ՓԱՇԻՆՅԱՆ. «ԿԱՇԱՌՔ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ՝ ՈՎ ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ»։ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՄՏԱՀՈԳ Է ՔՊ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ…
Նոյեմբերի 23-ին կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունից հետո Փաշինյանը զայրալից մենախոսություն պոռթկաց, որի էությունը հանգում էր հետևյալի արձանագրմանը. «Եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի վեադարձման առումով։ Ես չեմ համարում, որ այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է: Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի»։ «Ես նորից եմ ասում, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան»,- ընդգծեց ռեժիմի պարագլուխը այն դատողություններից հետո, թե «հենց որ բանը հասնում է կոնկրետ անունների, անմիջապես պարզվում է, որ մեկը համաշխարհային դեպք է, մեկը՝ ռեգիոնալ, մեկը՝ ազգային, մեկը՝ թաղային, մեկը՝ քաղաքային, մեկը՝ կրիմինալ է»։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պահանջեց շտապ կարգով դատավճիռներ կայացնել բոլոր աղմկահարույց գործերով։
Զգալով, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից, ռեժիմի պարագլուխը շահագործում է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի և տոտալ սեփականազրկման թեմայով հեղափոխական խոստումների կատարման մասին մաշված թեզերը։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ցուցանակի տակ իրականացվող կուլակաթափությունը փաշինյանական արդարադատության հենքն է, իսկ օրերս սեփական վարկանիշի վրա ազդելու փորձերին (որը մոտավորապես զրոյական մակարդակի վրա է) գումարվեց արտահերթ ընտրությունների պատրաստ լինելու թեզը, բայց նախ՝ դեկտեմբեր ամսվա ծրագրերի մասին։
ՔՊ-ի ղեկավարությունը Փաշինյանի հրամանով սկսել է ակտիվորեն նախապատրաստվել դեկտեմբերին կայանալիք 3-րդ քաղաքական ժողովին։ Առայժմ քննարկվում են ընդհանուր ժողովի անցկացման վայրն ու ժամկետները, ինչպես նաև պատվիրակների ցուցակը: Նման միջոցառումներին, որպես կանոն, մասնակցում են ՔՊ վարչության անդամները, կառավարության և խորհրդարանական մեծամասնության խմբակցության անդամները, ՏԻՄ մարմինների և ՔՊ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ընդհանուր ժողովի նախապատրաստման փուլում Փաշինյանը վարչության նիստերից մեկում դժգոհություն հայտնեց ղեկավար կադրերի աշխատանքից և սպառնաց, որ հաջորդ տարի կարող է ևս մեկ արտահերթ ընտրություններ անցկացնել, հաղթանակ տանել և ամբողջությամբ փոխել ղեկավար կազմը՝ իշխող կուսակցության վարչությունից մինչև կառավարություն և խորհրդարան: Ավելին. Փաշինյանը սպառնաց, որ արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում կարող է նոր ընդդիմություն հայտնվել։
Թեզը շրջանառության մեջ է դրվել բնավ ոչ պատահաբար։ Հասկանալի է, տեսականորեն ռեժիմի պարագլխին ձեռնտու է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի ընդդիմությանը թույլ չտա հիմնավորապես նախապատրաստվել, բայց ոչ հիմա, այլ հերթական ընտրություններից քիչ առաջ։ Ինչո՞ւ է նրան անհրաժեշտ նման կտրուկ քայլի դիմել հաջորդ տարի։ Գուցե դա պատասխանատվությունից խուսափելու փո՞րձ է. գնաց ժողովրդավարական ընտրությունների, պարտվեց, և հիմա թող հաջորդ իշխանությունը հատուցի ամեն ինչի համար։ Թող նա պատասխանատու լինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարման և պետականության կորստի համար…
