«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ -1

Լրագրողների ապարդյուն փորձերը՝ ստանալու «ՊՆ գործունեության ուղղություններից ո՞րն է վերահսկում պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը» հարցի պատասխանը, ամենաճշգրիտ վկայությունն են այն փաստի, որ իշխող վերնախավը շարունակում է հայկական զինված ուժերի ոչնչացման ուղեգիծը։ Փոխնախարարը չգիտեր հարցի պատասխանը, բայց ձևացրեց, թե որոշել է հարցաքննության ենթարկվող պարտիզան խաղալ։ Անհավատալի է, բայց փաստ. Երևանի քաղաքապետի աթոռից անմիջապես պաշտպանության փոխնախարարի աթոռին ցատկած Սարգսյանը միակն է Սուրեն Պապիկյանի տեղակալներից, որ զինվորական կոչում ունի։ Նա պահեստազորի լեյտենանտ է, ուսադիրներ է ստացել զորացրվելուց առաջ։ Սարգսյանը մասնագիտությամբ ֆինանսիստ է, նախքան քաղաքապետ ընտրվելը զբաղվել է բանկային վարկավորմամբ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՝ ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԸ, ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԵՏ Է: Երրորդը՝ Արման Սարգսյանը, 2018թ. գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից հասավ պետի աթոռին, այժմ զբաղեցնում է ավագ դպրոցի պատմության ուսուցչի տեղակալի պաշտոնը: Այստեղից էլ խաղաղ պայմաններում (!) մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշը հայկական բանակում. 47 մարդ՝ 2023 թվականին։

Ադրբեջանական բանակում վերոթվարկյալ բոլոր պաշտոնները զբաղեցնում են գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող զինվորականները։ ՀՀ զինված ուժերի նպատակաուղղված փլուզումը սկսվեց իշխանության հակասահմանադրական զավթումից անմիջապես հետո՝ գեներալակազմի նկատմամբ հետապնդումներով (գեներալ Յուրի Խաչատուրովի կալանավորումը, հաշվեհարդարը գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, գեներալ Վիտալի Բալասանյանի ձերբակալման փորձը, գեներալներ Արթուր Աղաբեկյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը և այլն)։ Հաղթանակի գեներալների դեմ ձեռնարկված հալածանքներին նվիրված են հարյուրավոր հրապարակումներ։ Հայոց պետականության վերացման գործողությունը սկսվեց բանակի փլուզումով, իսկ բանակի փլուզումը՝ գեներալակազմի վարկաբեկմամբ։ Բացի այդ, դեռևս 2022թ. ապրիլի 15-ին ՊՆ որոշմամբ ԶՈՒ-ին պատկանող անշարժ գույքի 71 միավոր, այդ թվում՝ ՊՆ աշխատակազմի նախկին շենքը, զորանոցները, շինություններն ու հողամասերը, օտարման նպատակով հատկացվեցին Անշարժ գույքի կոմիտեին…

Սեպտեմբերի 19-20-ին արցախահայության ցեղասպանությունից և տեղահանությունից հետո ՀՀ անվտանգության համակարգը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա։ ՊՆ-ն ղեկավարում են ռազմարվեստից հեռու մարդիկ, իսկ ռեժիմի վերնախավը մերժում է համագործակցությունը ռազմավարական գործընկերոջ հետ՝ ի դեմս ՌԴ-ի։ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իրեն հաջողվել է վերջ դնել հինգերորդ շարասյանը բանակում, պարզաբանում է պահանջում, ինչի մասին հայտարարեց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ հայտարարությունն իմաստազուրկ է, քանզի Փաշինյանն անուններ չի նշում։ Փոխարենը բոլորը հիշում են ռեժիմի պարագլխի մենախոսությունը խորհրդարանի ամբիոնից, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարները կատարել են ոչ թե իր, այլ մեկ ուրիշ պետության գլխավոր շտաբի հրամանները։ Խոսքը ՌԴ գլխավոր շտաբի մասին էր, իսկ Փաշինյանի մենախոսությունն ուղղված էր Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի դեմ, որի վրա է նա փորձում բարդել Շուշին հանձնելու մեղքը, թեև Արզումանյանը հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է պատերազմի լոկ վերջին 12 օրերին։

