Սիրանուշ Սահակյան․ Ռուբեն Վարդանյանը Արցախի խնդրին միջազգային հնչեղություն է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուբեն Վարդանյանի մասով կա այն տարբերակիչ հատկանիշը, որ նա զինվորական չէ, չի եղել ինքնորոշման պայքարի վաղ ակունքներում, սակայն պետական պաշտոն զբաղեցնելով Արցախում, նա հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը Արցախի խնդրին ու իրավիճակին, իր անձով պայմանավորված հարցին տվել է միջազգային հնչեղություն: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանին կարելի է ռազմագերի համարել:

 


«Մենք նաև տեսել ենք, որ Ադրբեջանի ղեկավարը ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չմոռանանք որ որոշ գործողությունների համար որպես նախապայման դրվել էր հենց Ռուբեն Վարդանյանի պաշտոնից հեռացումը:

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, որը բացառապես օրինական է եղել, Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես հակաադրբեջանական, և կարծում եմ, որ իր տեսակետների և գործունեության հատկանիշով է անձը հետապնդվում, որը վերջինիս դարձնում է քաղբանտարկյալ»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:

Նա նկատեց, որ յուրաքանչյուրի գործունեությունն ունի առանձնահատկություններ, բայց ընդհանրություն այն է, որ նրանք իրենց օրինական, թույլատրելի գործունեության համար են ենթարկվում պատժի: Եվ այդ գործունեությունը Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես ի շահ Արցախի և հակաադրբեջանական:

News.am