Ինչևէ, արտահերթ ընտրությունների թեզն ի հայտ եկավ իր շրջապատից Փաշինյանի ծայրահեղ դժգոհության խորապատկերին։ Կաշառքներ, իրոք, վերցնում են ամենուր. զինկոմիսարիատներից մինչև պարեկային ոստիկանություն։ Լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են պատգամավորների կանանց ու ամուսինների ցուցակները, որոնք իրենց կողակիցների շնորհիվ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում իշխանական կառույցներում։ Շարունակ տեղեկություններ են ստացվում վարչական մարմիններում և ուժային կառույցներում կոռուպցիայի փաստերի բացահայտման մասին։ Փաշինյանը հասկանում է, որ կոռուպցիայի և հովանավորչության մոլեգնությունը հանգեցնում է զանգվածներին այն մտքին, որ ՔՊ-ն կրկնում է ՀՀՇ-ի բոլոր բացասական դրսևորումները՝ «Թեկուզ շվաբր լինի, բայց ՀՀՇ-ական» կադրային սկզբունքից մինչև «Մեր դեմ խաղ չկա» հայտնի կարգախոս։
ԿՈՐՑՆԵԼՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻ ՊԱՏԱՆԴԸ։ Զգալով ռեժիմի մոտալուտ հոգեվարքը՝ պարագլխի շրջապատը շտապում է հնարավորինս շատ բան պոկել անձնական հարստացման համար։ Ծառայանին լկտիանում է՝ գիտակցելով, որ «հեղափոխության» առաջնորդը զրկվել է «ներքևների» աջակցությունից, ուստի կաշկանդված է իր գործողություններում և ստիպված է հաշվի նստել իր սպասավորների ախորժակի հետ։ Պարագլխի շրջապատն աստիճանաբար դուրս է գալիս վերահսկողությունից, այնպես որ դժվար թե Փաշինյանը համարձակվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ 2024 թվականին՝ հաղթանակի ակնկալիքով։
Այդ որոշումը սպառնում է ապակայունացմամբ՝ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի վտանգ։ Սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունները ցավագին հարվածեցին նրա ինքնասիրությանը, նա հասկացավ, որ 2021 թվականից ի վեր ոչինչ չի փոխվել, և մայրաքաղաքը կրկին դեմ է ՔՊ-ին։ Փաշինյանը չի համակերպվել մի շարք համայնքների ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտության հետ, որտեղ առ այսօր ամեն կերպ փորձում է փոխարինել ընտրված ղեկավարներին իր դրածոներով։
ՔՊ-ի վարկանիշը չի համապատասխանում Փաշինյանի պահանջներին, նրան դուր չի գալիս, որ խորհրդարանական ընդդիմության փաստարկներն անմիջապես ընդունվում են ժողովրդի կողմից, որ օրեցօր ընդլայնվում է իրեն՝ դավաճան ու թուրքական խամաճիկ, իսկ իր կուսակցությունը՝ հարստանալու անհագ ծարավով բռնված ապաշնորհների հավաքույթ համարող մարդկանց շրջանակը։
Փաշինյանը գերազանց գիտակցում է կատարած հանցագործությունների ծանրությունն ու ծավալը, ուստի նրան ամուր թիկունք է պետք՝ ի դեմս կուսակցական ղեկավարության ու շարքերի, մինչդեռ օրեցօր նվազում է այն թիմակիցների թիվը, որոնք պատրաստ են կիսել պատասխանատվությունը վերջին տարիների իրադարձությունների համար։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների, որպեսզի ցույց տա, թե ժողովուրդը վստահում է իրեն՝ անկախ 5 հազար կյանքի և Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի կորստից։ Սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանությունից և բռնի տեղահանությունից հետո նա փորձում է ցույց տալ, թե ժողովուրդը համակերպվել է Արցախի կորստի հետ, ուստի չի մեղադրում իրեն, որ այսօր ներխուժման վտանգի տակ է հայտնվել ինքնիշխան Հայաստանի տարածքը։ Փաշինյանը հասկանում է, որ պարտվել է, ուստի ասեկոսեներ է տարածում արտահերթ ընտրություններին իբր պատրաստ լինելու մասին, որպեսզի ցույց տա իշխանության լեգիտիմությունը Արցախի կորստի խորապատկերին։