Բանակի հինգերորդ շարասյուն ասելով՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ այն 40 գեներալներին, որոնք ստորագրել էին իր հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտնի հայտարարության տակ, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր չհրաժարվեցին այդ պահանջից, ներկայիս գլխավոր շտաբի պետ գեներալ Էդվարդ Ասրյանի օրինակով։ Թեպետ, չտարվենք ենթադրություններով՝ հինգուկես տարվա ընթացքում իշխող ռեժիմի կողմից հայկական զինուժի լիակատար և վերջնական ջախջախման խորապատկերին։ Իրականությունը քողարկելու նպատակով շրջանառության մեջ է դրվել հայկական զինված ուժերի արդիականացման և վերակազմավորման մասին թեզը, իբր ՆԱՏՕ-ի մոդելով, կապված պրոֆեսիոնալ բանակի տեսակին անցնելու հետ։

Այս առնչությամբ տեղին է հիշեցնել ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի (այժմ՝ ՔԿ պետ) այն հայտարարությունը, որ համակարգից պետք է հեռանան այն աշխատակիցները, որոնք ուսում են առել ՌԴ-ում։ Այսօր ռեժիմի վերնախավը խոսում է անվտանգության ողջ համակարգի բարեփոխման մասին, ներառյալ վերջերս գործարկված Արտաքին հետախուզության ծառայությունը, որը ձևավորվում է բրիտանա-ամերիկյան մոդելով։

Հունվարի 19-ին լրանում է Գեղարքունիքի ազատ գյուղի մոտակա զորամասում 15 զինվորների մահվան տարելիցը: Այդ ժամանակից ի վեր զորակոչիկների մեծ մասի ծառայության պայմանները չեն բարելավվել։ Ռեժիմի վերնախավը միլիարդավոր դրամներ է ծախսում ամանորյա լուսավորության և կորպորատիվ խնջույքների վրա՝ հին մարտական դիրքերը կահավորելու և նորերը կառուցելու փոխարեն։ Իսկ ի՞նչ եղան իտալական արտադրության խոստացված մոդելային զորանոցները։ Հիշում եք, զորանոցում բռնկված հրդեհից հետո իշխանությունը պնդում էր, թե դրանք արդեն կես ճանապարհին են։ Դատավաքննության ընթացքում բացահայտվեցին այրված զորանոցում ծառայության սարսափելի մանրամասները. սպաների թմրանյութ ձեռք բերելուց մինչև զինվորներին ծեծի ենթարկելը: Ծնողները, ինչպես պարզվեց, ոչ միայն սնունդ են բերել իրենց նորակոչիկ երեխաներին, այլև սեփական միջոցներով էլեկտրաէներգիա և ջուր են քաշել զորանոց: Համանման պայմաններում է ժամկետային ծառայություն անցնում զինվորների մեծամասնությունը։

Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինության մատակարարումները ոչ մի կերպ չեն կարող ազդել տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության վրա։ Մասնագետների գնահատականները տարբեր են. շատերը վստահ են, որ ռազմական տեխնիկայի անվան տակ մետաղի ջարդոն է մտնում մեր երկիր։ Ռազմական տեխնիկան, որը փորձարկվել է զորավարժարանում, և այն, որը բարձր ցուցանիշների է հասել մարտական պայմաններում, ինչպես ընդունված է ասել՝ շատ տարբեր բաներ են: Մասնագետների գնահատականներով՝ մարտի դաշտում ՌԴ սպառազինությունն իրեն շատ ավելի լավ դրսևորեց, քան այն, ինչ Ուկրաինային մատակարարում են ՆԱՏՕ-ի երկրները...

