ՆՈՒՅՆ «ՔԱՐՏԵԶԱԳՐԻ» ԵՐԿՈՒ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

Ըստ երևույթին, դուք մոռացել եք ձեր հիանալի անձնագրի մասին, Հայաստանի մեծարգո քաղաղաքացիներ։ Այն կոչվում է «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր», տպագրվել էր 500 հազար օրինակ տպաքանակով և կոչ էր անում քաղաքացիներին «այո» ասել Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հանրաքվեին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի մասով։ Հանրաքվեն նշանակված էր 2020 թվականի ապրիլի 5-ին։ Ի՞նչ եղավ հետո, հիշո՞ւմ եք, իմ հպարտնե՛ր։

ՀԻՇԵՑՆԵՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈՒԽ ՊՐԾԱՑՐԻՆ ԱՌԱՆՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՓՈՓՈԽԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱԽՏԵԼՈՎ ԱՅՆ։ Հաշվեհարդար տեսան ՍԴ անհաճո անդամների հետ, համարյա բոլորի։ Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, դա դեռևս երջանկագույն ժամանակաշրջան էր «հպարտների» համար, որոնք հավատացել էին խաբեբային։ Որովհետև մեր պատմության մեջ դեռ տեղի չէր ունեցել 2020 թվականի աշնան 44-օրյա պատերազմը, տեղի չէր ունեցել բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի զավթումը և, վերջապես, հայերի գաղթը Արցախի Հանրապետությունից 2023 թվականի սեպտեմբերին։

Խորամուխ չեմ լինի նրա մեջ, ինչը հայտնի է բոլոր ողջամիտ մարդկանց։ Պարզապես նայեք այն քարտեզին, որ պատկերված է ձեր «հպարտի» անձնագրի կազմին, և այն մյուսին, որը վարչապետն անընդհատ իր «հպարտների» քիթն է խոթում 2024 թվականի վերջին շաբաթներին։

Միայն քաղաքականապես տխմարներն ու տհասները կարող էին, հաճոյանալով միամիտ «հպարտներին», այդպիսի քարտեզ տպել անձնագրի կազմին՝ «Հայաստանի Հանրապետություն» բառերի տակ։ Միայն ազգային շահերի դավաճանները կարող են այսօր թափահարել Հայկական ԽՍՀ-ի ուրվագիծը պատկերող թիթեղի կտորը, հաշվի չառնելով, որ նույն այդ Ալմա-Աթայում 1991-ի դեկտեմբերին միութենական հանրապետությունների սահմանները ճանաչելիս խոսք անգամ չկար Արցախի մասին։ Այդ ժամանակ նա ամենաօրինական հիմունքներով (խորհրդային օրենքների համաձայն) դուրս էր եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից։ Եվ Արցախը Ադրբեջանի մաս անվանել կարող են միայն Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը։

Այսօր նա ձեռքին թիթեղի մի նոր կտոր է թափահարում։ Ուշադիր նայեք դրան։ Մտապահե՛ք։ Ի՞նչ իմանաս, թե վաղը ինչ է հրամցնելու։ Ի դեպ, եթե ձեզ մոտ պահպանվել է այդ «անձնագրի» մի օրինակ, նայեք, թե տեքստում որքան այլ ստեր կան։ Պարզվում է, որ 2020-ի ապրիլին իշխանություններն արդեն կրճատել էին արտագաղթը 88,6%-ով, բարձրացրել 1 մլն մարդու աշխատավարձ, ներառյալ թոշակառուներին, և հասել տնտեսական ամենամեծ աճին Եվրոպայում։ Իսկ Երևան-Հռոմ տոմսն արժե 40 եվրո…

Համեմատեք այդ երկու քարտեզները, մեծարգո «հպարտներ»։ Եվ նկատի առեք, որ սնապարծությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է։ Ժամանակը չէ՞, վերջապես, հասկանալու, թե ուր է տանում բոլորին «ժողովրդավարության բաստիոնի քարտեզագիրը»։