2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանի հրաժարականը կրել է ձևական բնույթ։ Նա ինքը խոստովանեց, որ 2021թ.արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամանակահատվածում իր ձեռքում է պահել ողջ իշխանությունը, իսկ նման դասավորության պարագայում մեր երկրում բարձր ցուցանիշների հասնելը դժվար չէ։ Եթե 2021 թվականին նա իսկապես հրաժարական տար, այլ ոչ թե վերահսկեր արտահերթ ընտրությունները, ապա ՔՊ-ն դժվարությամբ կհաղթահարեր անցողիկ շեմը։ Ինչևէ, ընդդիմությունը դժվար թե կուլ տա այդ խայծը։
Իր ողջ թուլությամբ հանդերձ՝ խորհրդարանական փոքրամասնությունը նյարդայնացնում է Փաշինյանին իրազեկ ու տեղեկացված մարդկանց առկայությամբ, որոնք, չնայած բոլոր ճնշումներին ու բռնաճնշումներին, կարողանում են իրենց խոսքը հասցնել ժողովրդին և ցույց տալ ռեժիմի իրական դեմքը։ Ճիշտ է, խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում համախմբել զանգվածներին ռեժիմի դեմ պայքարի, բայց դա ժամանակավոր երևույթ է։ Փաշինյանը չափազանց զգոն արձանագում է հասարակական տրամադրությունները, ուստի նա ցանկանում է ցեղասպանությունից և բռնի տեղահանությունից փոխադրել սլաքները արտահերթ ընտրություններին կուսակցությունների նախապատրաստության վրա. չէ՞ որ արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի համար այդ ընտրությունները կարող են խթան հանդիսանալ և ժամանակավորապես մթագնել գլխավոր նպատակը՝ իշխող ռեժիմի տապալումը։ Թեպետ, դժվար թե ռեժիմի պարագլուխն իրատեսական համարի արտահերթ ընտրությունների հեռանկարը, ամենայն հավանականությամբ՝ դրանց հիշատակումն այլ նպատակ էր հետապնդում…
Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով, այդ իսկ պատճառով Փաշինյանը նախընտրեց նախ զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018 թվականի մայիսի 8-ին, իսկ հետո արդեն առաջին արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին: Այսօր, երբ իշխանությունը հենվում է բացառապես քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական կամայականության վրա, նա գիտակցում է, որ իրավիճակը շտկելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ արտահերթ ընտրությունները սպառնում են անկանխատեսելի հետևանքներով։
Չնայած թվացյալ հանդարտությանը, երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, ընդդիմության ճամբարում լճացումը ժամանակավոր երևույթ է և ավելի շատ հիշեցնում է անդորր փոթորկից առաջ, իսկ փոթորիկը կճայթի, երբ բոլորի համար ակնհայտ դառնա, որ Արցախի կորստին հաջորդելու է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը և պետականության կորուստը:
Նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում պատասխանելով հարցերին, ռեժիմի պարագլուխը փորձում էր ձևացնել, թե երկրում կա գործունակ իշխանություն, որն ի վիճակի է կայացնել ողջամիտ որոշումներ, և որ ամենակարևորն է՝ պատրաստ է խոսել ժողովրդի հետ: Շոուն խայտառակ կերպով ձախողվեց կազմակերպիչների ապաշնորհության պատճառով։ Ակնհայտ էր, որ հարցերը հորինել ու նախապես բաժանել էր Փաշինյանի մամլո ծառայությունը, որ «վարչապետ ջան» էին արտասանում վարձատրված մարդիկ։ Ծայրահեղ անշնորհք աշխատանք։
Ցույց տալու ցանկությունը, թե արցախահայության ցեղասպանությունից և բռնի տեղահանումից հետո շարքային քաղաքացիներին հետաքրքրում են գլխավորապես կենցաղային խնդիրները, հանգեցրեց «համաժողովրդական հետաքրքրության» ճղճիմ նենգափոխման և ցույց տվեց ստի ու զանգվածային կեղծարարության վրա հիմնված ռեժիմի քաղաքականության ապիկարությունը։ Ողորմելի տեսարանը ձգեցին 8 ժամ՝ երկու ընդմիջումով…