2024-ի պետբյուջեում պաշտպանական հատկացումների չնչին ավելացումը վերջնականապես հաստատեց քաղաքականացված հանրության այն ենթադրությունները, որ ռեժիմի պարագլուխը շարունակելու է գնալ դեպի «տևական խաղաղություն» տարածքային զիջումների հաշվին։ Անվտանգությունը առաջնային ուղղությունն է՝ Ադրբեջանի ներխուժման մնայուն սպառնալիքի պայմաններում։ Ավաղ, ռեժիմի վերնախավն իրեն այնպես է պահում, ասես «ժողովրդավարության բաստիոն» պիտակը կարող է փոխարինել անվտանգության իրական համակարգին…

Հինգուկես տարում ՀՀ ԶՈՒ պաշտպանունակությունը նվազագույնի է հասցվել այն կերպարի նպատակաուղղված ջանքերով, որը խոստանում էր ելակով կերակրել զինվորներին և ազատել նրանց ծնողներին ներքնազգեստով ու կենցաղային այլ պարագաներով որդիներին ապահովելու հոգսից։ Հինգուկես տարվա ընթացքում ժողովուրդը վերապրել է 2020թ. 44-օրյա պատերազմը, 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանցիների ներխուժումը Սև լճի տարածք, ինչին հաջորդեց 3 մարզերի տարածքի սողացող բռնազավթումը: Ժողովուրդն ականատես դարձավ ինքնիշխան Հայաստանի տարածքում զավթիչների դիրքերի կառուցմանն ու կահավորմանը, ինչպես նաև այդ դիրքեր ռազմական տեխնիկա տեղափոխելու համար ճանապարհների կառուցմանը...

2021թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ մեկօրյա դիրքային պատերազմը, իսկ 2022թ.սեպտեմբերին՝ ադրբեջանական զինուժի ագրեսիան ՀՀ սահմանների դեմ և խորացումը ինքնիշխան պետության տարածքում։ Վերջին առաջխաղացումը գարնանն էր. սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիները 300 մ խորացան հայկական տարածքում։ Դրա հետևանքով ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ չորս հայ զինվորական զոհվեց։

Նախքան 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման սկսվելը՝ Փաշինյանը Ալիևի պահանջով Արցախի Հանրապետության տարածքից դուրս բերեց ՀՀ տարածքում գրանցված զինվորականներին։ Արցախահայության ցեղասպանությունից և տեղահանությունից հետո սահմանների ամրացմանն ուղղված որևէ գործողություն իշխող ռեժիմը չի ձեռնարկել, թեև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բազմիցս խոսել է պաշտպանական երկրորդ գծի «աննախադեպ» ամրապնդման մասին։

Այդ խոսակցությունները, ինչպեսև սպառազինության ներկրումը, զուտ պոպուլիստական բնույթ են կրում։ Ռեժիմն անջրպետվում է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից՝ շեփորելով 400 մլն դոլարի մասին, որ հայկական կողմը փոխանցել է զենք գնելու համար, սակայն ռուսական կողմը չի կատարել մատակարարման իր պարտավորությունները։ Է՛լ ավելի պոպուլիստական բնույթ է կրում քարոզչամեքենայի արձագանքը Ալիևի վերջին «խաղաղասիրական» հայտարարությունների առնչությամբ։ Նկատի առնելով փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները՝ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու մասին Ալիևի հռետորաբանությունը զուտ նախընտրական բնույթ է կրում։

Սուլթանը հասկանում է, որ իր ժողովուրդը չի ուզում պատերազմել, ուստի տարածաշրջանում խաղաղության հասնելու «պատմական հնարավորության» վերաբերյալ բոլոր հավաստիացումները տուրք են նախընտրական պոպուլիզմին և փորձ՝ հնարավորինս հետաձգելու Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որն Արևմուտքի աչքում հավասարազոր է Հայաստանի տարածք չներխուժելու մասին ստորագրության։ Վերջին օրերին Ալիևի ասածներից ուշադրության է արժանի միայն այն ռեպլիկը, որ խաղաղություն հնարավոր է նաև առանց միջպետական համաձայնագրի ստորագրման՝ ՌԴ-ի և Ճապոնիայի օրինակով։ Բայց ռուս-ճապոնական սահմանին զինվորականները չեն մահանում դիպուկահարի կրակոցներից։

Հայկական զինված ուժերի ոչնչացման գործընթացը 2018 թվականից ի վեր մեկ օր անգամ չի դադարել, քանզի դա հայոց պետականության վերացման գլխավոր բաղադրիչն է։ Ի դեպ, ինչո՞վ բացատրել այն փաստը, որ «Կյանքի խոսք» և «Եհովայի վկաներ» աղանդների հետևորդների զորակոչային տարիքի որդիները անպատիժ խուսափում են բանակային ծառայությունից: