ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻՆՆ Է…

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում դեռևս 1991 թվականին: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ համար էին հայերն ու ադրբեջանցիները կռվում Արցախյան առաջին ազատամարտում: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե անդարձելիության կետը 1996 թվականն էր: Իսկ է՛լ ավելի վաղ Փաշինյանն այդ առնչությամբ ինչ-որ բան էր ասում Լիսաբոնի գագաթնաժողովի մասին (1996թ.), թեև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ գագաթնաժողովի որոշման վրա Հայաստանը վետո էր դրել: Ի դեպ, դեկտեմբերի 3-ին լրացավ գագաթաժողովի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կազմով Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հաստատման 27 տարին:

Ռեժիմի քարոզչամեքենան զանգվածային գիտակցության մեջ հետևողականորեն մխում է այն միտքը, թե Արցախի ապագան Ադրբեջանի կազմում կանխորոշված էր դեռևս նախկին իշխանության օրոք։ Այդ առնչությամբ ուզում եմ հղում կատարել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի խոսքերին։ 2021թ. հունվարի 13-ին նա հայտարարեց, որ Արցախը միջազգային կարգավիճակ կստանար, 5 շրջանները կփոխանցվեին Ադրբեջանին, միջազգային խաղաղապահ զորակազմ կտեղակայվեր։ Արցախում կպահպանվեին զինված ուժերը, ներքին զորքերը, հայկական ոստիկանությունը և հայկական կառավարությունը։ Շուշին ու Հադրութը կմնային հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, ինչպեսև Լաչինն ու Քարվաճառը։

2009-2013թթ.համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը հանդես են եկել 5-ից ավելի հայտարարություններով, որոնցում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է պարտադիր:

Փաշինյանին են պատկանում նաև այն թեզերը, թե 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանին Արցախի պատկանելության հարցը լուծվել է վերջնականապես։ ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նույն թվականին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ փակ դռների հետևում համաշխարհային դերակատարներն իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա նշում ենք հընթացս, Փաշինյանի այն պատճառաբանությունների առնչությամբ, թե իբր՝ աշխարհը չէր ուզում ճանաչել Արցախը հայկական, ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից։ Իսկ ո՞վ էր այդ դեպքում պարտադրում Ալիևին ճանաչել հայկական երկրորդ հանրապետության անկախությունը։

1945 թվականից հետո աշխարհում միջազգայնորեն ճանաչված 56-57 պետություն կար, այսօր՝ ավելի քան 191։ Սա վկայում է այն մասին, որ ինքնորոշման սկզբունքը եղել է միջազգային իրավունքի աշխատող լծակ։ Ասենք, օրինակների հետևից հեռու չգնանք, քանզի ինքը՝ Փաշինյանը 2020թ. մայիսին հայտարարեց, թե ԼՂ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը իր արտաքին քաղաքականության առանցքային հարցն է։ Հետո հայտարարեց, որ բանակցում է «իր կետից» և «կառուցողական» ճանաչեց Ալիևի դիրքորոշումը, իսկ ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ, ակնհայտորեն փորձելով իր անձնական ջանքերին վերագրել այդ փաստը։ Այն ժամանակ Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ «Ակնան մեր հայրենիքն է», իսկ այսօր ասում է, թե 1996 թվականից ի վեր Արցախը ինքնորոշման հնարավորություն չի ունեցել:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս նշել է, որ «2019-ին Մինսկի խմբի համանախագահները Փաշինյանին հիանալի տարբերակ են առաջարկել»։ «Ադրբեջանին կվերադարձվեր ԼՂ սահմաննեից դուրս գտնվող ընդամենը 5 շրջան։ Ընդ որում ինքնավար հանրապետության տարածքը, Լաչինի ամբողջ շրջանը և Քելբաջարի շրջանը կմնային մեր վերահսկողության տակ, այլ ոչ թե այդ շրջանների միջանցքային հատվածը ենթակա կլիներ վերադարձման միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո։ Դա հիանալի որոշում էր, մենք կարող էինք 100 տարի վերահսկել այդ տարածքները խաղաղության պայմաններում...»,- հայտարարել է նա։

