատնանշել այն «վտանգը», որով սպառնում է ՀՀ-ին Արցախի Հանրապետության պետական կառույցների պահպանումը…
Ռեժիմի վերնախավը զոմբիների խառնամբոխի տեղ է դրել ժողովրդին, որոնց կարելի է ներշնչել, թե Փաշինյանը հոգ է տանում պետության անվտանգության մասին և սպառազինություն է գնում բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու, այլ ոչ թե մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Զանգվածային գիտակցությունը ավելի քան 5 տարի շարունակ չի կարողանում համակերպվել այն մտքին, որ Փաշինյանն ու իր թիմը մշտապես ստում են պետության ապագայի մասին հոգացողության թեմայով, իրականում այդ կերպարները ջանքեր են գործադրում միայն անձնական հարստացման ուղղությամբ։
Երբ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատմում է պաշտպանական երկրորդ գծի ամրապնդման «աննախադեպ» (իրենց ամեն ինչը «աննախադեպ» է) միջոցառումների մասին, ակամայից հիշում ես 44-օրյա պատերազմից հետո մարտական դիրքերի ամրապնդման մասին Փաշինյանի նույնքան վստահ ճառը ԱԺ ամբիոնից։ Այդ ճառից 3 օր անց (2021թ. մայիսի 12) ադրբեջանցի զավթիչներն առանց գեթ մեկ կրակոցի ներթափանցեցին Սյունիքի Սև լճի տարածք և անմիջապես սկսեցին մարտական դիրքեր կառուցել ու կահավորել։ Այսօր Սյունիքի մի քանի համայնքներ զրկված են կանոնավոր ջրամատակարարումից։ Դրանց բնակիչներն ասում են, որ իշխանությունը ջրատարներ չի կառուցում, քանի որ տեսանելի հեռանկարում ողջ Սյունիքին սպասում է ադրբեջանցիների զավթած Շուռնուխի հատվածի ճակատագիրը…
Որևէ մեկը հաշվարկե՞լ է 2024թ. դեկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը կոշտ ցորեն ՀՀ արտահանելու ՌԴ կառավարության հավանական արգելքի հետևանքները։ Ռուսական աղբյուրներն ասում են, որ ՀՀ-ում կարող է մակարոնեղենի և հացաբուլկեղենի դեֆիցիտ առաջանալ։ Նախկին քվոտաները գործելու են Բելառուսի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, իսկ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը՝ ոչինչ բացառել չի կարելի։ Ավաղ, ռեժիմը չկարողացավ կանխատեսել նույնիսկ հեղուկ գազի գների հանկարծակի աճը (160 դրամից 220-ի) և «պրեմիում» մակնիշի բենզինի թանկացումը, որի մեկ լիտրն այսօր արժե ավելի քան 570 դրամ։
Այսօր Փաշինյանը միջազգային հանրությանը պատմում է «խաղաղության խաչմերուկի» մասին. «տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի» անխուսափելիության վերաբերյալ նախորդ ճամարտակությունից հետո ադրբեջանցիները 2022թ. սեպտեմբերին գրոհեցին ինքնիշխան Հայաստանի սահմանները, իսկ 2023թ. սեպտեմբերին «հակաահաբեկչական գործողության» ցուցանակի տակ իրականացրեցին արցախահայության ցեղասպանություն և բռնի տեղահանում։
Պոպուլիստական էյֆորիա բորբոքելով Ֆրանսիայից և Հնդկաստանից ռազմական տեխնիկայի գնման շուրջ (Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինությունների անհավասարակշռությունը հաշվարկվում է միլիարդավոր դոլարներով, հակառակորդի բանակն ունի 5 անգամ ավելի շատ տանկեր, 4 անգամ ավելի շատ հրետանային կայանքներ և այլն)՝ ռեժիմը ձգտում է շեղել ժողովրդի ուշադրությունը առկա սպառնալիքներից։ Մակրոնն, իր հերթին, լուծում է հայ համայնքի հետ փոխհարաբերությունների խնդիրը, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ «Բաստիոնների» մարտական հատկանիշների վրա նա թքած ունի, իրեն պետք են Ֆրանսիայի հայ քաղաքացիների ձայները։
Փաշինյանը կաշվից դուրս է գալիս՝ ժողովրդին համոզելու համար, թե Արցախի կորուստը վերջինն էր, և դրան չի հաջորդի Սյունիքի կորուստը։ Բավական է անտեսել ՀԱՊԿ-ին, և «Արևմուտքը կօգնի մեզ»՝ կանխելով Ադրբեջանի ագրեսիան։ Ժողովրդին ներշնչում են, թե ՀՀ-ն ունի անվտանգության երաշխիքներ, իսկ իրականում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այդպիսի երաշխիքներ չեն տալիս, իսկ ՀԱՊԿ-ի հետ Փաշինյանը շարունակում է փչացնել հարաբերությունները ծայրահեղ տգիտության և պայմանավորվելու անկարողության պատճառով։
Գունավոր այլանդակության առաջնորդը հաջողության է հասել միայն պոպուլիզմի դաշտում։ Նրա շրջապատը հրճված է Բաքվի հասցեին Վաշինգտոնի նախազգուշացումներով (իբր՝ ադրբեջանական զորքերի տեղաշարժերին հետևում են խոշորացույցով), ինչպես նաև ԱՄՆ կառավարության կողմից նվիրաբերված 16 մլն դրամ արժողությամբ «MITSUBISHI L 200» ամենագնացով։
