Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի խորքին, եթե Թեհրանն իր տարածքից հարձակում ձեռնարկի

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և արտգործնախարար Իսրայել Կացը չորեքշաբթի սպառնացել են, որ եթե Իրանն իր տարածքից հարձակում ձեռնարկի, Իսրայելը պատասխան հարվածը կհասցնի Իրանի խորքին։

Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի հյուսիսում տեղակայված զորքերի առջև ելույթ ունենալիս Գալանտը հայտարարել է, որ երկրի վրա ցանկացած հարձակում կհանդիպի ուժեղ պաշտպանության, այնուհետև «հզոր պատասխան կհասցվի հենց հարձակվողի տարածքին»:

«Այս պատերազմում մեզ վրա հարձակվում են մի քանի ճակատներից... տարբեր ուղղություններից։ Ցանկացած թշնամի, որը կհանդգնի հարձակվել մեզ վրա, առաջին հերթին կհանդիպի ուժեղ պաշտպանության», - նշել է Գալանտը:

«Մենք, սակայն, կիմանանք՝ ինչպես շատ արագ արձագանքել՝ վճռական հարձակողական գործողություններ կատարելով այն երկրի տարածքի դեմ, որը կգրոհի մեր տարածքը, Մերձավոր Արևելքի որ հատվածում էլ այն լինի», - շեշտել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

«Մենք ունենք այդ հնարավորությունը», - շարունակեց Գալանտը, շեշտելով, որ Իսրայելի վերջնական պատասխանը կլինի «չափազանց, չափազանց արդյունավետ, և չափազանց հզոր»:

Գալանտը նշել է, որ Իսրայելի՝ այս տարիների ընթացքում գրանցած առավելություններից մեկն էլ այն է, որ թշնամին երբեք չի իմանա՝ ինչ անակնկալներ ենք պատրաստել իրենց համար:

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն X-ի իր միկրոբլոգում եբրայերեն գրել էր, որ եթե Իրանը հարձակվի իր տարածքից, Իսրայելն ի պատասխան կհարձակվի Իրանի վրա։

Նույն հայտարարությունը նա կրկնել էր պարսկերեն ուղերձում և հղում դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Խամենեիի պաշտոնական էջին:

News.am