Ավաղ, այդ տարբերակը չէր համապատասխանում Դուշանբեի վերելակում Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածություններին (2018թ. սեպտեմբերի 28), ուստի մերժվեց։ Մի օր պատմաբանները կհստակեցնեն Արցախի հանձնման «պայմանավորված պատերազմի» սցենարի համաձայնեցման ճշգրիտ օրը։ 2020-ին այդ սցենարը չհաջողվեց ավարտին հասցնել ռուս խաղաղապահների մուտքի պատճառով, փոխարենը՝ Փաշինյանն ու Ալիևն արեցին ամեն ինչ, որպեսզի 3 տարի անց ապահովեն դրա ամբողջական իրագործումը շրջափակման և ցեղասպանության միջոցով։

Գիտակցելով իր հանցագործությունների մասշտաբները՝ Փաշինյանը խաղադրույք է կատարում քարոզչամեքենայի վրա, որը 7/24 ռեժիմով ժողովրդին ակնհայտ սուտ է ներշնչում, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել են դեռևս 1991-ին և 1996-ին, ուստի հայկական երկրորդ հանրապետությունը, իբր, անկախության ոչ մի տարբերակ չուներ։ Ուրեմն ի՞նչու էր Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքի ամբիոնից գոռում. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Մտածող հանրությունը չի հավատում Փաշինյանի քարոզչամեքենային, չէ որ նույնիսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Լիսաբոնի գագաթնաժողովում հայկական կողմը վետո է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին որոշման վրա. դա, կրկնեմ, 27 տարի առաջ էր՝ դեկտեմբերի 3-ին էր։

ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԻՇԽՈՂ ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԽՂՃԻՆ Է։ 2021 թ. մայիսի 12-ին զինված ադրբեջանցիների անարգել ներխուժումը Սև լճի տարածք նույնպես նրա խղճին է։ Դա Հայաստանը հանձնելու ծրագրի մասն է, որն այսօր իրականացվում է բոլորիս աչքի առաջ։ Ադրբեջանական զավթիչները վերահսկում են ինքնիշխան Հայաստանի ավելի քան 200 քառ. կմ տարածք, քանի որ ներխուժման պահին գործում էր Ալիևի հետ Փաշինյանի համաձայնեցրած «Չկրակե՛լ» գաղտնի հրամանը։

Այսօր Փաշինյանը շարժվում է «ադրբեջանական անկլավների» ճանաչման ճանապարհով՝ լեգիտիմ պայմաններ մատուցելով Ալիևին նոր պատերազմի համար, թեև դեռ մեկ տարի առաջ խոսում էր այն մասին, թե «անկլավների» առկայությունը ենթադրում է իրավական հիմնավորում։ Ի՞նչ է փոխվել: Ալիևը ինչ-որ բան «հիմնավորե՞լ» է։ Միջնորդների շրջանցմամբ երկկողմ բանակցությունները կարող են հանգեցնել միայն տարածքների կորստի։ Արցախի 9-ամսյա շրջափակումը, որն ավարտվեց սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանությամբ և բռնի տեղահանմամբ, սկսվեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց գրեթե անմիջապես հետո: Այդ ճանաչումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին էր, իսկ դեկտեմբերի 12-ին սկսվեց շրջափակումը։

Փաշինյանի կողմից «անկլավների» ճանաչումն ու Ալիևի հետ երկկողմ բանակցությունները կհանգեցնեն ինքնիշխան Հայաստանի տարածքների զավթմանն ուղղված ագրեսիայի։ Միջնորդներից հրաժարվելը միայն կհաստատի հայկական պետականության ոչնչացման համատեղ ծրագրի առկայությունը։ Երբ Ալիևը հարձակվի, թիկունքից հայկական զինված ուժերին կհարվածեն զավթիչները, որոնք ՀՀ տարածքում են 2021 թվականից ի վեր: Նրանց դիրքերը, հակառակ իշխանությունների հայտարարությունների, հագեցված են ծանր սպառազինությամբ, իսկ ադրբեջանցի զավթիչների ճշգրիտ թիվը, որոնք այս պահին ՀՀ տարածքում են, իշխանությունը թաքցնում է ժողովրդից: «Անկլավների» փոխանցումը անդառնալի հետևանքներ կունենա՝ պետականության կորստի տեսքով։ Փաշինյանի ու Ալիևի համատեղ ծրագիրն իրականացման փուլում է…