«Անգրագիտության պատճառով Փաշինյանը չի հասկանում, որ տարածաշրջանում կա ընդամենը 2 հզոր բանակ՝ ռուսական և թուրքական։ Հեռացնելով դաշնակցին՝ ի դեմս ՌԴ-ի, անտեսելով Իրանի հետ բանակցությունները, Փաշինյանը հույսեր է կապում Արևմուտքի՝ Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի հետ։ Արևմուտքը գալու է տարածաշրջան՝ մեզ համար կռվելո՞ւ։ Թուրքիան թույլ է տալու, որ արևմտյան զինվորները գա՞ն։ Արևմուտքի դաշնակիցն այս տարածաշրջանում Թուրքիան է։ Ռուսաստանի հեռացումը Բրյուսելի միջով տանում է Անկարա»,- փաստեց Էդուարդ Շարմազանովը, որից հետո հարց հնչեցրեց. «Դուք լսած կա՞ք, որ անցած մեկ տարվա ընթացքում Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատած լինեն Թուրքիային, թե՞ մեզ ՌԴ բայրաքթարներն էին սպանում»։
Վաշինգտոնը չկարողացավ ազդել պաշտոնական Բաքվի դիրքորոշման վրա, Ալիևի մեղքով տապալվեց նոյեմբերի 20-ին Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Այն ամենը, ինչ հայտարարում է ռեժիմի վերնախավը մեր սահմանների անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասով, բացարձակ պոպուլիզմ է և խեղկատակություն։ Փաշինյանը պարում է Վաշինգտոնի և Լոնդոնի դուդուկի տակ, որոնց ամենևին չի հուզում ՀՀ ապագան, քանզի նրանց նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է։ Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցվել է, որովհետև ԱՄՆ-ին ձեռնտու չէ իրան-ադրբեջանական կոմունիկացիաների կառուցումը, այլ ոչ թե արցախահայերի ցեղասպանության պատճառով, ինչպես փորձում է ներկայացնել ռեժիմի քարոզչամեքենան:
Հետեվելով, թե ինչպես է Փաշինյանը հերթական անգամ փորձում խաբել ժողովրդին, Ալիևն ու Էրդողանը հասկանում են, որ իրենց ձեռքերն ազատ են։ Ինքնիշխան ՀՀ սահմանների դեմ նոր ագրեսիային ներսից կօժանդակեն զավթիչները, որոնք, կրկնեմ, մեր երկրի տարածքում են 2021 թվականից: 3 ամիս շարունակ բանակցություններ չկան, իսկ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից դատողություններ է անում «համաձայնեցված սկզբունքների», «տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման», Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանազատման և «հայրենասիրության նոր որակի» մասին։ Փաստ չէ, թե դեկտեմբերին Ալիևը կհամաձայնի հանդիպել Փաշինյանի հետ, հավաքական Արևմուտքի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, իսկ ռեժիմի վերնախավը շարունակում է խաղաղ ապագայի վարդագույն պատկեր հրամցնել՝ բթացնելով ժողովրդի զգոնությունը։
Մինչ հասարակության մտածող հատվածն ահազանգում է մոտալուտ նոր պատերազմի մասին՝ անվանելով «խաղաղության խաչմերուկը» թշնամիների պարտադրած ծրագիր, ռեժիմի պարագլուխը ձևացնում է, թե ի վիճակի է զերծ պահել երկիրը նոր կորուստներից, իսկ գործնականում հող է նախապատրաստում նոր զիջումների համար։ «Ազատության և խաղաղության բյուջեի» շուրջ պոպուլիստական կայթպարը, «գլոբալ հայեցակարգի փոփոխության» մասին հայտարարությունը (ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան) և ռուսատյաց հիստերիայի բորբոքումը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, սահմանազատումն ու հարակից գործընթացներն ընդամենը անուրջներ են։ Իրական քաղաքականության հետ այդ հավաքածուն ոչ մի կապ չունի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս փաստացի հերքեց իր շեֆի հայտարարությունը՝ մինչև այս տարեվերջ Ալիևի հետ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին: Պատերազմի վտանգը պահպանվում է։ Արևմուտքը չի գա այստեղ պատերազմելու. սա աքսիոմ է, որը լավ են յուրացրել Բաքվում ու Անկարայում։ Նոյեմբերի 24-ին Փաշինյանը կամփոփի քաղաքական տարին՝ հարցերին պատասխանելով հեռավար ռեժիմով։ Վերջին ասուլիսի արդյունքում նա կորցրել է լրագրողների հետ դեմ առ դեմ խոսելու ցանկությունը։ Այդ ասուլիսում, հիշեցնեմ, լրագրողները ռեժիմի պարագլխին ստիպեցին լսել շրջափակված Արցախի բնակիչների կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները։ Մարդիկ խոսում էին այն մասին, որ շրջափակումը Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, որը տանում է դեպի ցեղասպանություն…